Ակումբային ֆուտբոլում 2023/24 մրցաշրջանը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով:
FastNews-ն առանձնացրել է ավարտված մրցաշրջանում Եվրոպայի թոփ-5 լիգաների 10 լավագույն տրանսֆերները: Սպասելի է, որ նրանից շատերը հաջող ակումբային մրցաշրջանից հետո ազգային հավաքականի կազմում կփայլեն նաև առաջիկա Եվրո-2024-ում։
Ընտրություն կատարելն այնքան բարդ էր, որ լավագույն տասնյակից դուրս են մնացել հրաշալի մրցաշրջան ացկացրած այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջեյմս Մեդիսոնը, Ջանլուկա Սկամական, Սավիոն, Քրիստիան Պուլիշիչը, Ալեքսիսիս Մաքալիստերն ու Դոմինիկ Սոբոսլային:
Տասնյակը բացում է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: Նախորդ տարվա ամռանը «Զինագործները» «Վեսթ Հեմին» Ռայսի տրանսֆերի համար վճարեցին գրեթե 117 միլիոն եվրո: Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը Միկել Արտետայի կողմից ամենաշատ խաղաժամանակ ստացած 3 ֆուտբոլիստներից էր: 25-ամյա անգլիացին ամբողջությամբ լրացրեց թիմից հեռացած Գրանիտ Ջակայի բացը և 51 խաղում խփեց 7 գոլ, կատարեց 10 գոլային փոխանցում:

9-րդ տեղում Գրանիտ Ջական է: Սկզբում կարծիքները շատ էին, որ «Արսենալից» Լևերկուզենի «Բայեր» տեղափոխությունը շվեյցարացու համար որոշակի հետքայլ էր, բայց ժամանակն ապացուցեց հակառակը: Ջական դարձավ պատմական մրցաշրջան անցկացրած «Բայերի» կարևորագույն մասնիկներից: 31-ամյա կիսապաշտպանը Խաբի Ալոնսոյի թիմում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն էր և մեծապես նպաստեց երկու տիտղոսների նվաճմանը:

8-րդ տեղում Արտյոմ Դովբիկն է: Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ժիրոնան» ուկրաինական «Դնեպր 1-ին» շուրջ 8 միլիոն եվրո վճարեց հարձակվողի համար: Ուկրաինացին կատալոնական ակումբի հետ հիանալի մրցաշրջան անցկացրեց, դարձավ Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր և նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Դովբիկը 24 գոլով հաղթեց Պիչիչիի՝ Լա լիգայի մրցաշրջանի գլխավոր ռմբարկուի մրցանակը: Գոլերից բացի, ուկրաինացին կատարեց նաև 8 գոլային փոխանցում:

7-րդ տեղում Պիեռ Էմերիկ Օբամեյանգն է: Գաբոնցին ազատ գործակալի կարգավիճակում միացավ ֆրանսիական «Մարսելին», որի մրցաշրջանը հակասական տպավորություններ թողեց: Սակայն ամեն ինչ լավ էր հենց հարձակվողի համար: 34-ամյա ֆուտբոլիստը 10 գոլով դարձավ Եվրոպա լիգայի գլխավոր ռմբարկու, իսկ Լիգա 1-ում 17 գոլով 4-րդ տեղը զբաղեցրեց ռմբարկուների ցուցակում: Ընդհանուր առմամբ՝ 51 խաղում 30 գոլ, 11 գոլային փոխանցում․ մրցաշրջանն Օբայի համար ավելի քան ստացված էր:

6-րդ տեղում Յան Զոմերն է: Շվեյցարացի դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում միացավ «Ինտերին», որի կազմում նվաճեց Սկուդետոն և Իտալիայի Սուպերգավաթը: 35-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրեց 43 հանդիպում, որոնցից 25-ում դարպասը պահեց անառիկ: Զոմերը բաց թողեց ընդամենը 23 գնդակ, ինչը լավագույն ցուցանիշն էր թոփ-5 լիգաներում:

Լավագույն հնգյակը բացում է Զոմերի թիմակից Մարկուս Թյուրամը: Միլանյան գրանդը ֆրանսիացու տրանսֆերը ևս իրականացրեց անվճար: 26-ամյա Թյուրամը հարձակման գծում հիանալի համագործակցեց Լաուտարո Մարտինեսի հետ և 46 խաղում խփեց 15 գոլ, կատարեց 14 գոլային փոխանցում: Նվաճած Սկուդետոյին ու Սուպերգավաթին էլ արդեն անդրադարձել ենք:

4-րդ տեղում Քոուլ Պալմերն է: Անգլիացին 47 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Չելսի» և դարձավ ավարտված մրցաշրջանում լոնդոնցիների իսկական առաջատարը: 22-ամյա տաղանդը լոնդոնյան ակումբում 48 խաղում խփեց 27 գոլ և կատարեց 15 գոլային փոխանցում:

3-րդ տեղում ֆուտբոլային բախտազուրկ Հարի Քեյնն է: Անգլիայի հավաքականի ավագը Լոնդոնը փոխեց Մյունխենով, որպեսզի վերջապես նվաճի այդքան սպասված առաջին տիտղոսը, բայց ֆուտբոլային Աստվածներն այս անգամ էլ գլխիկոր թողեցին հարձակվողին: Չնայած այդ ամենին՝ Քեյնը ֆենոմենալ արդյունավետություն ցուցաբերեց: 30-ամյա հարձակվողը «Բավարիայում» նորամուտի մրցաշրջանում 45 խաղում դարձավ 44 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղում մրցաշրջանի ամենավառ խաղ ցուցադրածներից Ալեխանդրո Գրիմալդոն է: Իսպանացին ևս ազատ գործակալի կարգավիճակում միացավ նոր ակումբին և իր գեղեցիկ ու արդյունավետ խաղով առանձնացավ «Բայերում»: Գրիմալդոն 51 խաղում խփեց 12 գոլ, կատարեց 19 գոլային փոխանցում: Վիճակագրություն, որը կերազեին ունենալ շատ հարձակվողներ: 28-ամյա ֆուտբոլիստը փայլուն արդյունավետությանը զուգաեռ դարձավ նաև Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր և Իսպանիայի հավաքականի կազմում հայտավորվեց Եվրո-2024-ին:

Շատ մասնագետների կարծիքով, 2023/24 մրցաշրջանի լավագույն տրանսֆերը Ջուդ Բելինգեմի տեղափոխությունն է Դորտմունդի «Բորուսիայից» Մադրիդի «Ռեալ»: Անգլիացին միգուցե ամբողջ մրցաշրջանի ընթացքում չկարողացավ պահել կայունությունը, բայց մի քանի առանցքային կետերը տալիս են բոլոր հարցերի պատասխանները: Բելինգեմն ընդամենը 20 տարեկանում «Ռեալի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը 42 խաղում խփեց 23 գոլ ու կատարեց 13 ասիստ և մեծապես նպաստեց «Արքայական ակումբի» երկու տիտղոսների նվաճմանը: Այդ ամենը թույլ է տալիս սպասել, որ Ջուդը լինելու է Եվրո-2024-ի գլխավոր հերոսներից մեկը։



