Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում Շոտլանդիայի ու Շվեյցարիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին A խմբում։ Քյոլնում գրանցվեց 1-1 հաշիվը։
Շոտլանդացիներից 13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը, որին մրցակիցը 13 րոպե անց պատասխանեց MLS-ը ներկայացնող ամերիկյան «Չիկագո Ֆայրի» վինգեր Շկեդրան Շաքիրիի շքեղ դիպուկ հարվածով։
Շվեյցարիայի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է A խմբում։ Շոտլանդիան 1 միավորով երրորդն է։
Այս խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Հունգարիայի թիմին, վաստակել 6 միավոր և մրցաշարում առաջինն ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Հունգարիան միավոր չունի և եզրափակում է խումբը։
Վերջին տուրում հունիսի 23-ին Գերմանիան մրցելու է Շվեյցարիայի, Շոտլանդիան` Հունգարիայի դեմ։
Եվրո-2024, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ
Շոտլանդիա - Շվեյցարիա` 1-1 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինեյ, 13 - Շկեդրան Շաքիրի, 26


