Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային նախավերջին օրը 130 կգ քաշային կարգում Ալբերտ Վարդանյանն սփոփիչ գոտեմարտում հաղթել է ղազախ Ջոխար Ուզարովին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայ ըմբիշի մրցակիցը բրոնզե մեդալի համար պայքարում կլինի ուզբեկ Թեմուրբեկ Նասիմովը: Գոտեմարտը կկայանա օգոստոսի 20-ի երեկոյան: Նույն մրցահերթում աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ բրոնզե մեդալի համար՝ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը և 63 կգ քաշային Արման Վարդանյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից օգոստոսի 20-ին մեկնարկել են Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ): 1/8 եզրափակիչից պայքարն սկսած Սուրեն Աղաջանյանը 4-0 հաշվով հաղթել է ղազախ Բակուջան Կաբդուլին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Խաչիկյանը որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Արիել Սոսունովին, 1/8 եզրափակիչում 9-0 հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Դավիդ Լոհերին և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեյի հետ: Ռուբեն Գևորգյանը որակավորման փուլում 10-13 հաշվով պարտվել է թուրք մրցակցին, իսկ Հարություն Կիրակոսյանը նույն փուլում 0-2 հաշվով պարտվել է էստոնացի Ռիչարդ Կարելսոնին: Հայ ըմբիշներին հաղթած մարզիկները քառորդ եզրափակիչում են, և նրանց՝ եզրափակիչ դուրս գալու դեպքում Գևորգյանն ու Կիրակոսյանն սփոփիչ գոտեմարտի իրավունք կստանան:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Սոֆիայում ելույթ էր ունեցել 10 ըմբիշով ու նվաճել 2 մեդալ։ Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սերգեյ Սարգսյանը (92 կգ)՝ բրոնզե:


