Պորտուգալիայի հավաքականը դարձավ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի երրորդ մասնակիցը:
F խմբի երկրորդ տուրի խաղում պորտուգալացիները Դորտմունդում 3-0 հաշվով հաղթեցին Թուրքիայի հավաքականին:
21-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան:
7 րոպե անց Թուրքիայի հավաքականի և հունական «Պանատինայկոսի» պաշտպան Սամեթ Ակայդընը պարզ իրավիճակում չհասկացավ դարպասապահ Ալթայ Բայընդըրին և գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Այս դրվագում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը դուրս էր եկել դարպասից, իսկ Ակայդըննն անհասկանալի կերպով գնդակը չզիջեց դարպասապահին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց էլ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գոլային փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ 3-0:
Դա «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի 7-րդ գոլային փոխանցումն էր Եվրոպայի առաջնություններում: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը 1968 թվականից հետո Եվրո-ներում լավագույն ասիստենտն է:
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Թուրքերը երեք միավորով երկրորդն են, վրացիները և չեխերը մեկական միավոր ունեն: Քիչ առաջ Վրաստանի և Չեխիայի հավաքականները 1-1 հաշիվն էին գրանցել:
Վերջին տուրում Պորտուգալիան կմրցի Վրաստանի դեմ, Թուրքիան՝ Չեխիայի: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 26-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ դուրս կգան նաև 6 խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից լավագույն արդյունքը գրանցած չորս ազգային թիմերը:
Եվրո-2024, խմբային փուլ, երկրորդ տուր
F խումբ
Թուրքիա - Պորտուգալիա՝ 0-3 (տեսանյութ)
Բեռնարդու Սիլվա, 21, Սամեթ Ակայդըն, 28 (ինքնագոլ), Բրունու Ֆերնանդեշ, 55


