Logo

Երմակովը բարելավեց իր ռեկորդը, Կադիոյի ճակատագրական ինքնագոլը. Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:30 / 23.11.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուր

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հերթական հաղթանակը տանելով՝ «Ուրարտուն» մեծացրեց առավելությունը լավագույն եռյակում գտնվող «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» նկատմամբ, որոնք թանկարժեք միավորներ կորցրին: 

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տարան, 3 խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 85 հանդիպումներից 31-ում հաղթել են դաշտի տերերը, 33-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 21 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,8 գոլ): Առաջնության 85 հանդիպումներում գրանցվել է 196 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ): 

2. «Ուրարտուի» անպարտելի խաղերի թիվը հասավ 12-ի: Այդ հանդիպումներում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 10-րդ հաղթանակը տարավ, իսկ երկու ոչ-ոքիները գրանցվել են «Ալաշկերտի» հետ խաղերում: Նախորդ անգամ «Ուրարտուն» խաղադաշտից պարտված է հեռացել օգոստոսի 28-ին՝ 2-3 հաշվով զիջելով «Լեռնային Արցախին»:

Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուր-1

3. «Արարատն» Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ առաջին պարտությունը կրեց: Նրա օրոք անցկացրած նախորդ 3 խաղերում արարատցիները 7 միավոր էին վաստակել:

4. «Ալաշկերտը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին 3 խաղերում ալաշկերտցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել: Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» 2-րդ անգամ պարտվեց «Փյունիկին»: Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Փյունիկը» հաղթել էր 5-1 հաշվով:

5. «Փյունիկն» ընդհատեց 3 անընդմեջ ոչ-ոքիների շարքը ու կրկին վայելեց հաղթանակի բերկրանքը: Մինչև ոչ-ոքիների շարքը, փյունիկցիները 3 անընդմեջ հաղթանակ էին տարել: Հայաստանի գործող չեմպիոնն արդեն 7 խաղ անպարտելի է: Նախորդ պարտությունը «Փյունիկը» կրել է հոկտեմբերի 9-ին «Արարատից» (0-1):

6. Սանի Բուհարին («Վան») և Գուդնյուզ Իգբոկվեն («Նոա») բացեցին գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Բուհարին դարձավ Fastex ՀՊԼ-ում «Վանում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Նոայի» դարպասը գրավելով 18 տարեկան 314 օրականում: Նա գերազանցեց Պավել Գորելովի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 19 տարեկան 211 օրականում: 

Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուր-2

Գուդնյուզ Իգբոկվեն էլ ընդգրկվեց «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ «Վանի» դարպասը գրավելով 19 տարեկան 267 օրականում: Հետաքրքիր է, որ նիգերիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջաւնում «Վանից» էր տեղափոխվել «Նոա»: Նա «Վանի» կազմում մասնակցել էր «Ուրարտուի» հետ 3-րդ տուրում կայացած խաղին: 

7. Դիդիե Բորիս Կադիոյի ինքնագոլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Փյունիկին», այլև դարձավ Fastex ՀՊԼ-ում «Ալաշկերտի» անցկացրած հանդիպումներում գրանցված ընդհանուր 700-րդ գոլը: Այդ գոլերից 392-ը խփել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները: Կադիոն առաջին անգամ է առաջնությունում ինքնագոլի հեղինակ դառնում: Բացի նրանից, ընթացիկ առաջնությունում սեփական դարպասը գրավել են նաև «Վանի» պաշտպան Համլետ Ասոյանը, «Փյունիկի» խաղացող Միխայիլ Կովալենկոն և «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը (երկու անգամ «Լեռնային Արցախի» հետ խաղում):

Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուր-3

8. Վսևոլոդ Երմակովը Fastex ՀՊԼ-ում առանց փոխարինման, անընդմեջ 51-րդ խաղն անցկացրեց ու բարելավեց իր իսկ ռեկորդային ցուցանիշը: Ռուս դարպասապահը 2019թ. օգոստոսի 2-ից մինչև 2021թ. մայիսի 25-ն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել էր այդ ընթացքում կայացած առաջնության բոլոր 50 հանդիպումներին՝ պաշտպանելով նախ «Շիրակի», ապա «Արարատի» դարպասը: 

2021թ. մայիսի 28-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Երմակովի փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել Պողոս Այվազյանին՝ ընդհատելով ռուս դարպասապահի ռեկորդային շարքը: Այլապես Երմակովն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցած կլիներ առաջնության 102 հանդիպման:

9. «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը Fastex ՀՊԼ-ում 358-րդ խաղն  անցկացրեց և, Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցելով Արթուր Քոչարյանին, եզրափակեց լավագույն քառյակը: Առաջատար եռյակում են Հովհաննես Թահմազյանը (461), Տիգրան Դավթյանը (409) և Սարգիս Հովսեփյանը (365): 

Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուր-4

10. «Շիրակի» պաշտպան Մարկո Պրլևիչը Fastex ՀՊԼ-ում 129-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան, բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան, որը 230 խաղ է անցկացրել: Ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից ռեկորդակիրը Վբեյմար Անգուլոն է, որը մասնակցել է 174 խաղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ