Նորվեգիայում անցկացված շախմատի Fagernes Chess Internacional մրցաշարում հաջող ելույթներ ունեցավ Սամվել Տեր-Սահակյանը՝ 9 մրցախաղերում վաստակած 7 միավորով զբաղեցնելով 3-րդ տեղը: Հայաստանի գործող չեմպիոնը պարգևատրվեց 800 եվրոյով:
Անհատական վարկանիշով (2613) մրցաշարի մասնակիցներից երկրորդ ցուցանիշն ունեցող հայ գրոսմայստերը մնաց անպարտելի՝ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, թուրք Վահապ Սանալից, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած հնդիկ Աբիմանյու Պուրանիկին:
Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմին Օհանյանը 5 միավորով 92 մասնակիցների մեջ զբաղեցրեց 24-րդ տեղը:
Մրցաշարի շրջանակներում շախմատիստները երկու անգամ իրենց հարաբերությունները պարզեցին կայծակնային շախմատում (բլից): 30 շախմատիստների մասնակցությամբ անցկացված առաջին մրցաշարում Էմին Օհանյանը 7 պարտիաներում վաստակած 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա մեկ միավոր զիջեց հնդիկ Մոհան Կուշագրային: Սամվել Տեր-Սահակյանը 4,5 միավորով 7-րդն էր:
Կայծակնային շախմատի երկրորդ մրցաշարում ավելի հաջող էր Սամվել Տեր-Սահակյանի ելույթը, որը 9 մրցախաղերում վաստակած 7 միավորով 44 մասնակիցների մեջ զբաղեցրեց 2-րդ տեղը: Հայաստանի գործող չեմպիոնը կես միավորով հետ մնաց գլխավոր մրցանակը նվաճած սինգապուրցի Չժեն Յու Սայրուս Լոուից: Էմին Օհանյանը 6,5 միավորով 4-րդն էր: