Logo

Եվրո-2024. Ֆրանսիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Պորտուգալիային և կիսաեզրափակիչում է

01:43 / 06.07.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականը դարձավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը: Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլեր չգրանցվեցին՝ 0-0:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց լուրջ գոլային պահերի, եղավ մեկ դիպուկ հարված, որը կատարեց Պորտուգալիայի հավսքականը:

Երկրորդ խաղակեսում՝ 63-րդ րոպեին, Պորտուգալիայի հավաքականն արագ հակագրոհ ձեռնարկեց, իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի հարվածից հետո նրա ակումբակից Մայք Մենյանը տպավորիչ սեյվ կատարեց, վրա հասած Կրիշտիանու Ռոնալդուն կրնկով նուրբ հարված կատարեց և փորձեց գնդակն ուղարկել դարպասը, սակայն կրկին տեղում էր ֆրանսիացիների դարպասապահը:

Րոպեներ անց Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը գեղեցիկ կոմբինացիայի շնորհիվ լրջորեն սպառնաց պորտուգաալացիների դարպասին: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին գնդակն ուղարկում էր դատարկ դարպասը, սակայն վերջին պահին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը ոտքով շեղեց գնդակի ուղղությունը:

Այս դրվագից հետո էլ գոլի հեղինակ դառնալու հիանալի հնարավորություն ունեցավ նաև Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, սակայն 21-ամյա ֆուտբոլիստը մոտ տարածությունից վրիպեց:

Կամավինգայի հնարավորությունից հետո հեռահար գեղեցիկ հարված կատարեց փոխարինման դուրս եկած ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն, այս դրվագում էլ գնդակը շեղ ընթացավ:

Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին էլ Դիոգու Կոշտայի դարպասին սպառնաց նաև ֆրանսիացիների ավագ Կիլիան Մբապեն, սակայն այս դրվագում էլ գոլ չգրանցվեց:

Ընդհանուր առմամբ՝ Պորտուգալիայի հավաքականը կատարեց երեք դիպուկ հարված, Ֆրանսիան՝ 5:

Լրացուցիչ ժամանակն էլ մեկնարկեց Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուի վտանգավոր պահով: Պորտուգալացիների ավագը մրցակցի տուգանային հրապարակում ստացավ գնդակը, սակայն մոտ տարածությունից բարձր հարվածեց:

Այս դրվագից հետո պորտուգալացիները երկար ժամանակ գնդակ գլորեցին: Խաղակեսի վերջնամասում Լեաուն գոլ խփելու լավ հնարավորություն ունեցավ, սակայն աշխարհի փոխչեմպիոնին փրկեց Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն:

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ Դիդյե Դեշամը փոխարինեց ֆրանսիացիների առաջատար, Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեին:

Երկրորդ 15 րոպեների ընթացքում կրկին ավելի ակտիվ գործեցին պորտուգալացիները, խաղակեսի միջնամասում փոխարինման դուրս եկած Ժոաու Ֆելիքսը մոտ տարածությունից գլխով շեղ հարվածեց: 

Լրացուցիչ ժամանակի միակ դիպուկ հարվածը վերջին վայրկյանին կատարեց ֆրանսիական ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նունու Մենդեշը, սակայն Մենյանը հանգիստ որսաց գնդակը:

Լրացուցիչ ժամանակում էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցելուց հետո Եվրո-2016-ի եզրափակիչի մասնակիցներն այս Եվրո-ի կիսաեզրափակիչի ուղեգիրը վիճարկեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով:

Ֆրանսիացիները հարվածաշարում հաղթեցին 5-3 հաշվով: Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Պորտուգալիայի հավաքականից միակ վրիպումը թույլ տվեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին:

Աշխարհի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչում կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ, որը քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթանակ էր կորզել Եվրո-2024-ն ընդունող երկիր Գերմանիայի ազգային թիմից:

Իսպանիա - Ֆրանսիա կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Եվրո-2024, քառորդ եզրափակիչ

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 3-5) (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա