Associated Press-ը ներկայացրել է եվրագավաթների 2021/2022 մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ակումբներին:
Ամենաշատ եկամուտն ունեցել է Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական ակումբն» ՈւԵՖԱ-ից ստացել է 133,7 միլիոն եվրո։ Այդ գումարը ներառում է մրցաշարին մասնակցելու բազային վճարը, բոնուսները և Իսպանիայում հեռարձակման իրավունքների վաճառքից ստացած գումարը:
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել էր «Ռեալին», 120 միլիոն եվրո եկամուտով երկրորդն է:
Նրանց հաջորդում եմ Մյունխենի «Բավարիան» (110 միլիոն եվրո), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (109 միլիոն) և ֆրանսիական ՊՍԺ-ն (92 միլիոն):
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցները միջինը վաստակել են 61,8-ական միլիոն եվրո:
Եվրոպա լիգայում ամենաշատ գումարը վաստակել է մրցաշարում հաղթած Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»՝ 38 միլիոն եվրո:
Կանանց Չեմպիոնների լիգայում հաղթած ֆրանսիական «Լիոնը» ստացել է 1,46 միլիոն եվրո, իսկ եզրափակիչում պարտված կատալոնական «Բարսելոնան»՝ 1,26 միլիոն եվրո: