Լուվրի թանգարանի խոշոր կողոպուտից հետո Ֆրանսիայում նոր աղմկահարույց կողոպուտ է եղել: Այս անգամ ներխուժել են երկրի հյուսիսարևելյան Լանգր քաղաքում գտնվող «Լուսավորության տուն Դենի Դիդրոյի տունը»։
France Info ռադիոկայանը, հղում անելով քաղաքապետարանի հայտարարությանը, նշում է, որ «թանգարանի գանձերի» մի մասը անհետացել է։
Անհայտ անձինք գողացել են 18-րդ և 19-րդ դարերի ոսկե և արծաթե մետաղադրամների հավաքածու։ Մնացած ցուցանմուշները դեռևս տեղում են։ Ենթադրվում է, որ գողերը թանգարան են ներխուժել հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։ Նրանք կոտրել են մուտքի դուռը և կոտրել ցուցափեղկը։ «Դենի Դիդրոյի Լուսավորության տունը» փակ է այցելուների համար։
Լուվրից գողացված զարդերը գնահատվել են 88 միլիոն եվրո: Կողոպուտից հետո թանգարանի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն այն մերժվել է:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թանգարանների և մշակութային ժառանգության վայրերի շուրջ անվտանգության միջոցառումների անհապաղ ուժեղացման մասին։
Հետաքննությունը շարունակվում է։


