Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի երկրորդ տուրում փոխչեմպիոն Անգլիայի հավաքականը 1-1 հաշիվը գրանցեց դանիացիների հետ:
Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականի կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որն անգլիացիների պատմության լավագույն ռմբարկուն է:
Դանիայի հավաքականի կազմում 16 րոպե անց հեռահար գեղեցիկ հարվածով Ջորդան Պիկֆորդի դարպասը գրավեց Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը:
Ի դեպ, Անգլիայի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության խմբային փուլում գոլ էր բաց թողել 2016 թվականին, երբ ուելսցի Գարեթ Բեյլը գրավել էր Ջո Հարթի դարպասը: Անգլիացիները Եվրոների խմբային փուլերում անցկացրած նախորդ 5 խաղերում գնդակ բաց չէին թողել:
Հիշեցնենք, որ այս հավաքականները նախորդ անգամ մրցել էին Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում, որտեղ անգլիացիները հաղթել էին 2-1 հաշվով:
Այս խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Սերբիան վերջին վայրկյաններին ոչ-ոքի է կորզել Սլովենիայի հավաքականից՝ 1-1:
Անգլիացիներն առաջին տուրում 1-0 հաշվով հաղթել էին Սերբիայի հավաքականին, իսկ սլովենացիներն ու դանիացիները 1-1 հաշիվն էին գրանցել:
Վերջին տուրից առաջ Անգլիայի հավաքականն ունի չորս միավոր, Դանիան և Սլովենիան՝ երկուական, Սերբիան՝ 1:
Բրիտանական թիմը խմբային փուլը կավարտեն Սլովենիայի հավաքականի դեմ խաղով, իսկ Դանիան կմրցի Սերբիայի դեմ: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 25-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
Եվրո-2024, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Դանիա - Անգլիա՝ 1-1 (տեսանյութ)
Մորտեն Հյուլման, 34 - Հարի Քեյն, 18