Logo

Եվրո-2024. Գլխավոր ֆավորիտն ու C խմբի մյուս թիմերը

Հեղինակ
Արտուշ Հարությունյան
14:35 / 11.06.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Աստղային կազմ և առաջին անգամ Եվրոպան նվաճելու ցանկություն, նախորդ Եվրոյի հաջողությունը կրկնելու մտադրություն, առաջին անգամ հին աշխարհամասի գլխավոր մրցաշարի փլեյ-օֆֆում հանդես գալու երազանք և բացահայտում դառնալու հավակնություն:

FastNews-ը Եվրոպայի խոշորագույն ֆուտբոլային մրցաշարին ընդառաջ շարունակում է ներկայացնել հավաքականներին՝ ըստ խմբերի: Այս անգամ դիտակետում Եվրո-2024-ի C խումբն է:

Անգլիա

Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարն Անգլիայի հավաքականն անցկացրեց մեկ շնչով և առանց պարտության: Հաղթանակ 8 խաղերից 6-ում, որոնցից երկուսը Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի նկատմամբ, բաց թողած ընդամենը չորս գնդակ, ինչը երկրորդ ցուցանիշն է Պորտուգալիայից հետո: Խփած գոլերի քանակով (22) էլ անգլիացիները հետ մնացին միայն Իսպանիայից, Ֆրանսիայից ու Պորտուգալիայից:

Ընդամենը երեք տարի առաջ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասնելուց հետո Անգլիայի հավաքականի համար հաջորդ քայլը պետք է լինի գավաթը նվաճելը: «Երեք առյուծները» Ֆրանսիայի հավաքականի հետ միասին առաջիկա Եվրոյում ունեն թերևս երկու ամենաուժեղ կազմերից մեկը: Այլ հարց է, թե այդ կազմն ինչպես կօգտագործի թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, որն Անգլիայի հավաքականի ղեկին պատրաստվում է չորրորդ խոշոր մրցաշարին: 53-ամյա մասնագետի գլխավորությամբ բրիտանական թիմը ԱԱ-2018-ում 28 տարի անց հասավ մինչև կիսաեզրափակիչ, Եվրո-2020-ի եզրափակիչում միայն 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Իտալիային, իսկ նախորդ Մունդիալի քառորդ եզրափակիչում ճանապարհը զիջեց ֆրանսիացիներին:

Ասել, որ Անգլիայի հավաքականի կազմը հզոր է, նշանակում է ոչինչ չասել: Հարձակման գիծը գլխավորում է թիմի ավագ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը (63 գոլ), որը Մյունխենի «Բավարիայում» անցկացրած առաջին մրցաշրջանում 45 խաղում խփեց 44 գոլ, սահմանեց մի շարք ռեկորդներ և ճանաչվեց Բունդեսլիգայի գլխավոր ռմբարկու:

Սպասելիքները մեծ են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացած Ֆիլ Ֆոդենից: 24-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 35 խաղում աչքի ընկավ 19 գոլով և 8 ասիստով: «Երեք առյուծների» ճամբարում է նաև իսպանական Լա լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը՝ Ջուդ Բելինգեմը, որը «Ռեալի» կազմում առաջին մրցաշրջանում հաղթեց Լա լիգայում, նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և 42 խաղում դարձավ 23 գոլի ու 13 ասիստի հեղինակ:

Հարձակման գծի մյուս ամենավառ ներկայացուցիչը Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական է, որը նախորդ եզրափակիչում չիրացրեց հետխաղյա 11-մետրանոց հարվածը և ապացուցելու շատ բան ունի: Գումարենք նաև Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի գլխավոր բացահայտում Քոուլ Պալմերին, և անգլիացիների հարձակման գիծն ահասարսուռ տեսք է ստանում: Այստեղ մրցակցությունն այնքան մեծ է, որ փայլուն մրցաշրջան անցկացրած Օլի Ուոտկինսը, Էնթոնի Գորդոնը, Ջարոդ Բոուենը և Էբերեչի Էզեն ունեն մեկնարկային կազմում հայտնվելու գրեթե զրոյական շանսեր, իսկ Դոմինիկ Սոլանկեն, Ջեյմս Մեդիսոնը, Ջեք Գրիլիշը, Ջեյդոն Սանչոն, Մարկուս Ռեշֆորդը և Ռահիմ Սթերլինգը չկան նույնիսկ հայտացուցակում:

Դաշտի միջին հատվածում Դեքլան Ռայսի կողքին կտեսնենք անգլիական ֆուտբոլի ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներից Քոբի Մեյնուին: «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ամենայն հավանականությամբ, այս անգամ հավաքականում հանդես կգա կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Պաշտպանությունում ևս փորձառու ֆուտբոլիստների պակաս չկա: Այս անգամ Գարեթ Սաութգեյթը վերջնական հայտացուցակից դուրս է թողել Հարի Մագուայերին: «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս պաշտպան Լյուկ Շոուն կլինի Գերմանիա մեկնող ինքնաթիռում, բայց թե ինչպիսի մարզավիճակում՝ ցույց կտա միայն ժամանակը:

Նման կազմի և ընտրության պարագայում այլ տարբերակ, քան չեմպիոնությունն է, Անգլիայում չեն սպասում: Գարեթ Սաութգեյթն էլ վերջերս նշեց, որ գուցե իր ժամանակը «Երեք առյուծների» ղեկին մոտենում է ավարտին, իսկ եթե նորից չստացվի հաղթել խոշոր մրցաշարում, մարզչական փոփոխությունն անխուսափելի է լինելու:

Դանիա

Հին աշխարհամասի նախորդ առաջնությունում Դանիայի հավաքականը հասավ մինչև կիսազրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց հենց անգլիացիներին: 1992թ․ Եվրոպայի չեմպիոնները վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցելու են երկրորդ անընդմեջ Եվրոյին: Որակավորման մրցաշարում «Օլսենի 11 ընկերները» պարտություններ կրեցին Ղազախստանից ու Հյուսիսային Իռալնդիայից, մեծ դժվարությամբ հաղթեցին համեստ Սան Մարինոյին, բայց նախավերջին տուրում Սլովենիայի նկատմամբ հաղթանակը թույլ տվեց գրավել առաջին տեղը:

Դանիայի հավաքականում վերջին տարիների ընթացքում փոփոխություններ գրեթե չեն եղել: Գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը պահպանել է կազմի 90 տոկոսը, և Գերմանիա է առաջնորդելու այն ֆուտբոլիստներին, որոնք երեք տարի առաջ կարողացան 1992-ի չեմպիոնությունից հետո առաջին անգամ հասնել կիսաեզրափակիչ, չնայած աշխարհի նախորդ առաջնությունում Հյուլմանի տղաները չտարան ոչ մի հաղթանակ, խմբում զբաղեցրին չորրորդ տեղը և հետ մնացին նույնիսկ Թունիսից ու Ավստրալիայից:

Հարձակման գծում սպասելիքները մեծ են գերմանական «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Յոնաս Վինդից, որը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում աչքի ընկավ 11 գոլով ու 7 ասիստով, իսկ բելգիական «Անդերլեխտի» հարձակվողներ Անդերս Դրեյերն ու Կասպեր Դոլբերգը Պրո լիգայում միասին դարձան 34 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Դանիացիների հայտացուցակում են նաև բազմափորձ կիսապաշտպաններ Քրիստիան Էրիկսենն ու Պիեռ Էմիլ-Հոյբերգը, պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենը, Սիմոն Կյաերը և Յոակիմ Մեհլեն: Կասպեր Հյուլմանի հրապարակած հայտացուցակի 26 ֆուտբոլիստներից 18-ը հանդես են գալիս եվրոպական թոփ-5 լիգաներում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խմբից դուրս գալը դանիացիների ուժերի սահմանում է և՝ նվազագույն առաջադրանքը:

Սերբիա

Ի տարբերություն խմբում մյուս մրցակիցների, Սերբիայի հավաքականի համար որակավորման մրցաշարն այնքան էլ հեշտ չդասավորվեց: Դրագան Ստոյկովիչի գլխավորած թիմը երկու պարտություն կրեց հիմնական մրցակից Հունգարիայից, երկու անգամ չկարողացավ հաղթել խմբի հետնապահ Բուլղարիային, բայց 14 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը:

Նախորդ անգամ սերբերը Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 2000 թվականին, երբ հանդես էին գալիս Չեռնոգորիայի հետ միասին և ներկայացնում էին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը: Ավելի հաճախ Սերբիայի հավաքականը կարողանում է ձեռք բերել Մունդիալի ուղեգիր: 21-րդ դարում «Սպիտակ արծիվները» չորս անգամ մասնակցել են աշխարհի առաջնություններին (նախորդ երկու Մունդիալում անընդմեջ), բայց, բոլոր դեպքերում, չեն կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Կատարում կայացած Մունդիալը Դրագան Ստոյկովիչի համար Սերբիայի հավաքականի ղեկին առաջին խոշոր մրցաշարն էր, բայց, գլխավոր բացահայտում դառնալու փոխարեն, սերբերը չտարան որևէ հաղթանակ ու եզրափակեցին խմբի մրցաշարային աղյուսակը:

Թիմի կազմում առաջին հերթին կարելի է առանձնացնել Ալեքսանդր Միտրովիչին, որը «Ալ Հիլալի» կազմում սաուդյան Պրո լիգայի 28 խաղում դարպասի գրավմամբ աչքի ընկավ նույնքան անգամ և ռմբարկուների պայքարում հետ մնաց միայն Կրիշտիանու Ռոնալդուից: Ի դեպ, Միտրովիչը նաև 57 գոլով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Եթե հաշվի առնենք, որ սերբական ֆուտբոլի լեգենդ Դրագան Ստոյկովիչը նախընտրում է 3-4-2-1 դասավորությունը, ամենաբարդ ընտրությունը սպասվում է հարձակման կենտրոնում, քանի որ Միտրովիչից բացի, մեկնարկային կազմում հայտնվելու լավ շանսեր ունի նաև Թուրինի «Յուվենտուսի» ռմբարկու Դուշան Վլախովիչը:

«Ալ Հիլալի» մյուս ներկայացուցիչ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կլինի առանցքային դերակատարը դաշտի միջին գծում: Կարող ենք առանձնացնել նաև վետերան Դուշան Տադիչին, Սաշա Լուկիչին, Ֆիլիպ Կոստիչին, Նեմանյա Գուդելին և Նիկոլա Միլենկովիչին, իսկ դարպասի պաշտպանությունը կվստահիվի իտալական Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 18 «չոր» խաղ անցկացրած Վանյա Միլինկովիչ-Սավիչին «Տորինոյից»: Սերբիայի հավաքականի հայտացուցակի 26 ֆուտբոլիստներից էլ թոփ-5 լիգաներում խաղում են 13-ը, այնպես որ, նրանք նույնպես առնվազն ի զորու են պայքարել 21-րդ դարում առաջին անգամ խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆում հանդես գալու համար:

Սլովենիա

Որպես անկախ պետություն՝ Սլովենիայի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մեկ անգամ։ Եվրո-2000-ում սլովենացիները նվաճեցին մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր, բայց չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը։ 2010 թվականին էլ Սլովենիան եվրոպական հավաքականների շարքում դարձավ գլխավոր անակնկալի հեղինակը և արժանացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած Մունդիալի ուղեգրի։ Ի դեպ, այն ժամանակ նույնպես հավաքականի ղեկին Մատյաժ Կեկն էր, որը 2018-ին կրկին ստանձնեց ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը և 14 տարի անց իր երկրի համար ձեռք բերեց խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Որակավորման մրցաշարում Սլովենիայի հավաքականը Դանիայի հետ նույն խմբում էր և վաստակեց այնքան միավոր (22), որքան Կասպեր Հյուլմանի գլխավորած թիմը, սակայն անձնական խաղերում դանիացիները ստացան առավելություն և գրավեցին առաջին տեղը։

Սլովենիայի հավաքականի գլխավոր աստղը Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն է, որն ազգային թիմում անցկացրած խաղերի գրեթե կեսում անառիկ է պահել դարպասը։ Հարձակման գծի ամենավառ ներկայացուցիչ Բենյամին Շեշկոն «Լայպցիգի» կազմում նորամուտի մրցաշրջանում Գերմանիայի Բունդեսլիգայում աչքի ընկավ 14 գոլով ու մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Արսենալի» կազմում։ Հավաքականի հնաբնակներից կարող ենք առանձնացնել նաև Անդրաժ Շպորառին և 36-ամյա Յոսիպ Իլիչիչին, որը «Մարիբորի» կազմում փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո երեք տարի անց հրավեր է ստացել Մատյաժ Կեկի կողմից և օրեր առաջ ընկերական խաղում կարողացավ գրավել Հայաստանի հավաքականի դարպասը։

Հատկապես Դանիայի ու Սերբիայի հավաքականների համեմատ C խմբում սլովենացիները խաղալու են առանց ճնշման և ավելորդ լարվածության, ինչը կարող է օգնել խառնել մրցակիցների խաղաքարտերը։ Որակավորման մրցաշարում Մատյաժ Կեկի թիմն արդեն ցույց է տվել, որ ունակ է հավասարը հավասարի պայքարել Դանիայի դեմ, և եթե հաջողվի պահպանել այդ խաղամակարդակը, գուցե ստացվի դառնալ նաև խմբի գլխավոր աանակնկալի հեղինակը։

Եվրո-2024-ի C խմբի խաղացանկը

Առաջին տուր

Սլովենիա - Դանիա՝ հունիսի 16
Սերբիա - Անգլիա՝ հունիսի 16

Երկրորդ տուր

Սլովենիա - Սերբիա՝ հունիսի 20
Դանիա - Անգլիա՝ հունիսի 20

Երրորդ տուր

Անգլիա - Սլովենիա՝ հունիսի 25
Դանիա - Սերբիա՝ հունիսի 25

Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում

Եվրո-2024. B խմբի լարային քառյակի համերգային ծրագիրը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա