Logo

Եվրո-2024. Իտալիան վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց Խորվաթիայից, Իսպանիան հաղթեց Ալբանիային

01:02 / 25.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում պայքարն ավարտվեց B խմբում: Վերջին՝ երրորդ տուրում, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի դեմ մրցավեճում վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը (1-1) և մեծ հավանականությամբ չի հայտնվի փլեյ-օֆֆում, Իսպանիայի հավաքականն էլ 1-0 հաշվով առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ:

Իսպանիան 100 տոկոսանոց արդյունքով՝ 9 միավորով, գրավեց առաջին տեղը, Իտալիան չորս միավորով հանգրվանեց երկրորդ տեղում: Այս հավաքականները կխաղան 1/8 եզրափակիչում:

Խորվաթիա - Իտալիա խաղում 55-րդ րոպեին հաշիվը բացեց բալկանյան հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը: Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպանը գոլից մեկ րոպե առաջ վրիպել էր 11-մետրանոցից:

Իտալացիները շատ ակտիվ անցկացրին խաղի վերջնամասը և ավելացված ժամանակի 8-րդ րոպեին պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի առաջխաղացումից և փոխանցումից հետո Հռոմի «Լացիոյի» վինգեր Մատիա Ձականին գեղեցիկ հարվածով գրավեց խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի դարպասը՝ 1-1:

Զուգահեռ ընթացող խաղում էլ իսպանացիները ոչ հիմնական կազմով Ալբանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի հասան կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ֆերան Տորեսի՝ 13-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Փլեյ-օֆֆում Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականի մրցակիցը դեռևս հայտնի չէ, իսկ իտալացիները կհանդիպեն A խմբում երկրորդ տեղը գրաված Շվեյցարիայի հավաքականին:

Խորվաթները երկու միավորով երրորդն են: 6 խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից լավագույն արդյունքը գրանցած չորս ազգային թիմերը ևս դուրս են գալու փլեյ-օֆֆ: A խմբում երրորդ տեղը գրաված Հունգարիան ունի երեք միավոր: Մյուս չորս խմբերում դեռ պետք է կայանան երրորդ տուրի հանդիպումները:

Ալբանիայի հավաքականն էլ մեկ միավորով եզրափակեց B խմբի մրցաշարային աղյուսակը:

Եվրո-2024, խմբային փուլ, երրորդ տուր

B խումբ

Խորվաթիա - Իտալիա՝ 1-1 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 55 - Մատիա Ձականի, 90+8

Չիրացրած 11-մետրանոց՝ Լուկա Մոդրիչ, 54 (Խորվաթիա)

Ալբանիա - Իսպանիա՝ 0-1 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 13

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ