Իտալիայի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց պայքարը Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի գործող չեմպիոնը B խմբի առաջին տուրում մրցեց Ալբանիայի հավաքականի դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ, Դորտմունդում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսի առաջին հատվածում:
Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ վայրկյանին, Ալբանիայի հավաքականի կիսապաշտպան Նեդիմ Բայրամին խփեց Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ գոլը:
Իտալական «Սասուոլոյի» ֆուտբոլիստն օգտվեց Ա սերիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի սխալ եզրային նետումից և ստանալով գնդակը մրցակցի տուգանային հրապարակում հուժկու հարվածով գրավեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասը:
Չնայած բաց թողած արագ գոլին, Լուչիանո Սպալետիի գլխավորած հավաքականը 11-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը: Պատասխան գոլը գլխի հարվածոով խփեց «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին:
Այս գոլից 5 րոպե անց էլ «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բաարելան հեռահար հարվածով գրավեց ալբանացիների դարպասը՝ 2-1:
Երկրորդ խաղակեսում հավաքականներն ավելի պասիվ գործեցին: Ալբանացիները խաղի վերջնամասում լավ հնարավորություն ունեցան հաշիվը հավասարեցնելու, սակայն Դոնարուման Իտալիային փրկեց վերահաս գոլից:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ այս խմբի առաջին խաղում Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիան 3-0 հաշվով հաղթել էր ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին:
Երկրորդ տուրում Իտալիան կհանդիպի Իսպանիային (հունիսի 20), Ալբանիան՝ Խորվաթիային (հունիսի 19):
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ
Իտալիա - Ալբանիա՝ 2-1 (տեսանյութ)
Ալեսանդրո Բաստոնի, 11, Նիկոլո Բարելա, 16 - Նեդիմ Բայրամի, 1