Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 41 մասնակցի հաշվարկում 39-րդ տեղն է գրավել ԱՄՆ-ում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության 1500 մետր մրցավազքում, հայտնում է ստուգատեսի պաշտոնական կայքը։
Հայ մարզիկը մրցատարածությունը հաղթահարել է 3 րոպե 42,37 վայրկյանում՝ առաջ անցնելով Պորտուգալիայի և Հարավային Սուդանի ներկայացուցիչներից։ Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցել է ավստրալացի Ստյուարտ Մաքսվեյնը՝ 3 րոպե 34,91 վայրկյան։
Մկրտչյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում ընթացող համաշխարհային այս ստուգատեսում։ Հունիսին նա Հայաստանի ռեկորդ էր սահմանել Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3 րոպե 41,89 վայրկյան։


