Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ մրցումային օրը չորս հայ ըմբիշներ նվաճել են եզրափակիչի ուղեգիր:
61 կգ քաշային կարգում Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակիչում 19-9 հաշվով առավելության է հասել ռումինացի Բենժամին Բոջեի նկատմամբ և ոսկե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի ըմբիշի հետ:
Հայկ Պապիկյանը (74կգ) կիսաեզրափակիչում 6-2 հաշվով հաղթել է Ավստրիան ներկայացնող Մուհամադ Ինշապիևին, Մուշեղ Մկրտչյանը (84 կգ)՝ 12-6 հաշվով՝ ուկրաինացի Իվան Չորնոհուզին, իսկ Կնյազ Իբոյանը (92 կգ)` 10-1 հաշվով՝ բուլղարացի Սալի Յուսրեֆովին:
Առաջին մրցումային օրը մեկնարկած Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Ռումինիայի ներկայացուցիչ Դանիել Սանդուի հետ:
Նարեկ Գրիգորյանը (79 կգ) սփոփիչ գոտեմարտում 11-0 հաշվով հաղթել է սերբ Խոդեյ Կայավային ու բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով, նվաճել 5 մեդալ ու չորրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Տեսանյութ՝ ՀԸՖ մամուլի ծառայություն:


