FastNews-ը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր Եվրագավաթներում հայկական ակումբներում հանդես եկած լավագույն ռմբարկուների ցուցանիշները: Այսօր կանդրադառնանք այն ֆուտբոլիստներին, որոնք եվրոպական գավաթների մրցաշարերում առավել շատ խաղերի են մասնակցել:
Եվրագավաթներում հայկական ակումբներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով յուրօրինակ ռեկորդակիրը ձմռանը ֆուտբոլային կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանն է: Փորձառու ֆուտբոլիստը հայկական 4 թիմերի կազմում Եվրագավաթներում ընդհանուր առմամբ 53 խաղ է անցկացրել:
Արտակ Գրիգորյանը ռեկորդակրի տիտղոսին արժանացել է 2021թ. հուլիսի 28-ին մոլդովական «Շերիֆի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպման ժամանակ: Այդ օրն «Ալաշկերտի» ավագը Եվրագավաթների մրցաշարերում 33-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ ու գերազանցեց Աղվան Մկրտչյանի ռեկորդային ցուցանիշը, որը հայկական ակումբների ֆուտբոլիստներից եվրոպական գավաթների մրցաշարերում բոլորից շատ՝ 32 խաղ էր անցկացրել: Իր վերջին խաղը Եվրագավաթներում Աղվանն անցկացրել էր 2013թ. հուլիսի 9-ին՝ «Միկայի» կազմում մասնակցելով Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը:

Եվրագավաթների մրցաշարերում Արտակ Գրիգորյանի նորամուտը կայացել է 2010թ. հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած «Ուլիս»-«Բնեյ Եհուդա» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Պատասխան խաղում «Ուլիսը» նվազագույն հաշվով պարտվեց ու դուրս մնաց մրցաշարից:
Հաջորդ երկու մրցաշրջաններում Գրիգորյանն «Ուլիսի» կազմում եվրագավաթներում 2-ական խաղ անցկացրեց, իսկ 2013/14թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում «Գանձասարի» կազմում մասնակցեց ղազախական «Ակտոբեի» հետ կայացած երկու հանդիպումներին:
Եվրագավաթների մրցաշարերում հաջորդ 36 հանդիպումներն Արտակ Գրիգորյանն անցկացրել է «Ալաշկերտում»՝ այդ ցուցանիշով հանդիսանալով թիմի ռեկորդակիրը: «Ալաշկերտի» կազմում Եվրագավաթներում առաջին խաղն Արտակն անցկացրել է 2015թ. հուլիսի 2-ին Երևանում շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մրցավեճում: 2023թ. ամռանը տեղափոխվելով «Փյունիկ», Գրիգորյանը 2 մրցաշրջանում թիմի կազմում եվրոպական գավաթների մրցաշարերում 9 խաղի մասնակցեց:
Եվրագավաթների նոր մրցաշրջանում Արտակ Գրիգորյանի ռեկորդային ցուցանիշը գերազանցելու լավ հնարավորություն ունի «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը 46 խաղ է անցկացրել: Նախորդ մրցաշրջանում «Նոայում» նորամուտը նշած Դաշյանը թիմի կազմում մասնակցել էր եվրագավաթային 7 հանդիպման: Նա ռեկորդակիր է Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (27):

35-ամյա Դաշյանը զգալի փորձ ունի նաև Չեմպիոնների լիգայի մրցաշարում, որում ընդհանուր առմամբ 11 խաղ է անցկացրել: Այդ ցուցանիշով նա ռեկորդակիր է «Նոայի» ֆուտբոլիստների մեջ, որոնցից շատերը թիմի կազմում իրենց նորամուտն են նշելու եվրռպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
Իսկ իր առաջին խաղը Եվրագավաթներում Դաշյանն անցկացրել է 2009թ. հուլիսի 2-ին բոսնիական «Շիրոկի Բրիեգի» հետ Երևանում կայացած Եվրոպա լիգայի մրցախաղում: Մեկ շաբաթ անց կայացած պատասխան խաղում նա բացեց գոլերի հաշիվը Եվրագավաթներում՝ դառնալով թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 19 տարեկան 231 օրական: Այդ ցուցանիշը մինչ օրս չի գերազանցվել:
Եվրագավաթներում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների հնգյակը եզրափակում է Օգնյեն Չանչարևիչը: «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը 37 խաղ է անցկացրել ու այդ ցուցանիշով ռեկորդակիր է այլազգի ֆուտբոլիստների մեջ:

Նա նաև հայկական ակումբներում հանդես եկած դարպասապահներից միակն է, որ գոլի հեղինակ է դարձել Եվրագավաթներում՝ գրավելով հունական ԱԵԿ-ի դարպասը:
FastNews-ը ներկայացնում է Եվրագավաթներում առավել շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը՝ նշելով տարբեր մրցաշարերում խաղերի քանակը:
| Ֆուտբոլիստներ | ՉԼ | ԵԼ | ԳԳ | ԻԳ | ԿԼ | ԸՆԴ |
| 1.Արտակ Գրիգորյան | 14 | 23 | - | - | 16 | 53 |
| 2. Արտակ Դաշյան | 11 | 8 | - | - | 27 | 46 |
| 3. Տարոն Ոսկանյան | 11 | 21 | - | - | 12 | 44 |
| 4. Արտակ Եդիգարյան | 18 | 11 | - | - | 9 | 38 |
| 5. Օգնյեն Չանչարևիչ | 4 | 13 | - | - | 20 | 37 |
| 6. Աղվան Մկրտչյան | 20 | 12 | - | - | - | 32 |
| 7. Տիգրան Դավթյան | 5 | 22 | - | 4 | - | 31 |
| 8. Յուսուֆ Օտուբանջո | 9 | 5 | - | - | 17 | 31 |
| 9. Կարեն Մուրադյան | 8 | 10 | - | - | 12 | 30 |
| 10. Խամես Սանթոս | 6 | 4 | - | - | 19 | 29 |
| 11. Ռաֆայել Նազարյան | 17 | 2 | 5 | 3 | - | 27 |
| 12. Դիդիե Բորիս Կադիո | 8 | 12 | - | - | 7 | 27 |
| 13. Հովհաննես Հարությունյան | 6 | 6 | - | - | 15 | 27 |
| 14. Ժունինյու | 8 | 2 | - | - | 17 | 27 |
| 15. Ռումյան Հովսեփյան | 9 | 11 | - | - | 6 | 26 |
| 16. Սարգիս Հովսեփյան | 22 | 4 | - | - | - | 26 |
| 17. Արթուր Յուզբաշյան | 12 | 13 | - | - | - | 25 |
| 18 Միխայիլ Կովալենկո | 7 | 3 | - | - | 15 | 25 |
| 19. Հրայր Մկոյան | - | 15 | - | 2 | 6 | 23 |
| 20. Էդգար Մալաքյան | 5 | 5 | - | - | 13 | 23 |
| 21. Դավիդ Դավիդյան | 11 | - | - | - | 12 | 23 |


