«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ հաղթանակն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում:
«Շատ կարևոր հաղթանակ էր: Մենք շատ լավ խաղացինք և մեկ ժամ թելադրում էինք խաղի ընթացքը: Պետք է հաղթեինք 3:0 կամ 4:0 հաշվով, բայց չկարողացանք այդպես ավարտել: Վերջում միամիտ գործեցինք և կարող էինք սայթաքել, հետո բնավորություն ցույց տվեցինք: Մայնուն հիանալի գոլ խփեց: Նա զարմանալի առաջընթաց է գրանցել և ունի հիանալի հմտություններ, որով դառնում է ժամանակակից կիսապաշտպան: Նա կարող է պաշտպանվել և հարձակվել, ֆիզիկապես բավականաչափ պատրաստված է: Այսպիսի խաղերին պետք է ավելի պատասխանատու մոտենանք, շատ փորձառու թիմ ունենք։ Ռեշֆորդին գոլ էր պետք, հիանալի թիմային գոլ ստացվեց»,- BBC-ի հետ զրույցում ասել է Տեն Հագը:
Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնն» ավելացված ժամանակում կարողացել էր հավասարեցնել հաշիվը, սակայն 18-ամյա Քոբի Մայնուն խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը և հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»։


