Logo

«Եթե «Փյունիկը» ցանկանա խաղալ «Հանրապետականում», ՀՖՖ-ն չի պատրաստվում խոչընդոտել»․ Արթուր Ազարյան

17:29 / 31.05.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Fast Sports հեռուստաալիքի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ընթացքում նշել էր, որ երևանյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի տնային խաղերը կարող է անցկացնել Վրաստանում, եթե ՀՖՖ-ն չտրամադրի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը։ Ավելի ուշ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ՀՖՖ-ն ակումբին առաջարկել է Գյումրիի կամ Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։

Ստեղծված իրավիճակի շուրջ VNews-ը հարցում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ներկայացնում ենք ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի պատասխանը։

««Սա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների կողմից հնչող հերթական աբսուրդային միտքն է: Եղիշե Մելիքյանը թիմի գլխավոր մարզիչն է և կարող է չտիրապետել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերին, բայց ցավալին այն է, որ ակումբի ղեկավարությունը կամ ադմինիստրատիվ անձնակազմը ևս չի տիրապետում դրանց:

Իրավիճակն էլ ավելի աբսուրդային է դառնում, եթե հաշվի առնենք, որ «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբն իրոք դիմել է ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայում իր հանդիպումները Վրաստանում անցկացնելու նպատակով, դրանով իսկ դառնալով ծիծաղի առարկա:

ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ և համապատասխան կանոնակարգերով հստակ ձևակերպված է, որ եվրոպական ցանկացած երկրի ներկայացուցիչ իր եվրագավաթային տնային հանդիպումները կարող է անցկացնել միմիայն իր երկրի տարածքում:

Վերջին տարիներին ՀՖՖ դիրքորոշումը եղել է և կա հետևյալը. հաշվի առնելով «Հանրապետական» մարզադաշտի ծանրաբեռնվածությունը, եվրագավաթային առաջին երկու փուլերում «Հանրապետական» մարզադաշտում կարող է հանդես գալ միայն Հայաստանի չեմպիոնը, իսկ երրորդ փուլի ուղեգիր նվաճելու դեպքում՝ հայկական ցանկացած ակումբ:

ՀՖՖ-ն դեռևս 2024 թ. փետրվարին գրավոր կերպով տեղեկացրել էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին այդ մասին և, բնական է, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը տրամադրվելու է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացնելու նպատակով:

Այսօր կարդացի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա հերթական անգամ սխալ տեղեկություն է հաղորդում՝ աղավաղելով ՀՖՖ կողմից «Փյունիկ» ՖԱ-ին ուղարկված նամակի բովանդակությունը և դրանով իսկ փորձելով մանիպուլացնել ֆուտբոլային հասարակությանը:

Անհրաժեշտության դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ֆուտբոլային հանրությանը ներկայացնել վերոնշյալ նամակը:  

ՀՖՖ-ն ստիպված է հերթական անգամ փաստել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունները և հայտարարությունները ոչ ավելին են, քան էժանագին մանիպուլյացիա:

Կարճ ասած՝ եթե «Փյունիկը» ցանկանա խաղալ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ՀՖՖ-ն չի պատրաստվում որևէ կերպ խոչընդոտել դրան»,- նշել է Արթուր Ազարյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ