Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն:
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 1-12 հաշվով պարտություն կրեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովից:
Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 11-4 հաշվով հաղթել էր հունգարացի Պետեր Զիվնովսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 3-3 հաշվով պարտության էր մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Թիմուր Գուլմագոմեդովին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ ուժեղ էր գտնվել ուկրաինացի Իվան Չորնոհուզից՝ 17-6:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Հայկ Պապիկյանը (74 կգ), իսկ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանն (79 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով, նվաճել 5 մեդալ ու չորրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:


