Ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունը Գերմանիայում մեկնարկեց գոլառատ հանդիպումով։ Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի հավաքականը 5-1 հաշվով հաղթեց Շոտլանդիայի թիմին: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարդյունավետ բացման խաղն է:
Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 10-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը՝ խփելով Եվրո-2024-ի առաջին գոլը:
Վիրցի գոլից 9 րոպե անց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի սկսած գրոհը գոլով եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան:
Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին էլ անգլիական «Ուոթֆորդի» և Շոտլանդիայի հավաքականի պաշտպան Ռայան Պորտեուսը սեփական տուգանային հրապարակում կոպիտ խախտում թույլ տվեց Գյունդոգանի նկատմամբ, ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենը VAR-ով դրվագը դիտելուց հետո կարմիր քարտ ցույց տվեց շոտլանդացի ֆուտբոլիստին և նշանակեց 11-մետրանոց: Նշակետից դիպուկ էր Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը:
Երկրորդ խաղակեսում Բունդեսթիմը կրկին ակտիվ էր, 68-րդ րոպեին հուժկու հարվածով շոտլանդացիների դարպասը գրավեց փոխարինման դուրս եկած Նիկլաս Ֆյուլկրուգը: Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա հարձակվողը նորամուտն էր նշում Եվրոպայի առաջնություններում։
Այնուամենայնիվ, Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը կարողացավ պահել «չոր» հաշիվը, 87-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գրավեց սեփական դարպասը և հաշիվը կրճատվեց:
Ավելացված ժամանակի երրորդ րոպեին խաղի վերջակետը դրեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, որը ևս դուրս էր եկել փոխարինման՝ 5-1:
A խմբի առաջին տուրի մյուս խաղում հունիսի 15-ին կմրցեն Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականները: Գերմանացիները տնային Եվրո-2024-ում երկրորդ խաղը կանցկացնեն հունիսի 19-ին՝ մրցելով Հունգարիայի հավաքականի դեմ:
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
Գերմանիա - Շոտլանդիա՝ 5-1 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 10, Ջամալ Մուսիալա, 19, Կայ Հավերց, 45+1 (11մ), Նիկլաս Ֆյուլկրուգ, 68, Էմրե Ջան, 90+3 - Անտոնիո Ռյուդիգեր, 87 (ինքնագոլ)
Հեռացում՝ Ռայան Պորտեուս, 44 (Շոտլանդիա)
Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում