Logo

«Ես ուզում եմ աստղալից գիշեր նոճիների կամ գուցե հասած ցորենի արտի վրա». Վան Գոգի մոլուցքը

16:23 / 28.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Վան Գոգ-փաստեր

«Աստղալից գիշեր Ռոնի վրա» կտավը, որը նկարել է Վինսենթ վան Գոգը 1888 թվականին, Արլում, իրավամբ նկարչի ամենահայտնի գործերից է և կարելի է համարել այն «մոլուցքի» առաջին դրսևորումը, երբ նկարիչը տարվեց գիշերով և սկսեց իր կտավներում պատկերել օրվա այդ ժամանակահատվածը:

Այն պահից, ինչ Վան Գոգը ժամանեց Արլ, նրան ամբողջովին գրավեց «գիշերվա էֆեկտները» կտավին փոխանցելու գաղափարը։

1888 թվականի ապրիլին նա գրեց իր եղբորը՝ Թեոյին. «Ես ուզում եմ աստղալից գիշեր նոճիների, կամ գուցե հասած ցորենի արտի վրա»։ Հունիսին նա խոստովանեց նկարիչ Էմիլ Բեռնարին. «Ե՞րբ, ե՞րբ վերջապես կհամարձակվեմ պատկերել աստղազարդ երկինքը, որը մտքիցս դուրս չի գալիս և ոչ մի րոպե»:

Եվ Վան Գոգը, ինչպես գիտենք, դա արեց և ոչ մեկ անգամ։ «Աստղալից գիշեր Ռոնի վրա» (սեպտեմբեր, 1888) ստեղծագործությունը մեկն էր այն երեք նկարներից, որոնք նկարվել էին այդ ամիս, որտեղ գիշերային երկինքը և աստղերը գլխավոր դերում են: Վան Գոգը 1888 թվականի սեպտեմբերին նկարել է նաև «Սրճարանի գիշերային տեռասը» և իր ընկերոջ՝ Էժեն Բոշի դիմանկարը, որը դարձավ եռյակի թերևս ամենախորհրդանշական աշխատանքը։


Gogh4.jpg Винсент ван Гог. Портрет Эжена Боша (Портрет поэта). 1888.


«Աստղալից գիշեր Ռոնի վրա» կտավը նկարվել է գետի ափին, Լամարտին հրապարակում «Դեղին տնից», որը Վան Գոգն այն ժամանակ վարձակալում էր, 1-2 րոպե քայլելու հեռավորության վրա։ 

undefined

Գիշերային երկինքը և գիշերային լույսի էֆեկտները, որոնք հմայել էին նկարչին, ոգեշնչման աղբյուր դարձան նաև ամենահայտնի՝ «Աստղալից գիշեր» նկարի համար, որը ստեղծվեց մի փոքր ավելի ուշ:

«Գիշերային մոլուցքը», որի մասին նշեցինք հոդվածի սկզբում, ամենայն հավանականությամբ կապված է Վան Գոգի մեկ, բայց շատ սուր էմոցիոնալ փորձառության հետ, որը նա նկարագրում է իր նամակներից մեկում. «Մի գիշեր ես գնացի զբոսնելու ամայի ափի երկայնքով: Դա ոչ ծիծաղելի էր, ոչ տխուր, դա հրաշալի էր»:

Հոգով անուղղելի ռոմանտիկ Վան Գոգն իր ամբողջ ուժով դիմադրում էր պոզիտիվիստների փորձերին՝ համարել նույն աստղերը ոչ թե որպես հրաշքներից մեծագույն, այլ որպես սովորական, գիտականորեն բացատրելի երևույթ, որն ինքնին ոչ մի առեղծվածային իմաստ չի պարունակում:

Այդ ժամանակ դեպրեսիայի նոպաները Վան Գոգին ավելի ու ավելի հաճախ էին «այցելում», և այդ պատճառով նա սկսեց մտածել այնպիսի հիմնարար բաների մասին, ինչպիսին են կյանքը, մահը, հավերժությունը։ Միանգամայն ակնհայտ է, որ եթե երկրային լույսերը (նույն գազային լուսավորությունը) նրա համար ենթագիտակցորեն կապված են եղել երկրային գոյության հետ, ապա աստղերի հեռավոր ու գեղեցիկ լույսը՝ նրա հետ, ինչ սպասում է մարդուն մահից հետո։ Այստեղից է, ի դեպ, բնական և արհեստական ​​լույսի հակադրությունը նկարչի ստեղծագործություններում։

Մտածելով նման կարևոր բաների մասին՝ Վան Գոգն ավելի ու ավելի արագ էր սկսում փնտրել իր մեջ Աստծուն, ինչի մասին են վկայում, օրինակ, նկարչի նամակի հետևյալ տողերը. «Ինձ համար օգտակար է իսկապես դժվար բան անելը: Բայց դա ոչ մի կերպ չի փոխում այն ​​փաստը, որ ես չափազանց մեծ կարիք ունեմ կրոնի, իսկ հետո գիշերը դուրս եմ գալիս տնից և աստղեր նկարում...»:

Հետաքրքիր փաստեր

  • «Աստղալից գիշեր Ռոնի վրա»-ն 1889 թվականին Փարիզի «Անկախների սալոն»-ում ցուցահանդեսի մի մասն էր և Վան Գոգի այն սակավաթիվ գործերից, որը հանրությանը ներկայացվեց մինչ նկարչի մահը:
  • Վան Գոգը կտավն ավարտեց 1888 թվականի սեպտեմբերին՝ Արլում՝ նախքան Սեն-Ռեմիի հոգեբուժարան ընկնելը: Ավելի ուշ «Աստղալից գիշեր» կտավը կնկարվի արդեն «երկրի ամենատխուր վայրում»՝ հոգեկան հիվանդների կլինիկայում։
  • Ի տարբերություն «Աստղալից գիշերի» և «Սրճարանի գիշերային տեռասի»՝ «Աստղալից գիշեր Ռոնի վրա» նկարում աստղերի դասավորությունը գիշերային երկնքում (մասնավորապես՝ Մեծ արջի համաստեղությունը) չի համապատասխանում իրականությանը։
  • Կտավը մնաց մասնավոր սեփականատերերի մոտ՝ Նիդերլանդներում, մինչև 1922 թվականը, երբ այն ձեռք բերեց ամստերդամյան պատկերասրահը: 1975 թվականից նկարը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։
  • Այն վայրերը, որտեղ Վան Գոգը տեղադրել է իր մոլբերտը «երկնային նկարներ» անելու համար, այժմ Արլում Վան Գոգի շրջագայության մի մասն են։
  • Կտավում օգտագործելով կոմպլեմենտար դեղին և կապույտ գույներ՝ Վան Գոգը մեծացնում էր լույսերի պայծառությունը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ