Logo

Երևանն առաջին անգամ «ձմեռային եզրափակիչ» կընդունի․ «Նոայի» քայլերը որոշիչ խաղերին ընդառաջ

Հեղինակ
Արման Աբելյան
10:44 / 11.12.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նոան» կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում իր վերջին 2 հանդիպումները: Հայաստանի փոխչեմպիոնը, որը 4 միավորով 26-րդ տեղում է, դեկտեմբերի 12-ին Երևանում կմրցի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի (7 միավոր) դեմ, իսկ մեկ շաբաթ անց կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տոպոլային» (4 միավոր):

Ռուի Մոտայի թիմի համար խիստ կարևոր էր տանն իսլանդական «Վիկինգուրին» հաղթելը, բայց ոչ-ոքի գրանցվեց: «Նոային» այս 2 բարդ խաղերում առնվազն 4 միավոր է անհրաժեշտ մրցաշարում պայքարը շարունակելու իրական հնարավորության համար: 1-8-րդ տեղերը գրաված թիմերը հայտնվելու են Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլում, իսկ 9-24-րդ տեղերում հանգրվանածներն անցկացնելու են իրար միջև անցումային խաղեր:

ԱՊՕԵԼ-ի դեմ մրցավեճը, ըստ էության, եզրափակիչի նշանակություն ունի: Իսկ ձմռանը հայկական ֆուտբոլում նման նախադեպ չի եղել: «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում խաղացել է դեկտեմբերին, բայց արդեն կորցրել էր պայքարը շարունակելու շանսը: Իսկ «Փյունիկի» «եզրափակիչը» «Բազելի» դեմ 2022-ի նոյեմբերին էր: Դե իսկ ազգային հավաքականը ձմռանը «խոր քուն» է մտնում:

FastNews-ը ներկայացնում է այն հիմնական գործոնները, որ «Նոան» պետք է բարելավի որոշիչ 2 հանդիպումներին ընդառաջ: 

Դառնալ ավելի անկանխատեսելի

«Նոան» որակավորման փուլում խաղում էր նոր կազմով և մարզչով ու հանելուկ էր շատերի համար: Բայց նրան հիմա բոլորը շատ լավ են ճանաչում: «Նոան» չի փոխում իր խաղաոճը, դա չէր արել նույնիսկ «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» դեմ խաղալիս: Թիմը միշտ դավանում է կոմբինացիոն ֆուտբոլ ու կիրառում բարձր պրեսինգ 4-4-2 սխեմայով: Հիմնական սխեման 4-3-3-ն է, Եվրոպայում հաճախ է կիրառվում նաև 2 հենակետայինով խաղը՝ 4-2-3-1-ը:

«Նոայի» խնդիրն այն է, որ այժմ մրցակիցների համար բավականին ընթեռնելի են դարձել ոչ միայն խաղաոճը, այլև՝ դրա դետալները: Մրցակիցները գիտեն, որ գրոհելիս հենակետայիններից որևէ մեկը նահանջելու է ու խորքից կառուցելու գրոհը, եզրային պաշտպանները բարձր են տեղակայվելու, և այդպես շարունակ: Խաղաոճ փոխել պետք չէ, այն ներդրված է, պետք է ավելի ճկուն լինել դրա շրջանակում՝ նկատի ունենալով նաև մրցակցի գործոնը:

Այս հարցի նշանակությունը երևաց նաև վերջին խաղերում: Օրինակ՝ «Վիկինգուրը» «Նոայի» դեմ հանդիպման համար փոխել էր իր սխեման, ինչի շնորհիվ որակյալ բարձր պրեսինգի էր դիմում: Հետագայում Մոտան էլ խոստովանեց, որ մրցակցի նման քայլն անակնկալ էր իր համար: Այդպիսով, իսլանդական թիմը թույլ չէր տալիս գրոհներ սկսել կարճ փոխանցումներով: «Նոան» այդ խաղում գնդակ կորցրեց շատ ավելի հաճախ, քան սովորաբար:

Fastex Պրեմիեր լիգայում գրեթե նույն քայլին չեմպիոն «Փյունիկն» էր գնացել «Նոայի» դեմ խաղալիս: Եղիշե Մելիքյանի թիմը ևս մեկ խաղակես զսպեց մրցակցին: «Նոան» այդ հանդիպումը հաղթեց 3-1 հաշվով, բայց՝ այլ գործոնների շնորհիվ: Եվ այստեղ ներքին առաջնությունը մի փոքր այլ հարց է: Այնտեղ «Նոան» նույնիսկ դժվարության հանդիպելու դեպքում կարող է հաղթել պարզապես բարձր կարգի հաշվին: Եվրոպան այլ պատմություն է:

Մոտային սովորաբար հաջողվում է փոփոխություններով դրականորեն ազդել խաղերի վրա, բայց «Վիկինգուրի» դեմ հանդիպմանը լրիվ հակառակն էր: Չնայած ունեցած 4-5 գոլային պահերին, «Նոան» իր լավագույն մակարդակին չէր: Զգացվեց նաև թիմի կենտրոնի առանցքային մասնիկ Գուստավո Սանգարեի բացակայությունը: Բայց փոփոխությունները Մոտայի ծրագրի մի մասն են, ու դրանք ևս կարող են որոշիչ լինել առաջիկա հանդիպումներում:

Գոլերի խիստ պակաս

«Նոան» մրցաշարի վերջին 3 խաղերում գոլ չի խփել: Հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, որը որակավորման փուլում 6 գոլ էր գրանցել, դեռ հաջողության չի հասել հիմնական փուլում: Մատեուս Այասը գոլ է խփել 1-ին տուրում «Մլադա Բոլեսլավի» դարպասը: Երկուսի արդյունավետությունն էլ նվազել է նաև Fastex Պրեմիեր լիգայում, թեև Գրեգորիուն վերջին տուրում փոքր-ինչ շտկեց իրավիճակը: Իսկ Այասը շատ է օգնում թիմին նաև գրոհների կառուցման փուլում:

«Չնայած հարձակվողների արդյունավետության նվազմանը, շարունակում ենք գոլեր խփել: Ինձ համար նշանակություն չունի՝ գոլ է խփում հարձակվողը, թե՝ Պաբլոն կամ Չանչարևիչը: Ինձ համար գոլը գոլ է: Չեմ անհանգստանում մեր հարձակվողների համար: Նրանք պահեր են ստեղծում թիմակիցների համար, տարածություններ բացում: Երբեմն գոլ են պահանջում միայն հարձակվողներից, բայց մեր թիմում բազմազանություն կա»,- նշել էր Մոտան:

Ըստ FBRef-ի վիճակագրության՝ «Նոայի» XG-ն (ստեղծած պահեր) մրցաշարում 3,5 է, առաջիկա մրցակիցներից «Բաչկա Տոպոլայինը»՝ 6,7: Այնպես որ, պետք է ավելի շատ ստեղծել ու ոչ միայն հեռվից հարվածներով կամ ստանդարտներով: «Նոայում» սրություն են ստեղծում ոչ միայն հարձակվողները: Կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը Կոնֆերենցիաների լիգայում 6 հարված է կատարել դարպասին և մրցաշարի լավագույն տասնյակում է:

Հաջողված դրիբլինգով կիսապաշտպան Վիրջիլ Պինսոնը մրցաշարի առաջատարն է (13): Fastex Պրեմիեր լիգայում վերջերս թիմում լավագույնն Ուլադ Օմարն է։ Նա շատ լավ է դիրք ընտրում և սրում խաղը: Մարոկկացին արդեն 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ավելին կարելի է սպասել նաև Գոռ Մանվելյանից ու Հելդեր Ֆերեյրայից: «Նոան» ստանդարտներից գոլերով լավագույնն է Հայաստանում, պետք է դա կիրառել նաև Եվրոպայում:

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 4 խաղից 3-ում միասին 1 գոլ է ընդունել: Ընդհանուր հուսալի է պաշտպանական գիծը, որին շատ է օգնում Գուստավո Սանգարե-Յան Էտեկի հենակետային զույգը: Օգնյեն Չանչարևիչն էլ արդեն 22 սեյվ է գրանցել: Բայց «Չելսիից» բաց թողած 8 գոլը մեծ խնդիր է, քանի որ շատ է ազդում խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության վրա: Դա կարող է վճռորոշ լինել մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքի առումով:

Արտագնա խաղերի ուժը

«Նոան» որակավորման 1-ին փուլում հյուրընկալվելիս հաղթեց «Շկենդիային»: Իսկ դրան հաջորդած 5 արտագնա հանդիպումներում հաղթանակ չի գրանցել՝ 1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած ընդամենը 1 գոլ: Իհարկե, խաղերը միանման բովանդակություն չեն ունեցել: «Չելսին» և ԱԵԿ-ը մի պատմություն են, «Ռուժոմբերոկը»՝ լրիվ այլ: «Բաչկա Տոպոլայի» դեմ խաղը որոշիչ կլինի, եթե ԱՊՕԵԼ-ի դեմ հաջողվի գոնե 1 միավոր վաստակել:

«Նոան» դրսում մրցում է ուժեղ թիմերի դեմ, ու պակաս կարևոր չէ աղմկոտ ստադիոնների գործոնը: Կարելի է նշել նաև «Ռապիդի» մասին, որի ստադիոնում ևս մթնոլորտը պայթուցիկ էր: Բայց Հայաստանի փոխչեմպիոնն այնտեղ առաջին կեսում դիմացավ ճնշմանն ու երկրորդում կարող էր նույնիսկ ոչ-ոքի կորզել: Այնպես որ, պետք է լրացնել արտագնա խաղերում հաղթանակների բացը: Թիմը փորձառու է և ճնշմանը կարող է դիմանալ:

Հոգեբանություն՝ անել վերջին քայլը

Հայաստանի հավաքականին այս խնդիրը հաճախ է հետապնդել: Ազգային թիմը մոտ է եղել ինչ-որ կարևոր նվաճման, 1-2 քայլ է բաժանել, ու հենց այդտեղ սկսվել են սայթաքումները: Վերջին օրինակը Եվրո-2024-ի որակավորման փուլն էր: Պահ է գալիս, երբ տվյալ խաղում պետք է հաղթել ամեն գնով: Եթե չի ստացվում տակտիկայի կամ այլ գործոնների շնորհիվ, դա պետք է անել բնավորությամբ կամ ինչ-որ այլ բանով: Հիմա հենց դա է ակնկալվում «Նոայից»:

Թեև այստեղ արտասահմանցի ֆուտբոլիստները շատ են, միևնույն է, զգացվեց նույն հոգեբանական խնդիրը: Բոլորն էին հասկանում՝ «Վիկինգուրին» հաղթելը պարտադիր էր, այն թիմին կմոտեցներ իր նպատակին: Ակնհայտ էր, որ «Վիկինգուրը» հիանալի թիմ էր, բայց՝ համեմատաբար անցանելի «Ռապիդի» կամ ԱՊՕԵԼ-ի համեմատ: Դա էլ հավանաբար որոշ չափով ճնշեց «Նոային»:

Գալիս է մյուս «քննության» պահը: «Նոայի» այս թիմն արդեն ապացուցել է, որ կարող է հոգեբանորեն ուժեղ լինել: Չէ՞ որ միայն այդպես կարելի էր պայքարից դուրս թողնել հունական ԱԵԿ-ին: «Նոան» դիմացավ դրսի հանդիպման սոսկալի ճնշմանը: Միայն այդպես կարելի էր խաղ վերադառնալ «Ռուժոմբերոկի» դեմ որակավորման փլեյ-օֆֆի պատասխան մրցավեճում, երբ թիմը 10 ֆուտբոլիստով էր մնացել, ու շարունակել պայքարը:

Օրերս նման մի մարտահրավեր էր նաև Fastex Պրեմիեր լիգայում: Մոտայի թիմը չեմպիոնության հավակնորդ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում 17-րդ րոպեից մնացել էր 10 ֆուտբոլիստով: Չնայած ահռելի ճնշմանը, «Նոան» ծանր պայքարում հաղթեց մրցակցին: Ժամանակն է գործն ավարտին հասցնելու: Շատ ավելի պատմական կլինի, եթե «Նոան» հայտնվի փլեյ-օֆֆում՝ պայքարը սկսած լինելով որակավորման 1-ին փուլից:

Հ․ Գ․ Չանչարևիչի վնասվածքը խնդիր է, բայց մարզչական շտաբը հեռատես գտնվեց: «Վիկինգուրի» դեմ խաղում դարպասը պաշտպանում էր 20-ամյա Ալեքսեյ Պլոշչադնին, երբ Օգնյենը դեռ առողջ էր: Ռուս դարպասապահը մինչև այդ առաջնությունում ևս լավ հանդիպումներ էր անցկացրել: Նա հիմա փորձ ունի նաև հիմնական փուլում հանդես գալու, ուստի ավելի հեշտ կլինի անհրաժեշտության դեպքում լինելու «Նոայի» մեկնարկային կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա