Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 1/8 եզրափակիչում իտալացիները 0-2 հաշվով պարտվեցին Շվեյցարիայի հավաքականին, որը դարձավ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը:
Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացած խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, որին գոլային փոխանցում կատարեց գերմանական «Աուգսբուրգի» եզրային հարձակվող Ռուբեն Վարգասը: Գոլի դրվագում անհասկանալիորեն իներտ գործեցին Իտալիայի հավաքականի պաշտպանները, որոնք առանց խոչընդոտի թույլ տվեցին Ֆրոյլերին տուգանային հրապարակում ստանալ գնդակը և այն ուղարկել Ջանլուիջի Դոնարումայի դարպասը:
Շվեյցարացիներն առաջին խաղակեսում ևս 1-2 գոլային պահ ունեցան, սակայն ընդմիջման գնացին մեկ գնդակի առավելությամբ:
Ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին, Մուրատ Յակինի գլխավորած թիմը խփեց երկրորդ գոլը: «Բոլոնիայի» կիսապաշտպան Միշել Էբիշերի փոխանցումից հետո շուրջ 20 մետր հեռավարությունից շքեղ հարվածով Դոնարումայի դարպասը գրավեց Ռուբեն Վարգասը՝ 2-0:
Լուչիանո Սպալետիի գլխավորած Իտալիայի հավաքականն ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ դիպուկ հարված կատարեց:
Շվեյցարիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողի դեմ:
Ի դեպ, շվեյցարացիները երկրորդ Եվրոն անընդմեջ ելույթ կունենան քառորդ եզրափակիչում: Եվրո-2020-ում Շվեյցարիայի հավաքականը 1/8 եզրափակիչում հաղթել էր ԱԱ-2018-ի չեմպիոն Ֆրանսիային:
Եվրո-2024, 1/8 եզրափակիչ
Շվեյցարիա՝ - Իտալիա՝ 2-0 (տեսանյութ)
Ռեմո Ֆրոյլեր, 37, Ռուբեն Վարգաս, 46