Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները 3 անգամ են անցկացվել Գերմանիայում և ամեն անգամ այն մեծ հետք է թողել ֆուտբոլի վրա: 1974-ի Մունդիալում Գերմանիան դարձավ չեմպիոն, բայց սպորտաձևի պատմությունը փոխեց հոլանդական «տոտալ ֆուտբոլը»: 1988-ին գրանցվեց Եվրոպայի առաջնությունների պատմության ամենահիշարժան գոլը, որի հեղինակը հոլանդացի Մարկո վան Բաստենն էր: 2006-ի Մունդիալն էլ մինչև օրս համարվում է պատմության ամենալավ կազմակերպվածներից մեկը և միևնույն ժամանակ ամենահայտնի կոնֆլիկտի (պոզահարման) թատերաբեմը:
2024թ․ Եվրոպայի առաջնությունը խոշոր մրցաշարերը բնականոն հունի վերադարձնելուն է մղված: Եվրո-2020-ը կայացել էր նախատեսվածից մեկ տարի անց, այն էլ՝ բազմաթիվ երկրներում, իսկ ԱԱ-2022-ը նոյեմբեր-դեկտեմբերին՝ Կատարի պես ոչ ֆուտբոլային երկրում: Պատմությունը հուշում է՝ այս տարի նույնպես հարկավոր է պատմական իրադարձության սպասել:
Fast News-ը շարունակում է ներկայացնել Եվրո-2024-ի խմբերը: Այս անգամ կանդրադառնանք E խմբի հավաքականներին:
Բելգիա
Պատմականորեն Բելգիայի հավաքականը շատ հաջող է խաղում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում: «Կարմիր սատանները» 6 անգամ են հասել եզրափակիչ փուլ, որոնցում հասցրել են գրավել երկրորդ տեղը (1980), երրորդը (1972) և երկու անգամ հասել են քառորդ եզրափակիչ (2016, 2020):
Բելգիայի «ոսկե սերունդը» մոտենում է կարիերայի ավարտին, իսկ Եվրոպայում նրանք առավելագույնը հասել են քառորդ եզրափակիչ: Այս տարի այդ ցուցանիշը կրկնելը դյուրին է թվում: Բելգիացիներն իրենց խմբի ֆավորիտներն:
10 տարի շարունակ Բելգիան բոլոր մրցաշարերում հիմնական ֆավորիտների թվում էր, պատահական չէ, որ թիմը երկար ժամանակ գլխավորում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Այդքան բարձրանալ և բարձրունքում մնալ հնարավոր է խոշոր մրցաշար հաղթելով կամ լինել անհավանական կայուն: Կայունությունը հենց բելգիացիների մենաշնորհն էր, ինչի համար նրանք կմնան պատմության մեջ, բայց որպեսզի այդ նվաճումն ավելի հնչեղ լինի լայն շրջանակների համար, նաև խոշոր տիտղոս է հարկավոր:
Բելգիայի հավաքականի նախկին առաջատարներից Էդեն Ազարն վաղուց հեռացել է ֆուտբոլից (պաշտոնապես 1 տարի առաջ, փաստացի՝ ավելի շուտ), Տիբո Կուրտուան ծանր վնասվածքների և գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտների պատճառով բաց է թողնում խաղերը, իսկ Տոբի Ալդերվեյրելդն ավարտել է միջազգային կարիերան:
Հնաբնակներից մնացել են համաշխարհային ֆուտբոլի նախորդ 10 տարիների լավագույն կիսապաշտպան Կևին դե Բրույնեն (տողերի հեղինակի կարծիքով), հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (հսկայական առավելությամբ) Ռոմելու Լուկակուն, Աքսել Վիտցելը, Տոմա Մենյեն, Յանիկ Կարասկոն և Յան Վերտոնգենը: Փոխարենը թիմը նոր արյուն է ստացել եվրոպական ֆուտբոլում իրենց լավ դրսևորած Ժերեմի Դոկուի, Շառլ դե Կետելարեի և մյուս երիտասարդների միջոցով:
Եվրոյի որակավորման փուլը «Կարմիր սատանաները» կրկին հիանալի անցկացրին և առանց պարտության գրավեցին առաջին տեղը: Դե Բրույնեն բացակայում էր վնասվածքի պատճառով, բայց ֆենոմենալ խաղաց Ռոմելու Լուկակուն՝ 14 գոլով դառնալով որակավորման փուլի լավագույն ռմբարկու:
Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստի գոլերից կախվածության մասին առանձին փաստ. 14 գոլ խփած հարձակվողին հետևող թիմի երկրորդ ռմբարկուն դարձել է 2 գոլի հեղինակ:
ԱԱ-2022-ից հետո Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Դոմենիկո Տեդեսկոն, որը շատ լավ է հասկանում իր առաջատարների յուրահատկությունները: Նա ամրացրել է Կևին դե Բրույնեի թիկունքը երբեք չհոգնող և շատ վազող կիսապաշտպաններով և հնարավորթուն տվել «շեկ Պելեին» արարել: Լուկակուն էլ կսպասի նրա ասիստներին. ևս 2-ը և Կևինը կդառնա Ռոմելուի կարիերայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած թիմակիցը:
Եզրերում էլ Բելգիայի հավաքականն ունի արագ ու ճարպիկ Ժերեմի Դոկու և Լեանդրո Տրոսար: Այս թիմի հարձակումը շատ հզոր է: Մնում է լուծել թիմային պաշտպանության հարցը և Բելգիան վերջապես կարող է լուրջ նվաճման հասնել:
Սլովակիա
Ֆրանչեսկո Կալցոնան օգնեց վերհիշել այն մոռացված տարիները, երբ մարզիչները հաճախ էին համատեղում ակումբում և ազգային հավաքականում աշխատանքը: Իտալացին օգնության ձեռք մեկնեց իր հարազատ «Նապոլիին» և մրցաշրջանի վերջին հատվածում գլխավորեց «Աձուրին», բայց մեկ պայմանով. նա մնալու է Սլովակիայի հավաքականում և ամռանը թիմին տանելու է Եվրոպայի առաջնություն:
Իտալական առաքելությունն ավարտելուց և իր տեղն Անտոնիո Կոնտեին հանձնելուց հետո Կալցոնան վերադարձավ Սլովակիա և սկսեց վերջին հավաքը Եվրոյից առաջ: Ընկերական խաղերում Սլովակիան 4:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին և Ուելսին: Հատկապես «Վիշապների» նկատմամբ հաղթանակը շատ տպավորիչ էր:
Սլովակիան եվրոպական ֆուտբոլի այն յուրահատուկ թիմերից է, որը քիչ գոլային պահերով շատ գոլեր է խփում: Նույն Ուելսի հավաքականի դեմ խաղում 4 գոլի համար բավական էր 1,86 xG (սպասված գոլեր), որակավորման փուլում իսլանդացիների դեմ նույն 4 գոլի համար գրեթե նույն՝ 1,87 xG, Պորտուգալիայի պես ահեղ մրցակցին «Դրագաու» ստադիոնում նույնիսկ 0,3 xG ապահովեց 2 գոլ:
Սլովակիայի հավաքականը կազմավորված է վետերաններով (Մարտին Դուբրավկա՝ 35 տարեկան, Պետեր Պեկարիկ՝ 37, Յուրայ Կուցկա՝ 37) և հիանալի մարզավիճակում գտնվող միջին տարիքի խաղացողներով (Դավիդ Հանցկո՝ 26 տարեկան, Դենիս Վավրո՝ 28, Ստանիսլավ Լոբոտկա՝ 29, Օնդրեյ Դուդա՝ 29, Լուկաշ Հարասլին՝ 28, Ռոբերտ Բոժենիկ՝ 24): Գումարեք վերջերս ՊՍԺ-ի պահեստային դարձած, բայց բազմափորձ ավագ Միլան Շկրինյարին ու անչափ խոստումնալից երիտասարդ Տոմաշ Սուսլովին և կստանանք թիմ, որը կարող է առանձին խաղում անակնկալի մատուցել ցանկացած մրցակցի կամ ֆուտբոլասերի:
Սլովակիայի հավաքականը երրորդ անընդմեջ Եվրոյին է մասնակցում և նախորդ երկուսում խմբում գրավել է երրորդ տեղը: 2016-ին նույնիսկ դա չխանգարեց դուրս գալ 1/8 եզրափակիչ և հայտնվել հզոր Գերմանիայի ճնշման տակ (0-3), իսկ հաջորդ անգամ երրորդ տեղը խմբից դուրս գալ թույլ չտվեց լրացուցիչ ցուցանիշների պատճառով:
Այս անգամ սլովակների խումբը թույլ է տալիս ավելի հեռուն նայել և փորձել նույնիսկ առաջին երկու տեղերից մեկը գրավել: Անգամ երկրորդ տեղը թույլ կտա 1/8 եզրափակիչում մրցել C խմբի երկրորդ տեղի թիմի հետ, և եթե այն չլինի Անգլիայի հավաքականը, սլովակները կարող են մեծ անակնկալի հասնել և հայտնվել քառորդ եզրափակիչում:
Ուկրաինա
Տևական ժամանակ անց Ուկրաինան և աշխարհի մյուս հավաքականները (բացի մեկից) կլինեն նույն պայմաններում... բոլորն էլ կխաղան չեզոք դաշտում: Ուկրաինայի հավաքականը ծանր իրավիճակից պատվով դուրս եկավ: Որակավորման փուլում երրորդ տեղ «մահվան խմբում», ընդ որում՝ Իտալիայի հետ հավասար միավորներով (14), բայց Սերգեյ Ռեբրովի թիմը զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: Միայն Անգլիան էր, որ անկասելի էր (20):
Անցումային փուլում «Կապտադեղինները» կամային հատկանիշների շնորհիվ հաղթանակ պոկեցին բոսնիացիներից, երբ հաշվի մեջ զիջում էին մինչև 85-րդ րոպեն, բայց փոխարինման մտած Ռոման Յարեմչուկը գոլ ու ասիստ գրանցեց: Եզրափակիչ ուղեգրի համար խաղում Սերգեյ Ռեբրովի թիմը կրկնեց նույն խաղային սցենարը: 0:1 հաշվով զիջում էին Իսլանդիային, սակայն Գեորգի Սուդակովը երկու գոլային փոխանցում կատարեց և երջանկացրեց ուկրաինացիներին:
Եվրոպայի առաջնություններին Ուկրաինան անխափան մասնակցում է 2012-ի տնային մրցաշարից սկսած: Ամենահաջողը Եվրո-2020-ն էր, որտեղ թիմը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Անգլիային (0-4): Ուշագրավ է, որ Մունդիալին Ուկրաինան միայն մեկ անգամ է մասնակցել, բայց նույնպես հասել է քառորդ եզրափակիչ:
ԱԱ-2006-ում ու Եվրո-2012-ում Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը լեգենդար Օլեգ Բլոխինն էր, նախորդ երկու Եվրոների ժամանակ՝ մեկ այլ անվանի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, իսկ հունիսի 14-ին մեկնարկող մրցաշարում կլինի Սերգեյ Ռեբրովը: Կարծես ուկրաինացիների համար հեղինակավոր նախկին ֆուտբոլիստի ներկայությունը գլխավոր մարզչի պաշտոնում որոշիչ գործոն է: Նույնիսկ հանճարեղ Վալերի Լոբանովսկին չի կարողացել թիմին եզրափակիչ փուլ դուրս բերել:
Շևեչենկոյի ու Ռեբրովի աշխատնքների արանքում Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր այժմ Հայաստանի հավաքականը գլխավորող Ալեքսանդր Պետրակովը, որը չկարողացավ թիմին դուրս բերել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ Անդրեյ Յարմոլենկոյի ինքնագոլի պատճառով և մեկ տարի անց տեղափոխվեց Հայաստան: Այդուհանդերձ, Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը Պետրակովի սաներն են՝ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականում աշխատած տարիների ընթացքում: Նրանցից ոմանք Պետրակովի հետ դարձել են Մ20 աշխարհի չեմպիոն:
«Դեղնակապույտների» այս թիմը լի է անչափ տաղանդավոր երիտասարդներով և փորձառու ֆուտբոլիստներով: Ռեբրովը հասկանում է հենակետային կիսապաշտպանի դիրքի կարևորությունը և հենց այդ դիրքում հրավիրել է 30 անց փորձառու խաղացողների, իսկ մյուս դիրքերում պատրաստ է վստահել ավելի երիտասարդների: Օրինակ՝ հրթիռային արագություն ունեցող վինգեր Միխայլո Մուդրիկին «Չելսիից», նոր սերնդի ամենախոստումնալից կիսապաշտպաններից Եվգենի Սուդակովին, որն ազգային հավաքականում նույնիսկ ավելի հաճախ է գոլային գործողություն կատարում, քան «Շախտյորում»: Թիմում են նաև Իսպանիայի Լա լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու Արտյոմ Դովբիկը, «Ժիրոնայում» նրա թիմակից Վիկտոր Ցիգանկովը, ավելի աստղային Ալեքսանդր Զինչենկոն, Ռուսլան Մալինովսկին ու Անդրեյ Յարմոլենկոն, ինչպես նաև միանգամից 3 ուժեղ դարպասապահ:
Եթե Ուկրաինայի հավաքականը կարողանա լիարժեք օգտագործել իր ներուժը, ապա կրկին քառորդ եզրափակիչ հասնելը բավականին հավանական սցենար է:
Ռումինիա
8 տարվա դադարից հետո Ռումինիայի հավաքականը վերադարձել է խոշոր մրցաշար: «Կարպատյան տղաների» վերջին խոշոր մրցաշարը եղել է 2016թ․ Եվրոպայի առաջնությունը, որում ընդամենը 1 միավոր վաստակեցին և նույնիսկ Ալբանիան ավելի բարձր տեղ գրավեց:
Ռումինիայի մեծագույն հաջողությունները գրանցվել են 1990-2000 տասնամյակում, երբ «ոսկե սերունդը» երեք անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ հասնելով առնվազն 1/8 եզրափակիչ (1994-ին քառորդ եզրափակիչ), ինչպես նաև 2000թ․ Եվրոպայի առաջնությունում խաղաց քառորդ եզրափակիչում: Դրանից հետո նրանք յուրացրել են 0 թիվը: Մունդիալների զրո մասնակցություն, Եվրոպայի առաջնությունում 2 մասնակցություն, բայց զրո հաղթանակ:
«Ոսկե սերունդից» հետո անկումը սպասելի էր, բայց ոչ ոք չէր ակնկալում, որ անհաջողություններն այսքան երկար կտևեն: Մի պահ նոր «ոսկե սերնդի» հույս առաջացավ 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ, երբ «Տրիկոլորը» հասավ կիսաեզրափակիչ, բայց երիտասարդ տաղանդները զարգացման հաջորդ քայլը չեն կատարել:
Երբ նայում ես Եվրո-2024-ում Ռումինիայի հայտացուցակին, չես գտնի որևէ աստղային ֆուտբոլիստի: Այո, նրանցից մի քանիսը խաղում են ճանաչված թիմերում, բայց միայն այդքանը, նրանք չեն առանձնանում:
Բայց դա չի նշանակում, որ Ռումինիան դատապարտված է: Որակավորման փուլում թիմն իր խմբում գրավեց առաջին տեղը՝ առանց պարտության: Ճիշտ է «Տրիկոլորը» տնային խաղերում առանձնանում էր իր երկրպագուների ֆենոմենալ աջակցության շնորհիվ, բայց արտագնա հանդիպումներում էլ կարողանում էր լավ «փակվել»: Մրցակիցները 5 խաղում ընդամենը 4,88 xG են ստեղծել, որոնցից 2,67-ը՝ խմբի ֆավորիտ Շվեյցարիան: Հենց այդ խաղում էլ Ռումինիան դրսևորեց վերջին տարիների իր ամենատպավորիչ քամբեքներից մեկը. 88-րդ րոպեից հետո 2 գոլ և կարևորագույն ոչ-ոքի (2-2):
Եթե լեգենդար Անգել Յորդանեսկուի որդին՝ գլխավոր մարզիչ Էդի Յորդանեսկուն, կարողանա Եվրոպայի առաջնությունում պահպանել թիմային պաշտպանության սկզբունքները, հոգեբանորեն ուժեղ թիմի առկայությունը և արդեն 26-28 տարեկան դարձած, բայց մինչև օրս «ոսկե» չդարձած սերունդից գոնե մի քանիսը բացահայտեց այն սպասելիքները, որ նրանցից ունի Գեորգե Հաջիի հայրենիքը, կարող ենք ականատես լինել մեծագույն ռենեսանսի:
F խմբի խաղացանկը
Առաջին տուր
Ռունինիա - Ուկրաինա՝ հունիսի 15
Բելգիա - Սլովակիա՝ հունիսի 15
Երկրորդ տուր
Սլովակիա - Ուկրաինա՝ հունիսի 19
Բելգիա - Ռումինիա՝ հունիսի 20
Երրորդ տուր
Սլովակիա - Ռումինիա՝ հունիսի 24
Ուկրաինա - Բելգիա՝ հունիսի 24
Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում
Եվրո-2024. B խմբի լարային քառյակի համերգային ծրագիրը
Եվրո-2024. Գլխավոր ֆավորիտն ու C խմբի մյուս թիմերը
Եվրո-2024. Բոլորը Մբապեի ու Ֆրանսիայի դեմ են մի խմբում, որտեղ թույլ թիմեր չկան