Հունահռոմեական ոճի ըմբիշ Վիգեն Նազարյանը (87 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:
Նախորդ տարի Եվրոպայի չեմպիոն դարձած Նազարյանն Իսպանիայում ընթացող ԵԱ-ի եզրափակիչում 4-5 հաշվով պարտվեց վրացի Աչիկո Բոլխվաձեին և արժանացավ արծաթե մեդալի:
Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9-0 հաշվով առավելության էր հասել հունգարացի Լեվենտե Սոկոլի նկատմամբ, քառորդ եզրափակիչում կրկին բացահայտ առավելությամբ վաղաժամ հաղթել էր մոլդովացի Կրիստիանա Ռուսուին, իսկ կիսաեզրափակիչում 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել Շվեդիան ներկայացնող Համզա Սերտչանլիից:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:
Հունիսի 27-ին եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ Գասպար Տերտերյանը (67 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մտել նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պարտվել են մեկնարկային գոտեմարտում ու դուրս մնացել պայքարից։ Վահե Հովհաննիսյանը (77 կգ) հունիսի 26-ին հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 1-4 հաշվով պարտվել է ուկրաինացի Ռուսլան Աբդիևին։
Հայաստանի թիմը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշով։


