Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը:
Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան:
«Դյուսելդորֆ Արենայում» կայացած խաղում երկու հավաքականները միասին մինչև 75-րդ րոպեն կատարեցին մեկ դիպուկ հարված, որի հեղինակը Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրել Էմբոլոն է: Երկրորդ խաղակեսի միջնամասում կատարված հարվածը վտանգավոր չէր, անգլիացիների դարպասապահ Ջորդան Պիկֆորդը հանգիստ որսաց գնդակը:
Այնուամենայնիվ, Էմբոլոն 75-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: «Մոնակոյի» ֆուտբոլիստին աջ եզրից փոխանցում կատարեց իտալական «Բոլոնիայի» վինգեր Դան Նդոյեն:
Հաշիվը հավասարեցնելու համար Անգլիայի հավաքականից պահանջվեց ընդամենը 5 րոպե, Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական աջ եզրից տեղափոխվեց կենտրոն և գնդակը հեռահար գեղեցիկ հարվածով ուղարկեց իտալական «Ինտերում» հանդես եկող Յան Զոմերի դարպասը: Ի դեպ, այս խաղում սա անգլիացիների առաջին դիպուկ հարվածն էր:
Գոլերից հետո Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականները մի քանի շեղ հարված կատարեցին և խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ:
Անգլիայի հավաքականի կազմում լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում հեռահար շքեղ հարված կատարեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, սակայն տպավորիչ սեյվով գնդակը հեռացրեց Զոմերը:
Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի ընթացքում շվեյցարացիները երկու լավ հնարավորություն ստեղծեցին: Նախ՝ փոխարինման դուրս եկած ամերիկյան «Չիկագո Ֆայրի» եզրային հարձակվող Ջերդան Շաքիրին անկյունայինից ուղիղ հարված կատարեց, գնդակը դիպավ դարպասաձողին:
Այս դրվագից րոպեներ անց էլ հեռահար հարված կատարեց անգլիական «Բարնլիի» հարձակվող Զեկի Անդունին, սակայն անգլիացիների դարպասապահ Ջորդան Պիկֆորդը գեղեցիկ ցատկով հեռացրեց գնդակը:
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց, դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Անգլիայի հավաքականն առավելության հասավ 5-3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հետխաղյա հարվածաշարում շվեյցարացիներից վրիպեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին:
Եվրոպայի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Թուրքիա զույգի հաղթողի դեմ:
Եվրո-2024, քառորդ եզրափակիչ
Անգլիա - Շվեյցարիա՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-3) (տեսանյութ)
Բուկայո Սակա, 80 - Բրել Էմբոլո, 75