Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 մեդալով ավարտեց ելույթն Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային վերջին օրը Սուրեն Աղաջանյանը (60 կգ) եզրափակիչում 1-6 հաշվով պարտվեց վրացի Անրի Խոզրևանիձեին և դարձավ արծաթե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 8-1 հաշվով հաղթել էր լեհ Տոմաշ Սկրիպչակային: Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր իսրայելցի Մելկամ Ֆետենեին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Դանիիլ Բիտկայի նկատմամբ:
Գասպար Տերտերյանը (67 կգ) 5-4 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մագոմեդ Ահմեդովիչին և դարձավ բրոնզե մեդալակիր:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր ռումինացի Լեոնարդ Պետրուին, հաջորդ գոտեմարտում 8-0 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Դալգատ Մագոմեդովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Նեստորի Կալեին: Կիսաեզրափակիչում Տերտերյանը 2-3 հաշվով պարտվել էր թուրք Ազատ Սարիյարին:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Հայաստանի թիմը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցեց 9 ըմբիշով և թիմային հաշվարկում գրավեց չորրորդ տեղը։


