Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող ելույթներ են ունեցել Հայաստանի ներկայացուցիչները:
Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում 11-4 հաշվով հաղթել է հունգարացի Պետեր Զիվնովսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 3-3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Թիմուր Գուլմագոմեդովի նկատմաբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի ուկրաինացի Իվան Չորնոհուզի հետ:
Լևիկ Միքայելյանը (61 կգ) 1/8 եզրափակիչում 12-1 հաշվով հաղթել է գերմանացի Դարիո Դիտրիչին, իսկ քառորդ եզրափակիչում՝ սլովակ Ռոբերտ Մեսզարոսին՝ 11-0: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կգոտեմարտի Բենժամին Բոջե (Ռումինիա) - Էմրե Չետին (Թուրքիա) զույգի հաղթողի հետ:
Առաջին մրցումային օրը մեկնարկած Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Ռումինիայի ներկայացուցիչ Դանիել Սանդուի հետ:
Հայկ Պապիկյանը (74 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Ֆաբիան Նիեդվեձկիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը իտալացի Ռաուլ Կասոն է:
Նարեկ Գրիգորյանը (79 կգ) սփոփիչ գոտեմարտում 11-0 հաշվով հաղթել է սերբ Խոդեյ Կայավային ու բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։
Կնյազ Իբոյանը (92կգ) նույնպես կիսաեզրափակիչում է. հայ ըմբիշը մեկնարկել է 1/4 եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Անգյալին: Կիսաեզրափակիչում Իբոյանը կմրցի Ռավան Մուսաև (Ադրբեջան) - Սալի Յուսրեֆով (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով, նվաճել 5 մեդալ ու չորրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Տեսանյութ՝ ՀԸՖ մամուլի ծառայություն


