Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսն անդրադարձել է Եվրո-2024-ի ամենաաղմկահարույց դրվագներից մեկին։ Իսպանիա - Գերմանիա քառորդ եզրափակիչի խաղի լրացուցիչ ժամանակում իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելիան սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր փակել դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհը, սակայն 11-մետրանոց հարված չէր նշանակվել։ Քիչ անց Իսպանիայի հավաքականը խփել էր հաղթական գոլը և դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Ես ինձ զսպել եմ մինչև այս օրը։ Այդ պահն ընդհանրապես չեմ տեսել խաղադաշտում։ Ես չունեի այդպիսի հնարավորություն, այդ պատճառով մրցավարից չպահանջեցի 11-մետրանոց։ Իհարկե, ավելի ուշ ուշադրություն դարձրի մրցավարի վրա։ Նա ասաց, որ իրեն նույնիսկ պետք չէ դիտել այդ դրվագը։ Ես միայն զայրացա, երբ խաղից հետո տեսա դա, սակայն ամեն բան թողենք այնպես, ինչպես որ կա։
Ես սխալմամբ վստահեցի նրան, քանի դեռ խաղադաշտում էի։ Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնեի այդ դրվագին։ Ամեն դեպքում, դժվար թե դա ինչ-որ բան փոխեր։
Նույնիսկ մրցավարները 100 տոկոսով չգիտեն, թե ինչպես մեկնաբանել դրվագները։ Վերջիվերջո, միակ բանը, որ մենք կարող ենք անել, այդ որոշումն ընդունելն է»,- Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ից հետո Կրոսն ավարտել էր կարիերան։ 34-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Մադրիդի «Ռեալն» էր, որի հետ 2023/2024 մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Կրոսը «Ռեալում» խաղում էր 2014 թվականի հուլիսից: Կիսապաշտպանը 2007-2009 և 2010-2014 թվականներին պաշտպանել էր Մյունխենի «Բավարիայի» գույները, 6 ամիս էլ վարձավճարով անցկացրել էր Լևերկուզենի «Բայերում»:
Ակումբային մակարդակում գերմանացին անցկացրել է 754 խաղ, դարձել 73 գոլի և 166 գոլի հեղինակ: Տոնին 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 5-ը «Ռեալի» կազմում, մեկը՝ «Բավարիայի», 6 անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն (կրկին նույն բաշխվածությամբ), 5 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (չորսը «Ռեալի» կազմում, մեկը՝ «Բավարիայի»), երեքական անգամ՝ Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, չորսական անգամ՝ Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, մեկական անգամ՝ Գերմանիայի և Իսպանիայի սուպերգավաթակիր:
Կիսապաշտպանը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 114 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում: 2014 թվականին Բունդեսթիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն: