Հաշված օրեր են մնացել Եվրագավաթների 2025/26թթ. խաղարկության մեկնարկին: Հայկական 4 ակումբները լրջորեն են նախապատրաստվում Եվրագավաթների նոր մրցաշրջանին՝ համալրելով կազմերը, փորձարկելով ուժերը ստուգողական հանդիպումներում:
Եվրագավաթների նոր խաղարկությունում հայ ֆուտբոլասերներին բազում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Դրանցից մեկն էլ ռմբարկուների պայքարն է: Հետաքրքիր է, թե հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից ով կդառնա Եվրագավաթների պատմության մեջ գլխավոր ռմբարկուն:
Եվրագավաթների մրցաշարերում բոլորից արդյունավետ են գործել «Նոայի» ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Գոնսալու Գրեգորիուն, Մաթեուս Այասն ու փյունիկցի Լուկա Յուրիչիչը, որոնց հաշվին 6-ական գոլ է գրանցված: Ընդ որում Գրեգորիուն և Այասն այդ գոլերը խփել են Եվրագավաթների նախորդ խաղարկության Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբներում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ:
Մինչև այդ Եվրագավաթների մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ էին գործել Արամ Հակոբյանը («Բանանց», 2005թ.), Անտոն Կոբյալկոն («Արարատ-Արմենիա», 2019թ.) և ալաշկերտցի Ժոզե Էմբալուն (2021թ.), որոնք 4-ական գոլի հեղինակ էին դարձել:
Իսկ ինչպես է ընթացել պայքարը Եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուի տիտղոսի համար: Առաջինը փյունիկցի Արսեն Ավետիսյանն էր, որը 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ֆիննական ՀԻԿ-ի հետ երկխաղյա դիմակայությունում 3 գոլ խփեց: Ընդ որում սեփական դաշտում անցկացրած մեկնարկային խաղում «Փյունիկի» հարձակվողը դարձավ Եվրագավաթներում դուբլ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը:

Եվրագավաթների հաջորդ խաղարկության ավարտից հետո Արսեն Ավետիսյանին 3 գնդակով հավասարվեց նրա թիմակից Արմեն Սանամյանը: Նա մեկ գոլ խփել էր նախորդ խաղարկությունում ՀԻԿ-ի դարպասը, 1997/98թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում էլ դուբլ էր ձևակերպել հունգարական ՄՏԿ-ի հետ մրցավեճում:
Եվրագավաթների 2001/02թթ. խաղարկության ավարտից հետո ռմբարկուների պայքարում եռիշխանություն հաստատվեց: Արսեն Ավետիսյանին և Արմեն Սանամյանին միացավ շիրակցի Արարատ Հարությունյանը, որը գոլերի հաշիվը բացել էր դեռևս 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ գրավելով Կիպրոսի «Անորտոսիսի» դարպասը: Իսկ 2001թ. նա դուբլի հեղինակ դարձավ հունգարական «Լոմբարդի» հետ կայացած Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում:
Հաջորդ մրցաշրջանում կրկին դուբլ գրանցելով պորտուգալական «Սանտա Կլարայի» հետ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում, Արարատ Հարությունյանը 5 գնդակով դարձավ Եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն:
Միայն 2020/21թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիմային հաջողվեց կրկնել Արարատ Հարությունյանի ցուցանիշը: Նախորդ խաղարկությունում նա 2 գոլ էր խփել, որին ավելացրեց ևս 3-ը:
2023/24թթ. մրցաշրջանից հետո Եվրագավաթների գլխավոր ռմբարկուի տիտղոսին արժանացան փյունիկցիներ Լուկա Յուրիչիչն ու Արտակ Դաշյանը՝ գոլերի թիվը հասցնելով 6-ի: Ինչպես նախորդ, այնպես էլ այդ մրցաշրջանում Յուրիչիչը 3-ական գոլ խփեց: Դաշյանը Եվրագավաթներում գոլերի հաշիվը բացել էր դեռևս «Բանանցում» 2009/10թթ. մրցաշրջանում: 2013թ. նա մեկ գոլ էր խփել «Գանձասարում», իսկ «Փյունիկում» 2022/23 և 2023/24թթ. մրցաշրջաններում 2-ական անգամ էր աչքի ընկել:

Եվրագավաթների 2024/25թթ. խաղարկությունում արդյունավետ խաղով աչքի ընկած «Նոայի» ֆուտբոլիստներ Գոնսալու Գրեգորիուն և Մաթեուս Այասը 6-ական գոլով հավասարվեցին Լուկա Յուրիչիչին ու Արտակ Դաշյանին: Ընդ որում գոլերից 4-ը Այասը խփեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում՝ ինչը ռեկորդային ցուցանիշ է:
FastNews-ը ներկայացնում է Եվրագավաթներում հայկական ակումբներում հանդես եկած լավագույն ռմբարկուների ցուցանիշները:
|
Ֆուտբոլիստներ |
ՉԼ |
ԵԼ |
ԻԳ |
ԿԼ |
ԸՆԴ |
|
1. Լուկա Յուրիչիչ |
2 |
- |
- |
4 |
6 |
|
2. Արտակ Դաշյան |
- |
2 |
- |
4 |
6 |
|
3. Գոնսալու Գրեգորիու |
- |
- |
- |
6 |
6 |
|
4. Մաթեուս Այաս |
- |
- |
- |
6 |
6 |
|
5. Արարատ Հարությունյան |
- |
1 |
4 |
- |
5 |
|
6. Մաիլսոն Լիմա |
- |
5 |
- |
- |
5 |
|
7. Յուսուֆ Օտուբանջո |
1 |
- |
- |
4 |
5 |
|
8. Արամ Հակոբյան |
- |
4 |
- |
- |
4 |
|
9. Ուրոշ Նենադովիչ |
3 |
1 |
- |
- |
4 |
|
10. Արսեն Ավետիսյան |
1 |
3 |
- |
- |
4 |
|
11. Ժոզե Էմբալու |
- |
2 |
- |
2 |
4 |
|
12. Արտակ Եդիգարյան |
1 |
1 |
- |
2 |
4 |
|
13. Անտոն Կոբյալկո |
1 |
3 |
- |
- |
4 |
|
14. Պետրոս Ավետիսյան |
2 |
2 |
- |
- |
4 |
|
15. Մարսել Պինսոն |
- |
- |
- |
4 |
4 |


