Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) ստացավ ոսկե մեդալը և նրա պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Եզրափակիչում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5-2 հաշվով առավելության էր հասել Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի նկատմամբ:
Արսեն Հարությունյանի պարգևատրման արարողությունը՝ տեսանյութով:
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրա Օրմանօղլուի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում 23-ամյա Հարությունյանը վաղաժամ ավարտել էր գոտեմարտy՝ 10-0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանին:
Հայ ըմբիշը Եվրոպայի չեմպիոն դաձել էր նաև 2019 և 2022 թվականներին։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) ապրիլի 18-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Այսպիսով, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը հայրենիք կվերադառնա երկու ոսկե մեդալով: ԵԱ-ի թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1994 թվականից հետո առաջին անգամ երկու չեմպիոն ունեցավ մեկ Եվրոպայի առաջնությունում:


