Logo

Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում

Հեղինակ
Արամ Սահակյան
18:37 / 05.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ակումբային ֆուտբոլի մրցաշրջանն ավարտված է: Ֆուտբոլային Եվրոպան հայացքը թեքում է դեպի Գերմանիա: Աշխարհի ֆուտբոլային գերտերություններից մեկը պատմության մեջ երկրորդ անգամ կհյուրընկալի Եվրոպայի առաջնությունը:

FastNews-ը Եվրոպայի խոշորագույն ֆուտբոլային մրցաշարին ընդառաջ ներկայացնում է հավաքականներին՝ ըստ խմբերի: Սկսում ենք A խմբից։

Գերմանիա

Առաջիկա Եվրոյում հյուրընկալող երկիրը գլխավոր ֆավորիտներից է: Գերմանիայի հավաքականն անկախ նախորդ խոշոր մրցաշարերում ձախողումներից մրցաշարին մոտենում է հաղթողի հավակնորդի կարգավիճակում: Բունդեսթիմում շատ բան փոխվեց: Մունդիալ-2022-ում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ նույնիսկ խմբային փուլը չհաղթահարելուց ու դրան հաջորդող մի քանի ընկերական խաղերում հակառեկորդային արդյունքներից հետո Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշեց հեռացնել բազմափորձ մասնագետին՝ նրա փոխարեն նշանակելով երիտասարդ Յուլիան Նագելսմանին:

Գերմանիայի հավաքականը վաղուց պաշտոնական խաղ չի անցկացրել: Նրանք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել ավտոմատ՝ որպես ընդունող երկիր: Տեսնել թիմին միայն ընկերական խաղերում ու կարծիք կազմել, բարդ է, սակայն Նագելսմանի պաշտոնավարման ընթացքում առայժմ այլ ելք չկա: 36-ամյա մասնագետի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղը Գերմանիան կանցկացնի հենց Եվրո-2024-ում՝ Շոտլանդիայի հետ:

Գերմանիայի կազմը շատ ուժեղ է: Այստեղ են խելահեղ մրցաշրջան անցկացրած Ֆլորիան Վիրցը, Եվրոյի համար հավաքական վերադարձած ու կարիերան ամռանն ավարտելու մասին հայտարարած Տոնի Կրոսը, օր օրի աճող Ջամալ Մուսիալան, անհավանական կայուն խաղ ցուցադրող Իլկայ Գյունդողանն ու բազմաթիվ այլ աստղեր: Գերմանացի խաղացողների մարզավիճակն ու տպավորիչ խաղը գլխացավանք է ստեղծելու Նագելսմանի համար մեկնարկային կազմն ընտրելիս:

Բունդեսթիմի գլխավոր մարզիչը դեռևս մարտին կայացած ընկերական խաղերի ժամանակ ցույց տվեց, որ իր համար կարևոր չէ խաղացողի անունը: Նա մի շարք դիրքերում նախապատվությունը տվեց ոչ թե ավելի հնչեղ անունով, այլ հնչեղ մարզավիճակով խաղացողների: Հենակետային կիսապաշտպանի դիրքում Կրոսի կողքին խաղում էր Ռոբերտ Անդրիխը, որը Լևերկուզենի «Բայերում» փայլուն մրցաշրջան է անցկացրել: Ձախ պաշտպանի խնդրահարույց դիրքում մարզիչն ընտրեց «Շտուտգարտի» կազմում շատ լավ խաղ ցուցադրող Մաքսիմիլիան Միտելշտետդին, որը ոչ վաղ անցյալում Բունդեսլիգայից հեռացած «Հերտայում» նույնիսկ մեկնարկային կազմի խաղացող չէր:

Գերմանիայի մրցակիցները խմբում բավականին բարդ են: Շոտլանդիայի, Հունգարիայի ու Շվեյցարիայի հավաքականները վերջին տարիներին միշտ էլ առանձնացել են իրենց ամուր խաղով ու սենսացիաներով թե՛ խոշոր մրցաշարերում, թե՛ որակավորման փուլերում: Անկախ այս ամենից, Բունդեսթիմն այս խմբի ու Եվրոյի գլխավոր ֆավորիտներից է:

Շոտլանդիա

Շոտլանդիան Մունդիալ-2022-ի որակավորման անցումային խաղերում Ուկրաինային պարտվելուց հետո երկար ճանապարհ անցավ նորից խոշոր մրցաշարում հայտնվելու համար: Բրիտանական թիմը մասնակցել է նաև Եվրո-2020-ին, իսկ դրանից առաջ Եվրոպայի խոշորագույն մրցաշարի եզրափակիչ փուլ հասել էր 1996-ին: Սթիվ Քլարքի ժամանակաշրջանը կարելի է հաջողված համարել: Նրան շարունակում են վստահել:

Շոտլանդիան որակավորման փուլն անցկացրեց տպավորիչ կերպով: Իսպանիայի ու Նորվեգիայի հավաքականների հետ լինելով նույն խմբում՝ նրանք բավականին արագ նվաճեցին Եվրոյի ուղեգիր: Շոտլանդիան անակնկալ էր բոլորի համար որակավորման մրցաշարի մեկնարկում: Նրանք մեկը մյուսի հետևից հաղթանակներ էին տանում, այդ թվում՝ առավելության հասնելով նաև շատ համոզիչ խաղով իսպանացիների նկատմամբ:

Սակայն Շոտլանդիայի տպավորիչ ելույթը որակավորման փուլում դեռևս ոչինչ չի նշանակում: Նախորդ Եվրոպայի առաջնությունը նրանք վատ անցկացրին ու չհաղթահարեցին խմբային փուլը: Այստեղ կան խաղացողներ, որոնք իրենց թիմերում լավ մրցաշրջան են անցկացրել: Առաջին հերթին պետք է ընդգծել Ջոն ՄաքԳինի տպավորիչ առաջընթացն ու խաղը «Ասթոն Վիլայի» կազմում: Բիրմինգեմյան թիմը վերադարձավ Չեմպիոնների լիգա: Այստեղ են նաև Սքոթ ՄաքԹոմինեյն ու Էնդրյու Ռոբերտսոնը. խաղացողներ, որոնք կարևոր դեր ունեն իրենց ազգային թիմում: Շոտլանդիայից սպասելիքները մեծ չէն, սակայն նրանք թոփ թիմերի դեմ գիտեն՝ ինչպես տրամադրվել: Նախորդ Եվրոյի խմբային փուլում Անգլիայի հետ ոչ-ոքին դրա վառ ապացույցն է:

Հունգարիա

Հունգարիայի հավաքականը նախորդ խոշոր մրցաշարում երկրպագուներին այնպես զարմացրեց, որ դժվար է հիմա նրանց վերաբերյալ «անդերդոգային» կանխատեսումներ անել: Եվրո-2020-ում նրանք ընդգրկված էին Գերմանիայի, Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հետ նույն խմբում: Սակայն նույնիսկ այսպիսի բարդ մրցակիցների պայմաններում՝ Հունգարիայի հավաքականն ընդամենը մեկ պարտություն կրեց՝ գրանցելով երկու ոչ-ոքի:

Մարկո Ռոզիի առաջնորդությամբ հունգարացիները լավ ընտրական մրցաշար են անցկացրել ու հիմա ավելի բարենպաստ խմբում են, քան երեք տարի առաջ էր: Այս խմբից նրանց դուրս գալու շանսերը կարելի է բավականին բարձր գնահատել: Ի դեպ, Եվրո-2020-ում գրանցած ոչ-ոքիներից մեկը հենց Գերմանիայի դեմ էր: Բունդեսթիմն այդ խաղում պարտությունից փրկվեց միայն խաղավերջում:

Հունգարիայի հավաքականում կարելի է առանձնացնել «Լիվերպուլի» կազմում նորամուտի շատ լավ մրցաշրջան անցկացրած Դոմինիկ Սոբոսլային, «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգային, «Լայպցիգի» ավագ, դարպասապահ Պետեր Գուլաչիին ու պաշտպան Վիլի Օրբանին: Հունգարացիները բարձրակարգ խաղացողներ ունեն բոլոր դիրքերում: 

Շվեյցարիա

Եվրոպայի ամենաբալանսավորված հավաքականներից մեկը հերթական խոշոր մրցաշարի նախօրեին նորից լուռ է, սակայն հարկ եղած դեպքում կփորձի աղմկել: Շվեյցարիայի հավաքականը նախորդ Եվրոյի գլխավոր սենսացիայի կերտողն է: Նրանք 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեցին այն ժամանակ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին: Շվեյցարիան շատ մոտ էր նաև կիսաեզրափակիչ դուրս գալուն, սակայն ի տարբերություն ֆրանսիացիների դեմ հանդիպման, Իսպանիայի դեմ հաջորդ խաղում նրանք ավելի հաճախ վրիպեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Շվեյցարիայի հավաքականն ունի ուժեղ ու բալանսավորված կազմ: Հիմնական դարպասապահն «Ինտերի» չեմպիոնական մրցաշրջանի հերոսներից մեկն է՝ Յան Զոմերը: Ի դեպ, պահեստայինների թվում է նաև Գրեգոր Կոբելի տարբերակը, որն օրեր առաջ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Պաշտպանության կենտրոնում կխաղա Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» կարևորագույն խաղացողներից մեկը՝ Մանուել Ականջին: Իսկ դաշտի միջին գծում Գրանիտ Ջական է, որը Լևերկուզենի «Բայերի» անհավանական մրցաշրջանի ամենակարևոր խաղացողներից էր: Այսպիսի անհատներով, բալանսավորված կազմով ու Մուրատ Յակինի պես ուժեղ մարզիչով Շվեյցարիայի հավաքականը գնում է նոր սենսացիաների հետևից: 

Ամփոփում

A խմբում պայքարը թեժ է լինելու: Առաջին հայացքից այստեղ ընդգծված ֆավորիտը Գերմանիան է: Մյուս հավաքականները կպայքարեն երկրորդ կամ երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Սակայն սա խոշոր մրցաշար է, որտեղ ցանկացած խաղ ու դրվագ կարող է փոխել իրավիճակն ու հետագա դժվարություններ ստեղծել նույնիսկ գլխավոր ֆավորիտների համար:

Եվրո-2024-ի A խմբի խաղացանկը

Առաջին տուր

Գերմանիա - Շոտլանդիա՝ հունիսի 14
Հունգարիա - Շվեյցարիա՝ հունիսի 15

Երկրորդ տուր

Գերմանիա - Հունգարիա՝ հունիսի 19
Շոտլանդիա - Շվեյցարիա՝ հունիսի 19

Երրորդ տուր

Շվեյցարիա - Գերմանիա՝ հունիսի 23
Շոտլանդիա - Հունգարիա՝ հունիսի 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա