«Ես մինչև վերջին պահը չէի կողմնորոշվում, թե ում է հարկավոր մեկնարկային կազմում դաշտ դուրս բերել՝ Ռոբերտոյի՞ն, թե՞ Կեսիեին: Արդյունքում, երկուսն էլ գոլ խփեցին»,- մարտի 19-ին կայացած հաղթական «Էլ կլասիկոյից» (2-1) հետո խոստովանեց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին:
«Բարսելոնա» - «Ռեալ» Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում մրցավարի վերջին սուլիչից հետո բոլորը շտապեցին շնորհավորել կոտիվուարցի կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեին, որն ավելացված ժամանակում հաղթական գոլ խփեց։ Սակայն Լա լիգան հանդիպման լավագույն խաղացող ճանաչեց Սերժի Ռոբերտոյին, որն առաջին խաղակեսում հավասարեցրել էր հաշիվը:
2017 թվականի մարտի 8-ից Ռոբերտոն յուրահատուկ տեղ ունի «Բարսելոնայի» երկրպագուների սրտում, քանի որ հենց նա ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի անմոռանալի խաղում խփեց որոշիչ՝ 6-րդ գոլը: Դրանից 1,5 ամիս անց իսպանացին ևս մեկ անգամ առանձնացավ, երբ Մադրիդում կայացած «Էլ կլասիկոյի» ավելացրած ժամանակում սկսեց փայլուն անհատական անցում, որն ավարտվեց «Բարսելոնայում» Լիոնել Մեսիի 500-րդ գոլով և հաղթանակով (3:2):
Այդ մասին ֆուտբոլասերները լավ գիտեն, բայց Ռոբերտոն այլ պատճառներով նույնպես շատ հետաքրքիր կերպար է: VNews-ը ներկայացնում է Սերժի Ռոբերտոյի մասին անհայտ կամ քիչ հայտնի փաստեր:
1. Սերժին կատալոնացի է, 14 տարեկանում նրան «Խիմնաստիկի» մարզադպրոցից հրավիրել են «Լա Մասիա» («Բարսելոնայի» ակադեմիա), իսկ 18 տարեկանում արդեն նորամուտն է նշել «Բարսելոնայի» գլխավոր թիմում: Այս պահին նա արդեն 342 հանդիպում է անցկացրել կատալոնական գրանդի կազմում: Այդ խաղերում խաղացել է 8 տարբեր դիրքերում:
2. Ռոբերտոն տարված է համակարգչային խաղերով, հատկապես՝ NBA 2K-ով: Նա շատ է սիրում դիտել բասկետբոլը, բայց էլ ավելի շատ զբաղվում է NBA-ի համակարգչային խաղով: 31-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է՝ խաղում է թիմակիցների, ընկերների և նույնիսկ անծանոթ մարդկանց հետ:
3. Կատալոնացի ֆուտբոլիստի համար շատ դժվար կլիներ, եթե աշխարհում չլինեին ռեստորանները, սնունդ պատվիրելու հնարավորությունը կամ տանը կերակուր պատրաստող: Սերժին խոստովանել է, որ առավելագույնը, ինչ կարող է պատրաստել, հասարակ աղցանն է:
4. Ռոբերտոն պատանեկան տարիքում շատ կատակասեր էր: Նա կարող էր «Լա Մասիայում» յուրաքանչյուր ֆուտբոլիստի հունից հանել որևէ անսովոր արարքով: Հիմնականում դրանք հիշեցնում էին «Տանը միայնակ» ֆիլմում Քևին Մաքալիսթերի ստեղծած ծուղակները: Սերժին մեկ անգամ նույնիսկ իր նախկին թիմակից Անդրի Կարմոնային այնպիսի ծուղակն է գցել, որ վերջինս ընկնի աստիճանից, երբ հենակներով էր տեղաշարժվում:
Դա դաժան օրինակներից էր: Ավելի թեթև կատակներից է եղել նույն Կարմոնայի հեռախոսում զարթուցիչը 6 ժամով փոխելը, որպեսզի նա քննությունից շատ ավելի շուտ արթնանա և հետո չկարողանա քնել:
5. Կիսապաշտպանը հավատարիմ է «Բարսելոնային»: 2022-ի ամռանը սպառվեց նրա պայմանագրի ժամկետը, որով ստանում էր տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած հսկայական պարգևավճարներ: Ռոբերտոն ակումբին ընդհառաջ գնաց և համաձայնեց աշխատավարձի զգալի կրճատման։
«Այժմ ես ստանում եմ այնքան, որքան «Բարսելոնա Բ»-ից գլխավոր թիմ տեղափոխված երիտասարդները: Բայց ես հպարտ եմ դրանով, որովհետև ինձ համար կարևորը «Բարսային» օգնելն ու հաճույք ստանալն է, այլ ոչ թե գումար վաստակելը»,- ասել է ֆուտբոլիստը:
6. Ռոբերտոն անգլոման է: Նա սիրում է Անգլիայի և ընդհանրապես Մեծ Բրիտանիայի հետ առնչվող գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ երաժշտությունը: Մեկ անգամ նա Coldplay-ի համերգին ներկա լինելու համար հատուկ մեկնել է Կոպենհագեն, որտեղ շրջագայություն էր կատարում բրիտանական ռոք-խումբը:
7. Սերժին այն քիչ ֆուտբոլիստներից է, որը հաջող կարիերային զուգահեռ հասցրել է բարձրագույն կրթություն ստանալ: Կատալոնացին դիպլոմ է ստացել բիզնեսի կառավարում և մենեջմենթ մասնագիտությամբ:
8. Ռոբերտոն ամուսնացած է Կորալ Սիմանովիչի հետ: Նրանց ծանոթացրել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Մարկ Բարտրան: Կորալը ծնվել է ԱՄՆ-ում, բայց հետո տեղափոխվել է հարազատ Իսրայել, որտեղ 2 տարի ծառայել է բանակում, այնուհետև դիզայների կրթություն ստացել: Այժմ Սիմանովիչը հայտնի մոդել է: Նրա իսնտագրամյան էջն ունի ավելի քան 800 հազար հետևորդ:
9. Սերժին մտադիր է 2-3 տարի անց տեղափոխվել ԱՄՆ։
«Շատ ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել MLS: Խնդիրը գումարը չէ, որովհետև այնտեղ աշխատավարձերի շեմ կա: Պատճառն ԱՄՆ-ում խաղալու փորձն է: Բացի այդ, ԱԱ-2026-ն անցկացվելու է Միացյալ նահանգներում, ինչն էլ ավելի կամրապնդի MLS-ը»,- հայտարարել է կատալոնացին:
10. «Բարսելոնայի» ֆուտբոլիստն կարիերայի առաջին գոլը խփեց «Էլ կլասիկոյում», բայց քչերին է հայտնի, որ կարիերայում ամենաշատ գոլային փոխանցումները Ռոբերտոն կատարել է հենց մադրիդցիների դեմ խաղերում՝ 6 ասիստ: Հետաքրքիր է, որ այդ 6 ասիստներից 5-ը նա կատարել է Լուիս Սուարեսին: Նաև ուշագրավ է, որ 2017-2019 թվականներին Սերժին «Էլ կլասիկոյում» գոլային փոխանցում է կատարել 4 անընդմեջ խաղում:
11. Սերժի Ռոբերտոն դառնալու է «Բարսելոնայի» հաջորդ ավագը, երբ Սերխիո Բուսկետսը հեռանա ակումբից: Նա «Բարսայի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2024 թվականը, իսկ Բուսկետսի համաձայնագրի ժամկետը սպառվում է առաջիկա ամռանը: