Logo

Fastex Հայաստանի գավաթ: Քառորդ եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:55 / 24.11.2022Հայաստանի գավաթ
null

Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում նոյեմբերի 24-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը: VNews-ը ներկայացնում է խաղերի անոնսը:

«Շիրակ» - «Վան»

Նոյեմբերի 24, ժամը՝ 18:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» Fastex Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել էր 1/8 եզրափակչից՝ Կապանում 5-1 խոշոր հաշվով հաղթելով Առաջին խմբի ներկայացուցիչ «Սյունիքին»: Այդ խաղում շիրակցիներից առավել արդյունավետ էր գործել Մուսա Փոլ Բակայոկոն՝ դառնալով դուբլի հեղինակ:

2. «Վանը» ևս պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ Վայքում 3-1 հաշվով հաղթելով «Լեռնային Արցախին»: 2019-20թթ. խաղարկությունից գավաթի մրցաշարերին մասնակցող «Վանին» մշտապես հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը: Առայժմ լավագույն արդյունքը «Վանը» ցույց է տվել գավաթի նախորդ խաղարկությունում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ, որտեղ հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ուրարտուին»:

3. «Շիրակը» Fastex Հայաստանի գավաթի բոլոր 32 խաղարկությունների միակ մասնակիցն է: Գավաթի վերջին 5 մրցաշարերում առաջին անգամ գյումրեցիներին հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Գավաթային նախորդ 8 հանդիպումներում շիրակցիներին չէր հաջողվել հաղթանակ տոնել՝ կրելով 7 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

4. «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»: 
Իսկ մինչ այդ 4 անգամ (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ) «Շիրակը» եզրափակչում պարտվել է:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016-17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը:

5. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 3-րդ անգամ են հանդիպելու: Առաջնության առաջին շրջանի խաղում Գյումրիում գրանցվել էր ոչ-ոքի (1-1), իսկ երկրորդ շրջանում Չարենցավանում «Վանը» 2-1 հաշվով կամայաին հաղթանակ էր տոնել՝ հաղթական գնդակը խփելով ավելացված ժամանակում:

«Գանձասար» - «Ալաշկերտ»

Նոյեմբերի 25, ժամը՝ 14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Անցյալ տարի հիմնադրված «Գանձասարը» Fastex Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում Առաջին խմբի առաջնության միակ ներկայացուցիչն է: «Գանձասարի» նորամուտը հաջող էր գավաթի մրցաշարում: 1/8 եզրափակչում գանձասարցիները հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ էին տոնել Առաջին խմբի առաջնության նորեկ «Միկայի» նկատմամբ: Ընդ որում, հաղթական գնդակը Դավիթ Փարեմուզյանը խփել էր ավելացված ժամանակում:

2. «Ալաշկերտը» հեշտությամբ հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը՝ Էջմիածնում 4-1 հաշվով առավելության հասնելով «Վեստ Արմենիայի» նկատմամբ: Գավաթի մրցաշարերում իրենց գոլերի հաշիվը բացեցին Կևին Ռեյեսը, Սերգեյ Իվանովն ու Բլադիմիր Դիասը:

3. Առաջին խմբի մրցաշարում «Գանձասարն» անցկացրած 16 հանդիպումներում վաստակած 30 միավորով (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 34-17) ընթանում է 5-րդ տեղում: Հետաքրքիր է, որ վերջին խաղում գանձասարցիները սեփական դաշտում 9-0 հաշվով ջախջախել էին «Ալաշկերտ-2-ին»: Այդ խաղում Ալեն Կարապետյանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել՝ ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցնելով 10-ի:

4. Գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» իր ամենամեծ հաջողությունը գրանցել է 2018-19թթ. խաղարկությունում՝ նվաճելով պատվավոր մրցանակը: Հաջորդաբար պայքարից դուրս թողնելով «Արցախին» (ներկայիս «Նոային», 2-1, 1-0) և «Արարատ-Արմենիային» (2-2, 0-0), «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին»: Գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից ներկայումս «Ալաշկերտում» ելույթները շարունակում են միայն Օգնյեն Չանչարևիչը, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը:

 «Ալաշկերտը» ևս երկու անգամ խաղացել է գավաթի եզրափակչում, սակայն մրցանակը զիջել է մրցակցին: 2017-18թթ. մրցաշարում Վարուժան Սուքիասյանի օրոք ալաշկերտցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3-4 հաշվով զիջել էին «Գանձասար-Կապանին»: Հիմնական ժամանակում դարպասները մնացել էին անառիկ, լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել:

2020-21թթ. գավաթի եզրափակչում էլ «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ 1-3 հաշվով պարտվել էր «Արարատին»:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արտակ Գրիգորյանը պաշտոնական մրցումներում «Ալաշկերտում» հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: Այդ ցուցանիշով Գրիգորյանը ևս թիմի ռեկորդակիրն է: 

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»

Նոյեմբերի 26, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող թիմերի գավաթային մրցավեճը կզարդարեր պատվավոր մրցանակի եզրափակիչը: Սակայն վիճակահանությամբ մրցակիցները մրցելու են քառորդ եզրափակչում և թիմերից մեկը ստիպված կլինի լքելու մրցաշարը: Հետաքրքիր է, որ գավաթային մրցավեճից 3 օր անց մրցակիցները հանդիպելու են առաջնության 19-րդ տուրում:

2. «Արարատ-Արմենիան» «Արարատի» նկատմամբ 4-0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակով մեկնարկեց գավաթի ընթացիկ մրցաշարում: Այդ խաղում Ուիլֆրեդ Կուասի Էզան դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

 «Արարատ-Արմենիան» 6-րդ անգամ է մասնակցում Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը: Առայժմ ամենամեծ հաջողությանը թիմը հասել է 2019-20թթ. մրցաշարում՝ մասնակցելով եզրափակիչ հանդիպմանը: 2020թ. հուլիսի 10-ին «Նոայի» հետ կայացած վճռորոշ հանդիպումն ամենագոլառատն էր գավաթի եզրափակիչներից: 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում բախտը ժպտաց «Նոային», որը հաղթելով 7-6 հաշվով, առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: 

3. Գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Ուրարտուն» պատվավոր մրցանակի համար պայքարը սկսում է քառորդ եզրափակչից: Գավաթի նախորդ 9 խաղարկություններից միայն մեկում՝ 2020-21թթ. մրցաշարում  «Ուրարտուին» չի հաջողվել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել՝ քառորդ եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով  «Նոային» (0-2, 2-2): Ընդհանուր առմամբ, «Ուրարտուին» 20 անգամ է հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակիչ փուլի արգելքը:

4. «Ուրարտուն» Հայաստանի առաջին գավաթակիրն է: 1992թ. «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց ՀՄԸՄ-ին: Այդ հաջողությունից հետո թիմը ևս երկու անգամ նվաճել է պատվավոր մրցանակը: 2007թ. «Բանանցը» չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ եզրափակչում  լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթել է «Արարատին»: 

Առայժմ վերջին հաջողությանն «Ուրարտուն» հասել է 2015-16թթ. մրցաշրջանում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

5. Եթե գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու, ապա Fastex ՀՊԼ-ում նրանց միջև 15 խաղ է կայացել, որոնցից 5-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 4-ում հաջողությունն ուղեկցել է «Ուրարտուին»: Ընդ որում ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ նվազագույն հաշվով հաղթել է Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը: «Ուրարտուն» միակ թիմն է, որի հետ մրցավեճում «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում ոչ միայն միավոր չի վաստակել, այլև գոլ չի խփել:

«Փյունիկ» - «Նոա»

Նոյեմբերի 26, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Հայաստանի գործող չեմպիոնը պատվավոր մրցանակի համար պայքարը սկսում է քառորդ եզրափակչից: Գավաթի նախորդ 5 խաղարկություններում փյունիկցիները չափազանց անհաջող են ելույթ ունեցել՝ անցկացրած 9 հանդիպումներում տոնելով ընդամենը մեկ հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 3 պարտություն: Միայն 2021-22թթ. խաղարկությունում «Փյունիկին» հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ 1/8 եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:

2. «Նոան» քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել ԲԿՄԱ-ի հետ արտագնա խաղում նվազագույն հաշվով գրանցված հաղթանակի շնորհիվ: Հանդիպման ելքը վճռել էր 11մ նշակետից Դրամանե Սալուի դիպուկ հարվածը:

3. «Փյունիկը» գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիրն է՝ 8 անգամ (1996, 2002, 2004, 2009-2010, 2012/13-2014/15թթ.) նվաճելով պատվավոր մրցանակը: Վերջին հաջողությանը փյունիկցիները հասել են 7 տարի առաջ՝ 2015թ. մայիսի 6-ին կայացած գավաթի եզրափակչում Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ 3-1 հաշվով պարտության մատնելով «Միկային»: Իսկ վերջին անգամ «Փյունիկը» եզրափակչում հանդես է եկել 2017թ. մայիսի 24-ին՝  0-3 հաշվով զիջելով «Շիրակին»:

4. «Նոան» 6-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ամենամեծ հաջողությանը «Նոան» հասել է գավաթի 2019-20թթ. խաղարկությունում՝ Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ նվաճելով պատվավոր մրցանակը: Եզրափակչի ճանապարհին «Նոան» պայքարից դուրս էր մղել «Արարատին» (1-0), «Վանին» (1-0) և «Ուրարտուին» (1-0, 2-1): 

Իսկ գերդրամատիկ ու գոլառատ եզրափակիչ մրցախաղում (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր գերարդյունավետ ոչ-ոքի՝ 5-5) «Նոան» հետխաղյա 11մ հարվածներով (7-6) հաղթել էր «Արարատ-Արմենիային»: Հետաքրքիր է, որ գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից ոչ մեկն այսօր թիմի կազմում չէ:

5. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 3-րդ անգամ են հանդիպելու: Առաջնությունում կայացած երկու խաղերում էլ հաղթել են փյունիկցիները (3-0, 1-0):
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա