«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին:
«Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին կարողանում, երբ խաղացողներից ինչ որ մեկն արտասվում էր:
2011-ին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, Նանին բախվեց մրցակցին ու ցավից սկսեց լաց լինել: Հանդերձարանում Ֆերգյուսոնը մոտեցավ Նանիին ու ասաց. «Հուսով եմ՝ կոտրել ես ծունկդ»: «Յունայթեդի» ֆուտբոլիստն արտասվելու իրավունք չունի: Մենք էլ այդ բնավորությունն ունեինք: Հաջորդ օրը՝ մարզմանը, բոլորս սպասում էինք Նանիին, քանի որ ուզում էինք սպանել նրան, բայց Ֆերգին մեկ շաբաթ ժամանակ տվեց նրան՝ վերականգնվելու համար: Մենք շատ դաժան էինք», - Էվրայի խոսքն է մեջբերում AS-ը:


