Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ում հաղթելու գլխավոր հավակնորդներից է և, բնականաբար, նաև D խմբի ֆավորիտը: Այդուհանդերձ՝ այս խմբում հեշտ պայքար չի սպասվում, քանի որ մյուս հավաքականները՝ Նիդերլանդները, Ավստրիան և Լեհաստանը, ունեն հզոր կազմ և միջազգային մրցաշարերի հարուստ փորձ:
FastNews-ը Եվրոպայի խոշորագույն ֆուտբոլային մրցաշարին ընդառաջ շարունակում է ներկայացնել հավաքականներին՝ ըստ խմբերի: Այսօր անդադառնում ենք D խմբին:
Ֆրանսիա
Ֆրանսիայի հավաքականը կրկին մեծ մրցաշարին մոտենում է աստղային կազմով, բայց իր ֆավորիտության հանգամանքը դեռ պիտի ապացուցի խաղով: Աշխարհի փոխչեմպիոնը Եվրոպայի նախորդ առաջնությունը ձախողեց՝ 1/8 եզրափակիչում պարտվելով Շվեյցարիայի հավաքականին: Կատարում կայացած Մունդիալում էլ Դիդյե Դեշամի թիմը հասավ մինչև եզրափակիչ, բայց ընդհանուր առմամբ ֆրանսիացիների անցած ճանապարհը փայլուն չէր: Եզրափակիչում էլ թիմն արթնացավ միայն այն ժամանակ, երբ արթնացավ Կիլիան Մբապեն:
Մադրիդի «Ռեալի» նորեկը շարունակում է մնալ ֆրանսիացիների գլխավոր զենքը: Այս Եվրո-ն 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջին մրցաշարն է, որին նա մասնակցում է հավաքականի ավագի կարգավիճակում: Դեշամը ԱԱ-2022-ին շատ նման հայտացուցակ է կազմել: Գլխավոր բացականերն են Ուգո Լյորիսը, Կարիմ Բենզեման ու Ռաֆայել Վարանը, որոնք Մունդիալից հետո ավարտեցին միջազգային կարիերան, ինչպես նաև Պոլ Պոգբան, որը որակազրկված է 4 տարով՝ հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար: Վնասվածքի պատճառով մրցաշարը բաց կթողնի Լուկա Էրնանդեսը:
Ֆրանսիայի հավաքականի ուժեղ կողմերն են միջին գիծն ու հարձակումը: Նգոլո Կանտեն 2 տարի անց վերադարձավ հավաքական, այստեղ են նաև «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգան հաղթած Օրելյան Չուամենին և Էդուարդո Կամավինգան: Առջևի գծում ընտրությունն այնքան մեծ է, որ կարող է հաճելի գլխացավանք առաջացնել Դեշամի համար. Մբապե, Գրիզման, Ժիրու, Դեմբելե, Կոման, Թյուրամ...
Ֆրանսիան ամեն ինչ կանի 3-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվելու համար՝ 1984-ին ու 2000-ին հաջողության հասնելուց հետո: 2016-ին տնային Եվրոպայի առաջնությունում թիմը հասավ եզրափակիչ, բայց ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից:
Դիդյե Դեշամի համար էլ սա լուրջ փորձություն է: 55-ամյա մասնագետի երազանքն է կրկնել իր հաջողությունն արդեն որպես մարզիչ. հաղթել Մունդիալն ու Եվրո-ն: Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստը Մունդիալից հետո երկարաձգեց պայմանագիրը մինչև 2026 թվականը, բայց ցանկացած անհաջողություն կարող է խստորեն պատժվել, քանի որ նրա պրագմատիկ ֆուտբոլը ոչ բոլորն են բարձր գնահատում:
Գերմանիայում կայանալիք մրցաշարն անչափ կարևոր է Մբապեի համար: ՊՍԺ-ում այս մրցաշրջանում 40 գոլի շեմը հաղթահարած հարձակվողը 18 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն, բայց նախորդ Եվրո-ում նա թիմի հակահերոսն էր. հենց նրա վրիպման պատճառով Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարից: Մբապեի համար Եվրո-2024-ը նաև «Ոսկե գնդակ» նվաճելու տեսանկյունից է որոշիչ:
Նիդերլանդներ
Ռոնալդ Կումանը վերադարձավ Նիդերլանդների հավաքական: Կարողացավ լուծել նվազագույն խնդիրը՝ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր, բայց որակավորման փուլում թիմն իր խաղով առանձնահատուկ տպավորություն չթողեց՝ չնայած պետք է ընդգծել, որ շատ խաղերում վնասվածք ունեցող ֆուտբոլիստները բազմաթիվ էին: Հետաքրքիր է, որ «Նարնջագույնները» որակավորման փուլում էլ ընդգրկված էին Ֆրանսիայի հավաքականի հետ նույն խմբում, բայց արդյունքները խոստումնալից չեն. Ֆրանսիայում՝ 0-4 հաշվով պարտություն, տանը՝ 1-2:
Նիդերլանդների հավաքականը ցանկանում է վերադարձնել երբեմնի փառքը, բայց երբ նայում ենք հայտացուցակին, հասկանում ենք, որ Կումանը ստիպված է դավաճանել հոլանդական ֆուտբոլի փիլիսոփայությանը, քանի որ այս թիմի ուժեղ կողմը պաշտպանությունն է: Դե Լիխտ, Վան Դեյկ, Դե Վրեյ, Վան դե Վեն, Բլինդ, Ակե. ընտրություն կատարելն այս խաղացողների միջև իսկապես բարդ է:
Նախորդ Եվրոյում Նիդերլանդների հավաքականը 1/8 եզրափակիչում զիջեց չեխերին, աշխարհի առաջնությունում հասավ մինչև քառորդ եզրափակիչ և միայն 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց ապագա չեմպիոն Արգենտինային:
Ռոնալդ Կումանը 1988-ին խաղում էր Նիդերլանդների հավաքականում, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այժմ փորձառու մասնագետը ցանկանում է հասնել այդ սխրանքին մարզչի պաշտոնում:
Նիդերլանդների ազգային թիմի առաջատարը Ֆրենկի Դե Յոնգն է, որը, սակայն, վնասվածքի պատճառով չի մեկնի Գերմանի։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը «Նարնջագույնների» ուղեղն է, հենց նա է կառավարում թիմի խաղը գնդակով ու առանց գնդակի: Ֆրենկիի բացակայությունը, միանշանակ, կզգացվի դաշտի կենտրոնում։
Ավստրիա
Առաջիկա Եվրո-ն Ավստրիայի հավաքականի համար 4-րդն է, որոնց մեծ մասը՝ վերջին ժամանակաշրջանում: Փաստացի՝ ավստրիացիները 3-րդ անգամ անընդմեջ կարողանում են նվաճել այս մրցաշարի խմբային փուլի ուղեգիր:
Ավստրիան մեծ կորուստ ունի Եվրոպայի առաջնությունում. առաջատար Դավիդ Ալաբան բաց կթողնի մրցաշարը: «Ռեալի» ֆուտբոլիստը Ավստրիայի հավաքականի ավագն է, ու նաև խաղում է տարբեր դիրքերում՝ որպես կենտրոնական պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան կամ նույնիսկ եզրային հարձակվող:
Ավստրիացիների ուժեղագույն կողմը թիմի կիսապաշտպանությունն է: Կոնրադ Լայմերը «Բավարիայում» զարմացրեց բոլորին, հատկապես՝ երբ խաղում էր նաև պաշտպանության աջ եզրում: Բայց լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստը, իհարկե, Մարսել Զաբիցերն է, որը Դորտմունդի «Բորուսիայի» հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Արագաուժային ոճի ֆուտբոլիստ, որն աշխատում է խաղի առաջին րոպեից մինչև վերջինը, ունի շատ մեծ փորձ, լավ է տեսնում խաղադաշտը: Հարձակման գծի առաջատարը Միխայել Գրիգորիչն է: Գերմանական «Ֆրայբուրգի» ռմբարկուն որակավորման փուլում 4 գոլ է խփել ու ավստրիացիների ամենասպառնալից խաղացողն է:
Որակավորման փուլում Ավստրիայի հավաքականը խնդիրներ չունեցավ: Բելգիայի հետ մինչև վերջ պայքարելով՝ ավստրիացիները վստահորեն ապահովեցին իրենց տեղը Գերմանիայում կայանալիք մրցաշարում:
Թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մերժեց Մյունխենի «Բավարիայի» առաջարկն ու որոշեց մնալ Ավստրիայի թիմի ղեկին: Գերմանական դպրոնցն անցած 65-ամյա մասնագետը ֆանտաստիկ հաջողությունների է հասել «Ռեդ Բուլի» համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Նա շատ արագ նվաճեց նաև ավստրիացի երկրպագուների սրտերը, որոնք կոտրվել էին Ֆրանկո Ֆոդայի գլխավորությամբ Մունդիալի ուղեգիր չնվաճելու հետևանքով: Ռանգնիկը՝ որպես մարզիչ, նման է Յուրգեն Կլոպին. նրա թիմերն էլ աչքի են ընկնում ինտենսիվ պրեսինգով ու կորցրած գնդակները շատ արագ վերադարձնելով:
Լեհաստան
Լեհաստանի հավաքականն իսկական հանելուկ է: Վերջին տարիները հեշտ չէին լեհերի համար. մարզչական փոփոխություններ, հիասթափություններ Մունդիալներում: Կատարում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Լեհաստանի հավաքականը հանդիպեց Ֆրանսիային, պարտվեց 1-4 հաշվով, բայց այդ արդյունքը խաբուսիկ է՝ հաշվի առնելով, թե ինչպես էին պայքարում լեհերը մինչև այն պահը, երբ նորից հայնտվեց Մբապեն: Այս Եվրո-ում հաջողելը մի քանի վետերանների, օրինակ՝ Ռոբերտ Լևանդովսկիի և Վոյցեխ Շյեսնիի համար վերջին հնարավորությունն է միջազգային կարիերայում մեծ նվաճման հասնելու: Լեհաստանի հավաքականն այս խմբի ամենաանկայուն թիմն է, որն, ի դեպ, վերջինը նվաճեց խմբային փուլի ուղեգիր՝ անցումային խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթելով Ուելսի հավաքականին՝ Շյեսնիի հերոսության շնորհիվ:
Միխալ Պրոբեժը Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց 2023-ի սեպտեմբերին՝ Ֆերնանդու Սանտուշի կարճ և տապալված պաշտոնավարումից հետո: Երիտասարդական հավաքականի հետ հաջողություններ գրանցած 51-ամյա մասնագետն ընդամենը 2 անգամ է եղել թիմի ղեկին պաշտոնական հանդիպումներում, բայց գրանցել է 100 տոկոսանոց արդյունք. 5-1 հաշվով հաղթանակ Էստոնիայի դեմ խաղում և Ուելսի հավաքականի նկատմամբ վճռորոշ հաղթանակը: Հունիսին կայացած ընկերական խաղերում էլ լեհերն ուժեղ գտնվեցին Եվրո-2024-ի մասնակիցներից Ուկրաինայի (3-1) ու Թուրքիայի (2-1) նկատմամբ։ Խաղաոճի տեսանկյունից էլ բարդ է որևէ կանխատեսում կատարել Լեհաստանի հավաքականի մասին:
Արդեն 12 տարի Լեհաստանի հավաքականի առաջատարը Ռոբերտ Լևանդովսկին է: Նա այլևս չի ցուցադրում այն խաղամակարդակը, որն ուներ «Բավարիայում», բայց 35-ամյա հարձակվողի խաղը տուժում է նաև «Բարսելոնայում» ստեղծված բավական բարդ իրավիճակի պատճառով: Այնուամենայնիվ՝ ավարտված ակումբային մրցաշրջանում Լևան 26 գոլ է խփել, ու միջազգային ասպարեզում էլ նա այն խաղացողն է, որից ամենաշատը պիտի զգուշանան Լեհաստանի հավաքականի մրցակիցները:
Ամփոփում
D խմբի ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է, բայց նույնիսկ Մբապեին ու ընկերներին որևէ հեշտ խաղ չի սպասվում, և ինչպես ժամանակն է ցույց տվել՝ աստղային կազմը դեռ չեմպիոնության երաշխիք չէ: Ակնհայտ է, որ տեսնելու ենք տակտիկական ծանր պայքար յուրաքանչյուր մրցավեճում, իսկ թե որ հավաքականը կհավաքի ճամպրուկները խմբային փուլից հետո՝ բարդ է ասել:
Եվրո-2024-ի D խմբի խաղացանկը
Առաջին տուր
Լեհաստան - Նիդերլանդներ՝ հունիսի 16
Ավստրիա - Ֆրանսիա՝ հունիսի 17
Երկրորդ տուր
Լեհաստան - Ավստրիա՝ հունիսի 21
Նիդերլանդներ - Ֆրանսիա՝ հունիսի 21
Երրորդ տուր
Նիդերլանդներ - Ավստրիա՝ հունիսի 25
Ֆրանսիա - Լեհաստան՝ հունիսի 25
Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում