Օգոստոսի 31-ին լրացավ աշխարհահռչակ ամերիկահայ գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը։ Այս կարևոր առիթով մեկնարկում է «Սարոյանական օրեր» մշակութային նախաձեռնությունը, որը կազմակերպում է ԱՄՆ դեսպանատունը՝ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ։ Տոնական շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 5–11-ը։
Նախաձեռնության շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ․ Սարոյանական ընթերցումներ, գրքի շնորհանդես, բեմադրություն՝ Սարոյանի ստեղծագործություններից ներշնչված։
«Սարոյանական օրերի» նպատակն է նորովի բացահայտել մեծ գրողի ժառանգությունը և ցույց տալ նրա ստեղծագործությունների արդիականությունը՝ միավորելով թատրոնը, գրականությունը, գեղարվեստը և համայնքային մշակույթը։
«Սարոյանը մեզ թողեց ոչ միայն գրականություն, այլև մի ամբողջ աշխարհընկալում։ Այս միջոցառումները հարթակ են՝ նոր սերունդներին փոխանցելու նրա հումորը, մարդկային խոր ընկալումները և ազատ մտածողության ոգին», - նշում են նախաձեռնության կազմակերպիչները։
Մանրամասներին ու օրակարգին կարելի է ծանոթանալ ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:


