«Մարսելի» պաշտպան Էրիկ Բային Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչում՝ չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Յերի» դեմ հանդիպման 15-րդ րոպեին, ուղիղ կարմիր քարտով պատժվել է մրցակցի հարձակվող Մուսա Նդիայի նկատմամբ կանոնների կոպիտ խախտման համար:
Նդիայը փորձել է կրծքով առաջ ուղարկել գնդակը, սակայն վրա հասած Էրիկ Բային մրցակցի առաջխաղացումը կասեցրել է՝ ոտքով ուժգին հարված հասցնելով նրա կրծքավանդակին: Բային անմիջապես հեռացվել է խաղադաշտից, իսկ Մուսա Նդիայը՝ անմիջապես հոսպիտալացվել:
@vnews_official Էրիկ Բային սարսափելի հարված է հասցրել մրցակցի ֆուտբոլիստին #ericbailly #marseille #vnews_official ♬ оригинальный звук - VNews
Սկզբում Մուսա Նդիայը տեղափոխվել է Մարտիգի՝ այն քաղաքի հիվանդանոց, որտեղ անցկացվում էր հանդիպումը, այնուհետև՝ Մարսելի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
«Որպես նախազգուշական միջոց՝ նրան ընդունել են վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնում է AFP-ն՝ մեջբերելով ակումբի նախագահի խոսքը:
«Մենք աղոթում ենք նրա համար, որ ամեն ինչ լավ լինի: Նա հիանալի տղա է: Բային արագ եկավ մեր հանդերձարան՝ իր մարզաշապիկը նվիրելու ու առաջին հերթին նրա մասին տեղեկություն ստանալու»,- ավելացրել է ակումբի նախագահը:
Մուսա Նդիայի առողջական վիճակի վերաբերյալ այս պահին այլ տեղեկություն չկա:
Հիշեցնենք՝ չնայած 15-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնալուն՝ «Մարսելը» կարողացել է հաղթել 2-0 հաշվով ու դուրս գալ մրցաշարի 1/16 եզրափակիչ:


