Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ տարավ երկու անընդմեջ հաղթանակ։
Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի 4-րդ խմբի երրորդ տուրում հայ ֆուտբոլիստուհիները սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեցին Ղազախստանի հավաքականին։ Արմավիրում կայացած խաղում դաշտի տերերից գոլի հեղինակ դարձան ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Աննա Դալլաքյանը և իսպանական «Մալագա Սիթիի» խաղացող Մարալ Արթինը։
Նախորդ տուրում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը 3-2 հաշվով հաղթել էր Բուլղարիայի հավաքականին՝ 13 տարվա ընդմիջումից հետո տանելով առաջին հաղթանակը պաշտոնական խաղում։
Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Ռումինիային, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Բուլղարիան ունի 3 միավոր, իսկ հետնապահ Ղազախստանը կրեց երրորդ պարտությունը:
Հայ ֆուտբոլիստուհիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 4-ին և կհյուրընկալվեն Ղազախստանի հավաքականին։
Եվրո-2025, որակավորման փուլ, C լիգա, 4-րդ խումբ, երրորդ տուր
Հայաստան – Ղազախստան՝ 2-1
Աննա Դալլաքյան, 13, Մարալ Արթին, 49 (11մ) – Կամիլա Կուլմագամբետովա, 70
Ֆոտո՝ ՀՖՖ


