Logo

Fastex ՀՊԼ-ի 9-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:17 / 29.09.2022Հայկական ֆուտբոլ
ՀՊԼ-ի 9-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ    

Սեպտեմբերի 30, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

4 խաղ, որից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-4

«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (16 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 9-րդ տուր-1

1. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» դժվարին պայքարում նվազագույն հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Դա առաջնությունում Հայաստանի կրկնակի չեմպիոնի 4-րդ անընդմեջ հաղթանակն էր: Այդ հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 11 գոլ է խփել, սեփական դարպասն անառիկ է պահել: Այդ խաղերում առավել արդյունավետ են գործել Ջոնաթան Դուարտեն, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ուգո Ֆիրմինուն և Ագդոն Մենեզեսը՝ խփելով 2-ական գոլ:

2. ԲԿՄԱ-ին վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տանել առաջնությունում: Նախորդ տուրում բանակայինները 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան «Արարատի» նկատմամբ: Դա ՀՊԼ-ում արարատցիների հետ հանդիպումներում ԲԿՄԱ-ի տարած 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում ԲԿՄԱ-ն հաղթանակի բերկրանքն առաջին անգամ վայելել էր միայն 9-րդ տուրում 8 անընդմեջ պարտություններից հետո՝ 2-0 հաշվով առավելության հասնելով «Նորավանքի» նկատմամբ:

ՀՊԼ-ի 9-րդ տուր-2

3. «Արարատի» հետ խաղում Գոռ Լուլուկյանն ու Գևորգ Տարախչյանը բացեցին գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ում: Թիմի կազմում նորամուտը նշած Գոռ Լուլուկյանն (19 տարեկան 258 օրական) ընդգրկվեց ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Իսկ արարատցի Սերոբ Գալստյանի խփած գոլը ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի բաց թողած 100-րդ գնդակն էր:

4. Վսևոլոդ Երմակովն առաջնության վերջին 4 խաղերում դարպասն անառիկ է պահել: Նա արդեն 398 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Վերջին անգամ Երմակովի դարպասը գրավել է ալաշկերտցի Աննան Մենսահն օգոստոսի 19-ին կայացած խաղում: Դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով իր լավագույն արդյունքը (566 րոպե) Երմակովը գրանցել է նախորդ առաջնությունում «Արարատի» դարպասը պաշտպանելիս:

5. Եթե «Արարատ-Արմենիային» հաջողվի երկու անգամ գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, ապա կնշի ՀՊԼ-ում հոբելյանական՝ 200-րդ գոլի հոբելյանը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները  

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 3 գոլ:

ԲԿՄԱ` Միքայել Միրզոյան - 2 գոլ:

«Արարատ» - «Ուրարտու»  

Սեպտեմբերի 30, ժամը՝ 19:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

77 խաղ, «Արարատը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 37, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 76-113

«Արարատ»՝ 7-րդ տեղ (8 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (16 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 9-րդ տուր-3

1. «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում կայունացնել խաղն ու ավելացնել միավորների քանակը: Նախորդ տուրում արարատցիները 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 1-2 հաշվով զիջելով ԲԿՄԱ-ին: Ընդ որում, «Արարատն» էր բացել խաղի հաշիվը: Նախորդ խաղում էլ «Արարատը» նույնպիսի հաշվով պարտվել էր «Լեռնային Արցախին»: Վերջին 3 խաղերում արարատցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Նոայի» հետ:

2. «Ուրարտուն» նախորդ տուրում կարևոր հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ, որի շնորհիվ ընդամենը 2 միավորով է հետ մնում առաջատար «Ալաշկերտից»: Վերջին 3 հանդիպումներում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 7 միավոր է վաստակել: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» ունի 6 միավոր ավելի:

ՀՊԼ-ի 9-րդ տուր-4

3. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» այդպես էլ  չհաջողվեց հաղթել «Արարատին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Ուրարտուն» տարել է անցյալ տարվա մայիսի 22-ին կայացած խաղում Վադիմ Պարամոնովի և Արթուր Միրանյանի խփած գոլերի շնորհիվ:

4. «Փյունիկի» հետ նախորդ տուրի խաղում «Ուրարտուի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր ռուսաստանցի Ալեքսանդր Մելիխովին: 24-ամյա դարպասապահն իրեն լավ դրսևորեց նորամուտի խաղում, ուստի բացառված չէ, որ «Արարատի» հետ մրցավեճում էլ նա պաշտպանի թիմի դարպասը: Մելիխովը Գրոզնու «Ախմատից» է տեղափոխվել «Ուրարտու»:

ՀՊԼ-ի 9-րդ տուր-5

5. «Ուրարտուն» ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ թիմն է, որն անցկացրած 8 հանդիպումներում 18 գոլ է խփել: Գոլերից 5-ը գրանցվել է Մաքսիմ Մայրովիչի հաշվին, որն ընդամենը մեկ գնդակով է զիջում առաջնության լավագույն ռմբարկու, ալաշկերտցի Բլադիմիր Դիասին:

Իսկ ահա «Արարատն» ամենացածր արդյունավետությունն ունի: Արարատցիները խփել են ընդամենը 4 գոլ, որից 2-ի հեղինակը Ռազմիկ Հակոբյանն է:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Վահե  Յաղմուրյան - 5 գոլ:

«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:

«Շիրակ» - «Լեռնային Արցախ»

Հոկտեմբերի 1, ժամը՝ 15:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

19 խաղ, «Շիրակը» հաղթել է 16 անգամ, «Լեռնային Արցախը»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 52-13

«Շիրակ»՝ 8-րդ տեղ (8 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6- րդ տեղ (10 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 9-րդ տուր-6

1. «Շիրակի» համար «Լեռնային Արցախի» հետ հանդիպումը հոբելյանական՝ 800-րդն է Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի առաջնություններում: 2-րդ արդյունքն ունի «Փյունիկը», որը 779 խաղ է անցկացրել: Եռյակը եզրափակում է «Արարատը», որը մասնակցել է 765 խաղի: «Շիրակն» անցկացրած 799 հանդիպումներից 378-ում հաղթել է, 172-ն ավարտել է ոչ-ոքի, 249-ում պարտվել է, խփել է 1393 գոլ, բաց է թողել 947 գնդակ:

2. Նախորդ տուրում «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 6-խաղյա շարքը՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Նոայի» նկատմամբ: Մինչև այդ միակ հաղթանակը շիրակցիները տարել էին մեկնարկային տուրում՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին:

3. «Լեռնային Արցախը» նախորդ տուրում համառ պայքարում նվազագույն հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»: Հետաքրքիր է, որ բոլոր 4 պարտություններն էլ արցախցիները կրել են նվազագույն հաշվով՝ զիջելով նաև «Վանին», «Ալաշկերտին» և «Փյունիկին»:

ՀՊԼ-ի 9-րդ տուր-7

4. Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է 1993թ. օգոստոսի 24-ին Գյումրիում և ավարտվել է տանտերերի՝ խոշոր հաշվով հաղթանակով (4-1): Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել էր «Շիրակի» պաշտպան Սարգիս Կարապետյանը:

«Լեռնային Արցախը», որ այն ժամանակ խաղում էր «Երազանք» անվանումով, առաջին հաղթանակը շիրակցիների նկատմամբ տարել է 1995թ. հոկտեմբերի 14-ին Գյումրիում կայացած խաղում, որի ելքը վճռել էր Արկադի Հակոբյանի խփած միակ գոլը: Դա մրցակիցների միջև կայացած 6-րդ հանդիպումն էր:

Բարձրագույն խմբում մրցակիցների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2005թ. ապրիլի 12-ին Գյումրիում և ավարտվել է «Լեռնային Արցախի» 4-1 հաշվով հաղթանակով: Այդ առաջնությունում «Լեռնային Արցախում» հիմնականում խաղում էին «Արարատի» ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչն էլ Արկադի Անդրեասյանն էր:

5. Մրցակիցների միջև պաշտոնական նախորդ հանդիպումը կայացել է ապրիլի 25-ին Առաջին խմբի առաջնությունում և ավարտվել է «Լեռնային Արցախի» նվազագույն հաշվով հաղթանակով: Առաջին խմբի նախորդ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 4 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Լեռնային Արցախը», մեկում առավելության էր հասել «Շիրակը», մեկ խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի: «Լեռնային Արցախը» 28 հանդիպումներում վաստակած 73 միավորով դարձել էր Առաջին խմբի հաղթող: 2-րդ տեղը զբաղեցրած «Շիրակը» 4 միավորով էր հետ մնացել առաջատարից:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 7 գոլ:

«Լեռնային Արցախ»՝ Գրիգոր Ղահրամանյան, Արթուր Ս. Մինասյան - 2-ական գոլ:

«Փյունիկ» - «Ալաշկերտ»  

Հոկտեմբերի 1, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

37 խաղ, «Փյունիկը» հաղթել է 14 անգամ, «Ալաշկերտը»՝ 11, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 54-46

«Փյունիկ»՝ 5-րդ տեղ (12 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (18 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 9-րդ տուր-7

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Երկու ճակատով պայքարող «Փյունիկն» այս խաղում հնարավորություն է ստացել խաղադաշտ դուրս գալ հիմնական կազմով: Առաջատար եռյակին մոտենալու համար փյունիկցիներին հաղթանակ է անհրաժեշտ:

Նախորդ տուրն անհաջող դասավորվեց «Փյունիկի» համար, որը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Ուրարտուին»: Դա առաջնությունում «Փյունիկի» արդեն 3-րդ պարտությունն էր: Մինչև այդ փյունիկցիները նվազագույն հաշվով զիջել էին «Արարատին» և «Վանին»:

2. «Վանի» հետ մրցավեճում էլ «Ալաշկերտին» չհաջողվեց հաղթանակ տանել՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Մինչև այդ էլ, ալաշկերտցիները 1-1 հաշվով էին ավարտել «Ուրարտուի» հետ հանդիպումը: Միավորների այդ կորուստը հնարավորություն ընձեռեց մրցակիցներին զգալիորեն մոտենալ «Ալաշկերտին»:

ՀՊԼ-ի 9-րդ տուր-8

3. Նախորդ առաջնությունում «Փյունիկն» այն երկու թիմերից մեկն էր (մյուսն «Արարատ-Արմենիան» էր), որին «Ալաշկերտը» չկարողացավ հաղթել՝ կրելով խոշոր հաշվով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ գրանցվել է անցյալ տարվա մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել է Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Հետաքրքիր է, որ մինչև 2021-22թթ. առաջնության երկրորդ շրջանում «Փյունիկին» խոշոր հաշվով պարտվելը, առաջնության նախորդ 6 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Փյունիկը» տոնել էր 2019թ. ապրիլի 27-ին: Հանդիպման ելքը վճռել էր «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի ինքնագոլը: 

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը ՀՊԼ-ում 349-րդ խաղը կանցկացնի և, Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցելով Գևորգ Կասպարովին, կեզրափակի լավագույն հնգյակը: 

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբում բոլորից շատ խաղ է անցկացրել Հովհաննես Թահմազյանը՝ 461: Նրան հաջորդում են Տիգրան Դավթյանը (409), Սարգիս Հովսեփյանն (365) ու Արթուր Քոչարյանը (357):

5. Եթե 36-ամյա Դավիթ Յուրչենկոն մասնակցի հանդիպմանը և նրան հաջողվի առնվազն 57 րոպե անառիկ պահել սեփական դարպասը, ապա կգերազանցի Էդիկ Երիցյանի տարիքային ռեկորդը: «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահն այդ տարիքում 2007թ. 396 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Յուրչենկոն առայժմ 340 րոպե է «չոր» պահել դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե - 4-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ: 

«Վան» - «Նոա» 

Հոկտեմբերի 2, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ 

7 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-11

«Վան»՝ 4-րդ տեղ (12 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (2 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 9-րդ տուր-9

1. Առաջնության առաջատար «Ալաշկերտի» հետ նախորդ տուրի խաղում «Վանին» հաջողվեց դարպասն անառիկ պահել ու գոլազուրկ ոչ-ոքի գրանցել: Դա «Վանի» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մինչև այդ «Վանը» Գյումրիում 1-1 հաշվով էր ավարտել հանդիպումը «Շիրակի» հետ:

Վերջին 4 հանդիպումներում «Վանն» ընդամենը 2 միավոր է վաստակել: Վերջին հաղթանակը «Վանի» ֆուտբոլիստները տարել են օգոստոսի 21-ին «Փյունիկի» նկատմամբ (1-0):

2. Առաջնությունում «Նոայի» անհաջողությունները շարունակվում են: «Շիրակի» հետ նախորդ տուրի խաղում «Նոան» թեև առաջինն էր գոլ խփել, սակայն խաղադաշտից հեռացավ պարտված (1-3): Վերջին 5 խաղերում դա «Նոայի» 4-րդ պարտությունն էր: Միայն «Արարատի» հետ մրցավեճում էր «Նոային» հաջողվել մեկ միավոր վաստակել գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:

ՀՊԼ-ի 9-րդ տուր-10

3. Նախորդ առաջնությունում «Վանին» միայն 4-րդ շրջանի խաղում հաջողվեց հաղթել «Նոային»: Իսկ մինչև այդ «Նոան» 2 հաղթանակ էր տարել, մեկ խաղ ավարտվել էր ոչ-ոքի:  

4. «Շիրակի» հետ խաղում Լևոն Վարդանյանը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը ՀՊԼ-ում, այլև դարձավ «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գյումրեցիների դարպասը գրավելով 18 տարեկան 318 օրականում: Նա գերազանցեց Սիմոեշ դե Օլիվեյրայի ցուցանիշը, որը թիմի կազմում առաջին գոլը խփել էր 20 տարեկան 65 օրականում:

5. Առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ երկու թիմերն էլ մարզումներին զուգահեռ նաև ընկերական հանդիպումներ են անցկացրել: «Վանը» նախ 4-0 հաշվով հաղթել է Առաջին խմբում ելույթ ունեցող «Միկային», ապա նվազագույն հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիային»: «Նոան» էլ ԲԿՄԱ-ի հետ խաղում հաղթել է 3-2 հաշվով:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Նոա»՝ Վադիմ Պայռելի - 2 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ