Logo

Եվրո-2024. Բելինգեմի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին

00:54 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտներից Անգլիայի ազգային հավաքականը մեկնարկեց հաղթանակով և C խմբի առաջին տուրում 1-0 հաշվով առավելության հասավ Սերբիայի թիմի նկատմամբ։

«Երեք առյուծների» հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Սա 20-ամյա ֆուտբոլիստի կարիերայի առաջին գոլն էր Եվրոպայի առաջնություններում։

Խփած գոլից հետո Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականը հիմնականում հանգիստ պայքար առաջարկեց` առանց ավելորդ ռիսկի դիմելու։

Միայն խաղավերջում անգլիացիները կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Սերբիայի հավաքականը նույնպես խաղը փրկելու իր պահն ունեցավ։ 82-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը. Անգլիայի հավաքականին փրկեց «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։ 30-ամյա դարպասապահը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 10-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց և հավաքականում կրկնեց Պետեր Շիլթոնի ռեկորդը։ 

Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում Դանիայի ու Սլովենիայի հավաքականները չէին պարզել հաղթողին. գրանցվել էր 1-1 հաշիվը։

Երկրորդ տուրում Սերբիան հունիսի 20-ին մրցելու է Սլովենիայի, Անգլիան` Դանիայի դեմ։

Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր

C խումբ

Սերբիա - Անգլիա` 0-1 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 13

Եվրո-2024. Գլխավոր ֆավորիտն ու C խմբի մյուս թիմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա