Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։
Եվրո-2024-ի երկրորդ կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը 2-1 հաշվով կամայաին հաղթանակ տարավ Նիդերլանդների թիմի նկատմամբ։
Մինչև 90-րդ րոպեն Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի լուսատախտակին վառվում էր 1-1 հաշիվը։ Թվում էր` հանդիպումը տեղափոխվելու է լրացուցիչ ժամանակ, սակայն անգլիացիները վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցին։
7-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի կազմում հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացեց գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Չավի Սիմոնսը, որի գոլին անգլիացիները 18-րդ րոպեին պատասխանեցին Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի դիպուկ իրացրած 11-մետրանոցով։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեց փոխարինման մտած Օլի Ուոթկինսը։ «Ասթոն Վիլայի» հարձակվողը մրցավարի ավելացրած առաջին րոպեին աչքի ընկավ փոխարինման մտած Քոուլ Փալմերի փոխանցումից հետո։
Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 14-ին Բեռլինում։ «Երեք առյուծները» երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իսպանացիները նախորդ անգամ խաղացել են 12 տարի առաջ ու նվաճել տիտղոսը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը նույն՝ 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ֆրանսիայի նկատմամբ։
Եվրո-2024, կիսաեզրափակիչ
Նիդերլանդներ - Անգլիա` 1-2 (տեսանյութ)
Չավի Սիմոնս, 7 - Հարի Քեյն, 18 (11մ), Օլի Վոթկինս, 90+1