Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության որակավորման հիմնական փուլի երկրորդ խաղում գոլառատ պայքարում ոչ-ոքի գրանցեց Ղազախստանի թիմի դեմ` 4-4։
Հանդիպման մեկնարկում Ռուբեն Նազարեթյանի թիմին առաջ մղեց Ռաֆիկ Մելիքյանը, սակայն մրցակիցը նախքան ընդիմջում խփեց պատասխան գոլը։
Ղազախները երկրորդ խաղակեսում հաղթում էին նախ 2-1, ապա` 4-2, սակայն հայ ֆուտզալիստները Միհրան Դերմենջյանի դուբլի ու Արսեն Պետրոսովի գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեցին։
Հայաստանի հավաքականը 6-րդ խմբում միավորների քանակը հասցրեց 4-ի և երկրորդն է։ Ղազախստանը նույնպես 4 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է։ Խմբի մյուս խաղում Դանիան դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած, կընդունի Ալբանիային։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 1-ին ու Երևանում կմրցի Ալբանիայի դեմ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի թիմը սեփական դաշտում 4-3 հաշվով հաղթել է դանիացիներին։
Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլ, երկրորդ տուր
6-րդ խումբ
Ղազախստան - Հայաստան` 4-4
Չինգիզ Յեսենամանով, 18, Դուգլաս Ժունիոր, 26, 32, Ազատ Վալիուլին, 31 - Ռաֆիկ Մելիքյան, 5, Միհրան Դերմենջյան, 29, 36, Արսեն Պետրոսով, 33


