Երևանի «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի արգելքը։
Հայաստանի ընթացիկ առաջնությունում երրորդ տեղը զբաղեցնող «Ալաշկերտը» «Նաիրի» տնային մարզադաշտում մրցեց Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարի» հետ և պարտվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց՝ 0-0:
11-մետրանոց հարվածաշարում «Ալաշկերտի» կազմում միակ վրիպումը թույլ տվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը:
«Գանձասարը» դարձավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Նոյեմբերի 24-ին քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել էր նաև Գյումրիի «Շիրակը», որը 2-0 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին»:
Fastex Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 5-4)
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանից առաջ դադարեցրել էր գործունեությունը: