Logo

Եզոպոս [5 իմաստուն առակ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.08.2020Թոփեր
առակ - Եզոպոս [5 իմաստուն առակ]

Պոչատ աղվեսը

   Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

– Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թե մաքուր սրտով, այլ սեփական օգտի համար:

 

Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց.

– Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս:

   Առակս ցուցանե, որ դժվարին պայմանները ժամանակի ընթացքում ինքնին հեշտանոմ են:

 

Աղվեսն ու խաղողը

   Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց.

– Դեռ խակ է:

   Այդպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

 

Ժլատը

   Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց.

– Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում:

 Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ:

 

Ձկնորսն ու ձկնիկը

   Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց.

– Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով:

   Առակս ցուցանե, որ ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ