
Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել ազգային առաջնության 9 ֆուտբոլիստի: «Ալաշկերտից» հրավիրվել են Արսեն Բեգլարյանը, Գագիկ Դաղբաշյանը, Արտակ Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը և Արտյոմ Սիմոնյանը, «Շիրակից»՝ Արտյոմ Միքայելյանը և Ռոբերտ Դարբինյանը, «Փյունիկից»՝ Գոռ Մանուկյանը, «Գանձասար-Կապանից»՝ Գրիգոր Մելիքսեթյանը:
Ընկերական խաղ. Հայաստանի Մ-19 2-2 Իրանի Մ-19. Արտակ Օսեյանի գլխավորած թիմից հաջողության են հասել Արմեն Նահապետյանը և Կարեն Մելքոնյանը, իսկ հյուրերից՝ Ամիր Մահդի Ջանմալեկին և Մեհդի Բայաթը: Այս 2 հավաքականները Երևանում ընկերական հանդիպում էին անցկացրել նաև 2 օր առաջ, և իրանցիները հաղթանակ էին տոնել 1-0 հաշվով:
Հայաստանի Մ-21 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սկսել է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով «Եվրո-2019»-ի ընտրական փուլում Ջիբրալթարի և Ավստրիայի նույն տարիքային ընտրանիների դեմ խաղերին: Հայաստան Մ-21 – Ջիբրալթար Մ-21 հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին, իսկ Հայաստան Մ-21 – Ավստրիա Մ-21 մրցավեճը՝ հոկտեմբերի 10-ին:
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Ալ-Շաբաբ» 0-1 «Ալ-Նասր». Մարկոս Պիզելին մասնակցել է առաջին խաղակեսին: «Ալ-Շաբաբը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 11-րդ տուր. «Աստորիա» 1-3 «Շտուտգարտ-2». Հայկ Գալստյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին, զգուշացվել է դեղին քարտով: «Շտուտգարտ-2»-ն ընթանում է 6-րդ տեղում:

Առաջին խմբի առաջնության և գավաթի խաղարկության խաղացանկում կատարվել է փոփոխություն: «Էրեբունի» – «Ավան Ակադեմիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզադաշտում: Իսկ գավաթի 1/4 եզրափակիչ «Ավան Ակադեմիա» – «Գանձասար-Կապան» պատասխան մրցավեճը տեղափոխվել է և կայանալու է հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին:
«Ստալի» նախագահ Վարդան Իսրայելյանը հայտարարել է, որ հրաժարական տված Եղիշե Մելիքյանի փոխարեն թիմը կգլխավորի Նիկոլայ Կոստովը: 54-ամյա մասնագետն ու նրա շտաբը կանցնեն աշխատանքի հոկտեմբերի 2-ից: Կոստովը հայտնի է Երևանի «Բանանցում» և Դոնեցկի «Մետալուրգում» իր աշխատանքով: «Ստալում» են խաղում Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրներն ու Արթուր Դանիելյանը:

Ֆրանսիայի Լիգա-1, 8-րդ տուր. «Մոնակո» 1-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը բաժանում է 10-11-րդ տեղերը:
Ուկրաինայի Մ-21 առաջնություն, 11-րդ տուր. «Օլիմպիկ» Մ-21 1-4 «Մարիուպոլ» Մ-21. Արթուր Ավագիմյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին: «Մարիուպոլ» Մ-21-ը եզրափակում է լավագույն քառյակը:
Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 12-րդ տուր. «Սպարտակ» Մ-21 1-0 «Ուրալ» Մ-21. Վոլոդյա Իսրայելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ուրալ» Մ-21-ը զբաղեցնում է 16-րդ տեղը:
Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 12-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21 1-0 «Ռոստով» Մ-21. «ԲՄԱ-Խաբարովսկից» Մանվել Ահարոնյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին, իսկ «Ռոստովից» Նորիկ Մկրտչյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «ԲՄԱ-Խաբարովսկ» Մ-21-ը 8-րդ հորիզոնականում է, իսկ «Ռոստով» Մ-21-ը եզրափակում է լավագույն տասնյակը:
Սեպտեմբերի 30-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրը: 2-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցելու է լավագույն եռյակը եզրափակող «Բանանցի» հետ: Տուրի կենտրոնական խաղի վերաբերյալ բոլոր մանրամասներն՝ այստեղ:
Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
