Logo

Fastex ՀՊԼ-ի 10-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:51 / 09.10.2022Հայկական ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»

Հոկտեմբերի 9, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

14 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 5 անգամ, «Ուրարտուն»՝ 3, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-10

1-ին շրջան. 31.07.2022  «Ուրարտու» -  «Արարատ-Արմենիա»՝ 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Օլեգ Պոլյակով 59՛:

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (19 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (19 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» հաջողությամբ լուծեց Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը՝ 4-0 հաշվով հաղթելով «Արարատին»: Դա պաշտոնական մրցումներում Հայաստանի կրկնակի չեմպիոնի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր: Առաջնությունում էլ «Արարատ-Արմենիայի» գործերը լավ են ընթանում: Նախորդ 5 հանդիպումներում Վարդան Բիչախչյանի սաներն աչքի են ընկել բարձր արդյունավետությամբ ու հուսալի պաշտպանությամբ՝ խփելով 12 գոլ ու սեփական դարպասն անառիկ պահելով: 

Առաջնությունում միակ պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է հենց «Ուրարտուից» մեկնարկային տուրում:

2. «Ուրարտուն» տուրի կենտրոնական հանդիպմանը նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ գավաթային պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից: Բացի մրցաշարային իրավիճակից, հանդիպմանը մեծ ինտրիգ է ապահովում նաև այն փաստը, որ «Ուրարտուն» գլխավորում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, որի օրոք թիմը հաջող ելույթներ ունեցավ առաջնության առաջին շրջանում: Առաջնության վերջին 4 խաղերում «Ուրարտուն» անպարտելի է՝ վաստակելով 10 միավոր: Այդ հանդիպումներում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել:

3. Եթե «Արարատ-Արմենիային» հաջողվի գրավել «Ուրարտուի» դարպասը, ապա կնշի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ գոլը: Հաճելի հոբելյան կարող է նշել նաև Վարդան Բիչախչյանը, եթե «Արարատ-Արմենիան» հաղթի: Դա կլինի փորձառու մասնագետի գլխավորած թիմերի 150-րդ հաղթանակը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ուրարտուի» 23-ամյա կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Բարձրագույն խմբում 112-րդ խաղը կանցկացնի ու կգերազանցի «Գանձասար-Կապանի» նախկին լեգեոնական Լուբամբո Մուսոնդայի տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 111 հանդիպման էր մասնակցել:

5. Վսևոլոդ Երմակովն առաջնության վերջին 5 խաղերում դարպասն անառիկ է պահել՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 488 րոպե շարունակ: Վերջին անգամ Երմակովի դարպասը գրավել է ալաշկերտցի Աննան Մենսահն օգոստոսի 19-ին կայացած խաղում: 
Եթե 26-ամյա ռուս դարպասապահին հաջողվի »Ուրարտուի» հետ խաղում 89 րոպե դարպասն անառիկ պահել, ապա կգերազանցի «Բանանցի» նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի 30 տարվա վաղեմության տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում ելույթ ունեցած դարպասապահներից 1992թ. 26 տարեկանում առավել երկար՝ 576 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Հիշեցնենք, որ  դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով իր լավագույն արդյունքը (566 րոպե) Երմակովը գրանցել էր նախորդ առաջնությունում «Արարատի» դարպասը պաշտպանելիս:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 4 գոլ:

«Ուրարտու»՝ Օլեգ Պոլյակով - 2 գոլ:

«Արարատ» - «Փյունիկ»

Հոկտեմբերի 9, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ  

89 խաղ, «Արարատը» հաղթել է 23 անգամ, «Փյունիկը»՝ 46, գրանցվել է 20 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 85-148

1-ին շրջան. 30.07.2022 «Փյունիկ» -«Արարատ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Ռազմիկ Հակոբյան 71՛:

«Արարատ»՝ 7-րդ տեղ (8 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատն» անհաջող խաղաց գավաթի 1/8 եզրափակչում՝ 0-4 խոշոր հաշվով պարտվելով «Արարատ-Արմենիային», որի արգելքը հաղթահարել էր 2020-21թթ. մրցաշարում (2-0, 1-2): Գավաթային խաղում արարատցիների գործողությունները ղեկավարում էր Ռաֆայել Սաֆարյանը, քանի որ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական էր տվել: Վերջինիս նորամուտն «Արարատում» անհաջող էր անցել: Արարատցիներին չէր հաջողվել հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով զիջելով մակեդոնական «Շկենդիային» (0-2, 2-2):

2. Առաջնությունում էլ «Արարատի» գործերն Արամ Ոսկանյանի օրոք լավ չէին: Վերջին 4 հանդիպումներում արարատցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ կրելով 3 անընդմեջ պարտություն «Լեռնային Արցախից» (1-2), ԲԿՄԱ-ից (1-2) և «Ուրարտուից» (0-2):

3. «Փյունիկի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կներկայանան առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային խաղին: Հայաստանի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում Երևանում 2-0 հաշվով հաղթել էր Վիլնյուսի «Ժալգիրիսին»: «Արարատի» հետ հանդիպումը փյունիկցիների վերջին փորձամրցումը կլինի Լիտվայի չեմպիոնի հետ հոկտեմբերի 13-ին կայանալիք պատասխան խաղից առաջ: Ուստի բացառված չէ, որ «Արարատի» հետ խաղին Եղիշե Մելիքյանը հիմնական կազմի մի խումբ ֆուտբոլիստների չհայտավորի:

4. «Փյունիկն» առաջնությունում էլ աստիճանաբար կարգավորում է իր խաղը: Վերջին 5 հանդիպումներից 4-ում փյունիկցիները հաղթել են և միայն «Ուրարտուին» են պարտվել:

5. «Արարատն» առաջնության ամենացածր արդյունավետություն ունեցող թիմն է, որը 9 հանդիպումներում ընդամենը 4 գոլ է խփել: Գոլերից երկուսը գրանցվել է Ռազմիկ Հակոբյանի օգտին: 

«Փյունիկն» արդյունավետությամբ 4-րդն է՝ 8 հանդիպումներում խփելով 14 գոլ: Թիմում ամենաարդյունավետը Յուսուֆ Օտուբանջոն է, որի հաշվին 3 գոլ է գրանցված: Նիգերիացի հարձակվողը պաշտոնական վերջին 4 խաղերում դաշտից առանց գոլի չի հեռացել՝ խփելով մեկական գնդակ: 2-ական անգամ մրցակիցների դարպասները գրավել են Լուկա Յուրիչիչն ու վերջերս թիմ վերադարձած Խոսե Կառաբալյոն:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:

«Ալաշկերտ» - «Նոա» 

Հոկտեմբերի 10, ժամը՝ 15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

16 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 7 անգամ, «Նոան»՝ 6,  գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-13

1-ին շրջան. 30.07.2022  «Նոա» - «Ալաշկերտ»՝ 3-4 (1-3)

Գոլերը՝ 1-0՝ Ադամս Ֆրայդի 7՛, 1-1՝ Աննան Մենսահ 13՛, 1-2՝ Արտակ Եդիգարյան 17՛, 11մ, 1-3՝ Բլադիմիր Դիաս 38՛, 2-3՝ Պետրոս Աֆաջանյան 60՛, 3-3՝ Դրամանե Սալու 83՛, 3-4՝ Տիագո Գալվաո 90+3՛:

«Ալաշկերտ»՝ 3- րդ տեղ (18 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ    

1. «Ալաշկերտը» նախորդ տուրում առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ 1-5 հաշվով զիջելով «Փյունիկին»: Իսկ ահա գավաթի մրցաշարում ալաշկերտցիները հաջողության հասան՝ 1/8 եզրափակչում 4-1 հաշվով կամային հաղթանակ տանելով Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիայի» նկատմամբ:

2. «Նոայի» մեկնարկն էլ Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում հաջող էր: Դրամանե Սալուի իրացրած 11մ հարվածի շնորհիվ «Նոան» 1/8 եզրափակչում հաղթեց ԲԿՄԱ-ին ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Դա պաշտոնական մրցումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ «Նոայի» տարած առաջին հաղթանակն էր: 

Իսկ առաջնությունում «Նոային» դեռ չի հաջողվել վայելել հաղթանակի բերկրանքը: Նախորդ տուրում «Վանի» հետ խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի (2-2), ընդ որում «Նոան» պարտությունից խուսափել էր ավելացված ժամանակում Իսրայել Օպոկուի խփած գոլի շնորհիվ: Վերջինս դարձել էր Fastex ՀՊԼ-ում «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Վանի» դարպասը գրավելով 18 տարեկան 145 օրականում:

3. Առաջնության մեկնարկային տուրում մրցակիցների միջև կայացած խաղն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Ավելացված ժամանակում Տիագո Գալվաոյի խփած գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց 4-3 հաշվով: Իսկ նախորդ երկու խաղերում հաջողությունն ուղեկցել էր «Նոային» (1-0, 2-0):

4. «Ալաշկերտն» արդյունավետությամբ 2-րդն է առաջնությունում՝ 9 հանդիպումներում խփելով 17 գնդակ: Առայժմ միայն «Վանին» է հաջողվել «Ալաշկերտի» հետ խաղում անառիկ պահել սեփական դարպասը՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի: Գոլերից 7-ն իր օգտին է գրանցել թիմի կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը, որը «Վեստ Արմենիայի» հետ խաղում բացեց գոլերի հաշիվը նաև Fastex Հայաստանի գավաթի մրցաշարում: Դիասն առաջնության լավագույն ռմբարկուն է և 2 գնդակով գերազանցում է «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Մաքսիմ Մայրովիչին ու Դմիտրո Խլյոբասին, ինչպես նաև ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին:

«Նոան» 8 գոլ է խփել: Առավել արդյունավետ են գործել Լևոն Վարդանյանն ու Դրամանե Սալուն, որոնք 2-ական անգամ գրավել են մրցակիցների դարպասները:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած ընդամենը 5-րդ ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանից (461), Տիգրան Դավթյանից (409), Սարգիս Հովսեփյանից (365) ու Արթուր Քոչարյանից (357) հետո:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝  Արտակ Եդիգարյան - 5 գոլ:

«Նոա»՝ Կիրիլ Բոռ, Մաքսիմ Մայրովիչ  2-ական գոլ:

«Վան» -  «Լեռնային Արցախ» 

Հոկտեմբերի 11, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0 

1-ին շրջան. 29.07.2022  «Լեռնային Արցախ» - «Վան»՝  0-1 (0-0)- 

Գոլը՝ 0-1՝ Էդգար Մովսեսյան 90+1՛, 11մ:

86-րդ րոպեին Յեիսոն Ռասինեսը («Լեռնային Արցախ») չիրացրեց 11մ հարվածը, որը հետ մղեց Սամուր Ագամագոմեդովը:

«Վան»՝ 5-րդ տեղ (13 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Ընդամենը մի քանի օր առաջ մրցակիցները մրցավեճի էին բռնվել Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում: Վայքում հաջողությունն ուղեկցեց «Վանին», որը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ: Մուբարաք Մուհամմեդ Ահմեդը, Բոգդան Միցիկն ու Սանի Բուհարին բացեցին գոլերի հաշիվը «Վանում»: Ընդհանրապես, «Վանը» հաջող է մեկնարկում գավաթի մրցաշարերում: Բոլոր 4 խաղարկություններում էլ թիմը հաղթահարել է առաջին փուլի արգելքը:

2. «Լեռնային Արցախը» գավաթի մրցաշարերում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 7 խաղերում «Լեռնային Արցախը» չի հաղթել՝ կրելով 5 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է 2001թ. ապրիլի 12-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում (3-2):

3. Առաջնությունում «Վանը» բավական հաջող էր մեկնարկել՝ 4 հանդիպումներում վաստակելով 10 միավոր: Սակայն հաջորդ 5 խաղերում «Վանը» միավորների քանակն ավելացրեց ընդամենը 3-ով՝ չվայելելով հաղթանակի բերկրանքը: 

4. «Լեռնային Արցախը» նախորդ տուրում Գյումրիում 2-1 հաշվով առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ՝ տոնելով առաջնությունում 4-րդ հաղթանակը: Արցախցիները 4 պարտություն են կրել՝ մրցակիցներին զիջելով նվազագույն հաշվով:

5. Եթե Էդգար Մովսեսյանին հաջողվի գրավել «Լեռնային Արցախի» դարպասը, ապա 9 գնդակով կդառնա Fastex ՀՊԼ-ում «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն: Առայժմ նա 8 գոլով այդ տիտղոսը բաժանում է թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի հետ:

«Վանի» պաշտպան Վասպուրակ Մինասյանն էլ հանդիպմանը մասնակցելու դեպքում Fastex ՀՊԼ-ում 200-րդ խաղի հոբելյանը կնշի:

«Շիրակ» - ԲԿՄԱ 

Հոկտեմբերի 11, ժամը՝ 15:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ 

1 խաղ, որում հաղթել է «Շիրակը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0 

1-ին շրջան. 31.07.2022  ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Լյովա Մրյան 59՛:

«Շիրակ»՝ 8-րդ տեղ (8 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» շատ հաջող խաղաց գավաթի 1/8 եզրափակչում՝ Կապանում 5-1 հաշվով հաղթելով Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Սյունիքին»: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ երկարատև ընդմիջումից հետո թիմ վերադարձած Մուսա Փոլ Բակայոկոն, որն առաջնության նախորդ երկու խաղերում էլ դաշտից չէր հեռացել առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

2. Իսկ ահա ԲԿՄԱ-ն դուրս մնաց գավաթային պայքարից՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվելով «Նոային»: ԲԿՄԱ-ն 2-րդ տարին անընդմեջ չհաղթահարեց գավաթի մրցաշարի առաջին փուլի արգելքը: Նախորդ խաղարկությունում էլ բանակայինները 1/8 եզրափակչում 1-2 հաշվով պարտվել էին «Փյունիկին»:

3. «Շիրակն» առաջնությունում իր անդրանիկ հաղթանակը տոնել է հենց ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ մեկնարկային տուրում Լյովա Մրյանի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով մրցակցին: Դրանից հետո կայացած առաջնության հաջորդ 6 հանդիպումներում շիրակցիներն ընդամենը 2 միավոր վաստակեցին: Եվ միայն առաջնության 8-րդ տուրում գյումրեցիներին հաջողվեց 2-րդ անգամ հաղթել՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Նոայի» նկատմամբ:

Տևական ժամանակ «Շիրակն» անհաջող ելույթներ է ունենում Գյումրիում: Արդեն 18 խաղ է, ինչ «Շիրակն» առաջնությունում սեփական դաշտում հաղթանակ չի տարել՝ կրելով 10 պարտություն, 8 խաղ ավարտելով ոչ-ոքի: Գյումրիում «Շիրակի» օգտին վերջին հաղթանակը գրանցվել է 2020թ. հունիսի 20-ին «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ 1-0:

Ընթացիկ առաջնությունում շիրակցիները Գյումրիում անցկացրած 4 խաղում վաստակել են ընդամենը 2 միավոր ( «Ուրարտու»՝ 0-2, «Արարատ»՝ 0-0, «Վան»՝ 1-1, «Լեռնային Արցախ»՝ 1-2):

4. ԲԿՄԱ-ն առաջնությունում առայժմ միայն մեկ անգամ է վայելել հաղթանակի բերկրանքը՝ 8-րդ տուրում 2-1 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Իսկ նախորդ տուրում բանակայինները նվազագույն հաշվով զիջեցին «Արարատ-Արմենիային»:

5. Եթե «Շիրակը» գոլ բաց թողնի, ապա դա կլինի Fastex ՀՊԼ-ում թիմի դարպասը խփված 950-րդ գնդակը: Հայաստանի առաջնություններում շիրակցիներից ավելի շատ գոլ (972) բաց է թողել միայն «Արարատը»: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Լեռնային Արցախի» հետ մրցավեճում «Շիրակը» Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 800-րդ խաղն էր անցկացրել ու կրել էր 250-րդ պարտությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ