Logo

Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստը, ռմբարկուներն ու եզրափակիչի լավագույն խաղացողը

01:50 / 15.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչից հետո հայտնի դարձան լավագույնները:

Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց չեմպիոնի տիտղոսը նվաճած Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հենակետայինն իսպանացիների բոլոր՝ 6 խաղերին մասնակցել էր մեկնարկային կազմում ու կատարել մեկ գոլային փոխանցում: Անգլիայի հավաքականի դեմ եզրափակիչի խաղում Ռոդրին վնասվածքի պատճառով փոխարինվել էր ընդմիջմանը:

Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը: Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 ասիստի հեղինակ: Յամալը գոլային փոխանցում էր կատարել նաև եզրափակիչում:

Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը բացել էր հանդիպման հաշիվը:

Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը բաժանեց 6 ֆուտբոլիստ: 3-ական գոլ խփեցին անգլիացի Հարի Քեյնը, իսպանացի Դանի Օլմոն, նիդերլանդցի Կոդի Կապկոն, գերմանացի Ջամալ Մուսիալան, վրացի Ժորժ Միկաուտաձեն ու սլովակ Իվրան Շրանցը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր անգլիացիներին ու պատմության մեջ ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն: Անգլիայի հավաքականն առաջին թիմն է, որը երկրորդ անգամ անընդմեջ պարտվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչում։

Իսպանիան Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 1964, 2008, 2012 թվականներին ու բացարձակ ռեկորդակիր դարձավ եվրոպական տիտղոսների ցուցանիշով՝ գերազանցելով Գերմանիային, որը 3 անգամ է հաղթել Հին աշխարհամասի առաջնությունում: Իտալիան ու Ֆրանսիան ունեն 2-ական տիտղոս:

Իսպանիան առաջին հավաքականն է, որը հաղթում է Եվրոպայի առաջնության բոլոր խաղերում: Իսպանացիները ռեկորդ սահմանեցին նաև մեկ Եվրոյում գոլերի ցուցանիշով՝ խփելով 15 գոլ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆրանսիային, որը Եվրո-1984-ում 14 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ