Իսպանական La familia de la tele հեռուստաշոուի ժամանակ բարձրաձայնվել է, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան և իր կինը` Ալիս Կամպելոն, սպառնալիքներ են ստացել երկրպագուներից, հաղորդում է Marca-ն: Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպել է, ինչն օգնել է Պորտուգալիայի հավաքականին նվաճել գավաթը:
«Ես կսպանեմ քո ամուսնուն, եթե նրան փողոցում տեսնեմ»,- երկրպագուներից մեկը նման սպառնալիքով դիմել է Մորատայի կնոջը:
Հեռուստաշոուի մասնակիցները, այդ թվում՝ Բելեն Էստեբանը, իրենց աջակցությունն են հայտնել Մորատային:
«Ես հասկանում եմ, թե ինչու էին մարդիկ զայրացած... Բայց այն, ինչ Մորատան զգում է երեկվանից, չափազանց ամոթալի է։ Այս տղան միշտ քննադատության է ենթարկվել։ Սա ամոթ է, Մորատա, ես քեզ հետ եմ։ Ես քեզ աջակցում եմ»,- ասել է Էստեբանը: