Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում փետրվարի 27-ին կմեկնարկի 21-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
ԲԿՄԱ - «Նոա»
Փետրվարի 27, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
6 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Նոան», 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-11
1-ին շրջան. 12.08.2022 ԲԿՄԱ - «Նոա»՝ 2-2 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Ժիրայր Շաղոյան 8՛, 11մ, 1-1՝ Ռուբեն Եսայան 44՛, 2-1՝ Արգիշտի Պետրոսյան 90՛, 2-2՝ Դրամանե Սալու 90+6՛, 11մ:
2-րդ շրջան. 19.10.2022 «Նոա» - ԲԿՄԱ՝ 0-0
ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (13 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (12 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. ԲԿՄԱ-ն առաջնության աշնանային հատվածից հետո կազմի որոշակի կորուստներ է ունեցել: Թիմից հեռացել են Արսեն Գալստյանը, Սերոբ Գրիգորյանը, Երջանիկ Ղուբասարյանը, Ախմեդ Ջինդոյանը, Էրիկ Ազիզյանը, Էդուարդ Ավագյանը, Հենրի Ավագյանն ու Արթուր Սերոբյանը:
«Փյունիկից» ԲԿՄԱ է վերադարձել Գրենիկ Պետրոսյանը: Բանակայինների կազմը համալրել է նաև Համլետ Սարգսյանը:
2. «Նոայի» կազմը կրկին զգալի փոփոխությունների է ենթարկվել: Թիմին հրաժեշտ են տվել 9 ֆուտբոլիստներ՝ Անատոլի Այվազովը, Դրամանե Սալուն, Կարեն Նալբանդյանը, Պատվական Ավետիսյանը, Ալեքսանդր Նեստերովը, Պետրոս Աֆաջանյանը, Վարդան Շահատունին, Արմեն Նահապետյանն ու Արման Խաչատրյանը:

«Նոայի» կազմը համալրել են Արսեն Գալստյանը, Երջանիկ Ղուբասարյանը, Սերգեյ Մուրադյանը, ռումինացի դարպասապահ Ռաուլ Բալբարաուն, նիգերիացի հարձակվող Փիթեր Օլավալեն և ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լովեն:
3. Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար պայքարող երկու թիմերն էլ առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվել են Հայաստանում: Նրանց միջև կայացած ստուգողական խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:

ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիային» և «Վանին», որին առաջին խաղում զիջել էր նույնպիսի արդյունքով: «Արարատին» էլ բանակայինները պարտվել են 2-3 հաշվով:
«Նոան» 4-0 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-2-ին», ոչ-ոքի է խաղացել «Վանի» (1-1, 2-2) և «Արարատի» (3-3) հետ, պարտվել է «Վեստ Արմենիային» (3-5) և «Փյունիկին» (1-3):
4. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի: ԲԿՄԱ-ին դեռ չի հաջողվել Fastex ՀՊԼ-ում հաղթել «Նոային»: Իսկ «Նոան» առաջին հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ տարել է 2021թ. օգոստոսի 13-ին (2-1):
«Նոայից» դուբլի հեղինակ էր դարձել Գեղամ Հարությունյանը, ԲԿՄԱ-ից աչքի էր ընկել Գրենիկ Պետրոսյանը: Ընդ որում Հարությունյանի խփած 2-րդ գնդակը դարձել էր Բարձրագույն խմբում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 200-րդ գոլը:
5. Ընթացիկ առաջնությունում «Նոան» առաջին հաղթանակը տոնեց միայն 18-րդ խաղում՝ նոյեմբերի 29-ին 3-2 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»: Իսկ նախորդ հաղթանակը «Նոան» տարել էր 2021/22թթ. առաջնությունում՝ մայիսի 9-ին նվազագույն հաշվով պարտության մատնելով «Արարատ-Արմենիային»: Այդ երկու խաղերի միջև ընկած ժամանակահատվածում կայացած Fastex ՀՊԼ-ի 20 հանդիպումներից 8-ում գրանցվել էր ոչ-ոքի, 12-ում «Նոան» պարտվել էր:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Գեղամ Հարությունյան, Մաքսիմ Մայրովիչ - 2-ական գոլ:
«Արարատ» - «Արարատ - Արմենիա»
Փետրվարի 27, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
17 խաղ, «Արարատը» հաղթել է 2 անգամ, «Արարատ - Արմենիան»՝ 13, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-34
1-ին շրջան. 11.08.2022 «Արարատ» - «Արարատ - Արմենիա»՝ 0-2 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինու 12՛, 0-2՝ Տենտոն Յենե 40՛:
2-րդ շրջան. 21.10.2022 «Արարատ - Արմենիա» - «Արարատ»՝ 2-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 34՛, 1-1՝ Ռուդիկ Մկրտչյան 42՛, 2-1՝ Տենտոն Յենե 89՛:
«Արարատ»՝ 6-րդ տեղ (22 միավոր), «Արարատ - Արմենիա»՝ 2-րդ տեղ (43 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության գարնանային հատվածն «Արարատը» սկսում է տիտղոսային նոր հովանավորի՝ Fastex ընկերության հետ համագործակցությամբ: Թիմի կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: «Արարատից» հեռացած 12 ֆուտբոլիստներից առաջին հերթին պետք է նշել փորձառու խաղացողներ Էդգար Մալաքյանին, Ալիկ Առաքելյանին, Դավիթ Մանոյանին և Խուան Բրավոյին, ինչը մեծ կորուստ է «Արարատի» համար: Արարատցիների կազմում չեն նաև Դմիտրի Լեգբոն, Արտյոմ Պոտապովը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը, Տիմուր Պուխովը, Ռոբերտ Դարբինյանը, Իսահ Ալիյուն և Գևորգ Արաբյանը:

«Արարատի» կազմը համալրել են նախկինում թիմում խաղացած Պետրոս Աֆաջանյանը, Արման Հովհաննիսյանը, Էրիկ Ազիզյանը, Ալեքսանդր Տեր-Թովմասյանը, ժամանակին թիմի դարպասը պաշտպանած ռուս Սերգեյ Ռևյակինը, սերբ պաշտպան Դուշան Միյիչը, Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող կիսապաշտպան Կասիմ Հաջին, հարձակվողներ, նիգերիացի Իբեհ Ռանսոմ Զիդեչուկվուն, իվուարցի Մուհամեդ Լամին Կոնեն, բուլղարացի Գեորգի Բաբալիևը և կամերունցի Հաջի Իսա Մուստաֆան:
2. Ձմեռային նախապատրաստական շրջանում «Արարատ-Արմենիայի» կազմում չնչին փոփոխություններ են կատարվել: Թիմից հեռացել են ընդամենը 4 ֆուտբոլիստներ՝ Արման Հովհաննիսյանը, Ռոմերսիոն, Վբեյմար Անգուլոն և Ագդոն Մենեզեսը: Ընդ որում վերջին երկուսը վարձակալությամբ են խաղալու «Ալաշկերտում»:

Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմը համալրել են 5 ֆուտբոլիստներ՝ Էդգար Գրիգորյանը, պաշտպաններ, կոլումբացի Կառլոս Պերեսն ու խորվաթ Դրագան Լովրիչը, քենիացի կիսապաշտպան Ամոս Նոնդին և նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը:
3. «Արարատն» առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվել է սեփական մարզաբազայում՝ մարզումներին զուգընթաց ուժերը փորձարկելով ստուգողական հանդիպումներում: Արարատցիներն անցկացրած 5 հանդիպումներից միայն մեկում են հաղթել՝ 3-2 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ: «Արարատին» հաղթանակ էր պարգևել ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտած Մուհամեդ Լամին Կոնեի հեթ տրիկը: 3 խաղում գրանցվել էր գոլառատ ոչ-ոքի՝ «Նոա»՝ 3-3, «Վան»՝ 3-3, «Շիրակ»՝ 2-2, իսկ «Ալաշկերտին» «Արարատը» զիջել էր 1-2 հաշվով:
4. «Արարատ-Արմենիան» փետրվարի 2-19-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Դուբայում: Մինչև հավաքի մեկնելը, Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը ստուգողական երկու հանդիպում էր անցկացրել ԲԿՄԱ-ի (0-1) և «Շիրակի» (1-0) հետ: Հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիան» մրցել էր ռուսական «Ուրալի» (1-1, 0-2), «Զենիթի» (1-1) և «Ռոստովի» (0-3) հետ, միակ հաղթանակը նվազագույն հաշվով տարել էր տեղի «Էմիրայթսի» նկատմամբ:

5. «Արարատ-Արմենիան» Fastex ՀՊԼ-ում «Արարատի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն է: Նախորդ առաջնությունում «Արարատ-Արմենիան» միակն էր, որի հետ հանդիպումներում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել: Ավելին, միայն 3-րդ շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին:
Ընթացիկ առաջնությունում էլ մրցակիցների միջև կայացած երկու խաղերում հաղթել է «Արարատ-Արմենիան»: Այնպես որ առաջնության նախորդ 6 հանդիպումներն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Արդեն 7 խաղ է, որ արարատցիներն առաջնությունում չեն հաղթել Հայաստանի կրկնակի չեմպիոնին: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:
Նշենք նաև, որ անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում էլ «Արարատն» անհաջողության էր մատնվել՝ «Արարատ-Արմենիային» զիջելով 0-4 հաշվով: Այդ խաղում Ուիլֆրեդ Կուասի Էզան հեթ-տրիկ էր ձևակերպել, մեկ գոլ էլ խփել էր Ագդոն Մենեզեսը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:
«Արարատ - Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:
«Արարատ-Արմենիան» այս խաղում կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Սոլոմոն Իմե Ուդոն, 5-րդ դեղին քարտերը ստացած Ջոնաթան Դուարտեն և Ուգո Ֆիրմինուն:
«Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»
Փետրվարի 28, ժամը՝ 15:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-1
1-ին շրջան. 12.08.2022 «Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Ռոնալդ Կուելյար 90+6՛:
2-րդ շրջան. 20.10.2022 «Ալաշկերտ» - «Լեռնային Արցախ»՝ 2-1 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Տիագո Գալվաո 20՛, 2-0՝ Բլադիմիր Դիաս 31՛, 2-1՝ Մարվին Պերեա 89՛:
«Լեռնային Արցախ»՝ 7-րդ տեղ (21 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (34 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության մեկնարկում իրեն վատ չդրսևորած «Լեռնային Արցախն» աշնանային հատվածի վերջնագծում ձախողվեց՝ կրելով 3 անընդմեջ պարտություն («Վան»՝ 0-2, «Նոա»՝ 0-2, «Արարատ-Արմենիա»՝ 0-1): Առաջնության վերջին 7 հանդիպումներում թիմը հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Իսկ վերջին 5 խաղերում արցախցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:
Արդեն 524 րոպե «Լեռնային Արցախում» գոլային երաշտ է: Վերջին գոլն առաջնության նորեկը խփել է անցյալ տարվա նոյեմբերի 6-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում: Հանդիպման 16-րդ րոպեին աչքի է ընկել Վալդո Բիլունգան:

Թիմից հեռացել է 4 գնդակով «Լեռնային Արցախի» ռմբարկուների ցանկը գլխավորող Յեիսոն Ռասինեսը, որը տեղափոխվել է «Ալաշկերտ»:
2. «Ալաշկերտն» առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվել է նոր գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ, որն արմատական փոփոխություններ է կատարել թիմի կազմում:
«Ալաշկերտին» հրաժեշտ են տվել 20 ֆուտբոլիստներ՝ Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Ալեքսանդր Տեր-Թովմասյանը, Բուրբանո Կաստիլյոն, Անդրանիկ Ոսկանյանը, Տիագո Կոելյոն, Վանգու Գոմեն, Ֆոֆանա Բեկոն, Խամես Սանթոս Դաս Նևեսը, Դիդիե Բորիս Կադիոն, Բենիկ Հովհաննիսյանը, Կարապետ Մանուկյանը, Սարգիս Մեթոյանը, Բլադիմիր Դիասը, Դեու Դոսա Օլատունջին, Ռոնալդ Կուելյարը, Լուկաս Վենտուրան և Կևին Ռեյեսը:
Թիմի կազմը համալրել են 15 ֆուտբոլիստներ՝ Արթուր Միրանյանը, Արման Խաչատրյանը, Սևակ Ասլանյանը, Սերոբ Գրիգորյանը, Կարեն Նալբանդյանը, Արամ Քոչարյանը, ուկրաինացի դարպասապահ Ռոման Միսակը, խորվաթ ֆուտբոլիստներ, պաշտպան Մատեո Մուժեկն ու կիսապաշտպան Իվան Պեշիչը, ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը, վենեսուելացի պաշտպան Դանիել Կարիլյոն, ղազախ պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին, կոլումբացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, էկվադորցի հարձակվող Յեիսոն Ռասինեսը և բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը:

3. «Ալաշկերտը» հունվարի 18-ից փետրվարի 14-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ստուգողական հանդիպումներում ալաշկերտցիները մրցել են լեհական «Պոդբեսկիձիեի» (1-2), ռուսական «Ենիսեյի» (0-1), ուզբեկական «Նևթչիի» (1-0) և «Բուխարայի» (1-1), ուկրաինական «Զարյայի» (2-0) և ղազախական «Կիզիլ Ժարի» (2-0) հետ:
Երևան վերադառնալուց հետո «Ալաշկերտը» ստուգողական վերջին խաղում 2-1 հաշվով հաղթել է «Արարատին»:
4. «Ալաշկերտն» անհաջող անցկացրեց առաջնության վերջին 4 հանդիպումները՝ զիջելով մրցակիցներին: «Վանի» (0-1) և «Փյունիկի» (1-2) հետ խաղերում թիմի գլխավոր մարզիչը Կարեն Բարսեղյանն էր, «Նոայի» (2-3) և «Արարատի» (0-1) հետ հանդիպումներում գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Շահգելդյանը:

Վերջին 5 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել, իսկ վերջին հաղթանակը տարել են անցյալ տարվա նոյեմբերի 3-ին «Շիրակի» նկատմամբ՝ 2-0:
«Փյունիկ» - «Շիրակ»
Մարտի 1, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
93 խաղ, «Փյունիկը» հաղթել է 52 անգամ, «Շիրակը»՝ 28, գրանցվել է 13 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 149-98
1-ին շրջան. 13.08.2022 «Փյունիկ» -«Շիրակ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Արտակ Դաշյան 59՛:
2-րդ շրջան. 21.10.2022 «Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Դավիդ Դավիդյան 66՛:
«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (37 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածը սկսեց «Վանի» նկատմամբ 3 -0 հաշվով տարած հաղթանակով: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն Հովհաննես Հարությունյանը 11մ նշակետից շեղ հարվածեց: Ընթացիկ առաջնությունում դա փյունիկցիների խոշոր հաշվով 3-րդ հաղթանակն էր: Մինչև այդ Հայաստանի գործող չեմպիոնը 3 անպատասխան գնդակ էր խփել «Նոայի» դարպասը և 5-1 հաշվով պարտության էր մատնել «Ալաշկերտին»:

2. «Շիրակում» չնչին փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմից հեռացել են Պողոս Այվազյանն ու Արտեմ Գևորգյանը, որոշ ընդմիջումից հետո Գյումրի է վերադարձել Ռոբերտ Դարբինյանը:
«Շիրակը» փետրվարի 7-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացրել Թուրքիայի Բելեկ քաղաքում, որտեղ ուժերը փորձարկել էր ստուգողական 5 հանդիպումներում: Առաջին 4 խաղերում շիրակցիները պարտվել էին ղազախական «Մակտարալին» (0-1), Մոսկվայի «Դինամո-2-ին» (0-2), Կրասնոդարի «Կուբանին» (0-2) և Տոլյատիի «Ակրոնին» (1-2): Եվ միայն հավաքի վերջին խաղում էր շիրակցիներին հաջողվել 2-1 հաշվով հաղթել լատվիական «Ռիգային»:
Մինչև հավաքի մեկնելը գյումրեցիները ոչ-ոքի էին (2-2) խաղացել «Արարատի» հետ և նվազագույն հաշվով պարտվել էին «Արարատ-Արմենիային»:

3. Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած վերջին 4 հանդիպումներում էլ հաղթել է «Փյունիկը»: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. դեկտեմբերի 12-ին՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:
4. Եթե «Փյունիկին» հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա կխփի Fastex ՀՊԼ-ում շիրակցիների հետ հանդիպումներում հոբելյանական՝ 150-րդ գոլը: Գյումրեցիներն էլ կարող են «Փյունիկի» հետ խաղերում 100-րդ գոլի հոբելյանը նշել, եթե 2 անգամ գրավեն մրցակցի դարպասը:
5. «Վանի» հետ խաղում Յուսուֆ Օտուբանջոն խփեց Fastex ՀՊԼ-ում 32-րդ գոլը և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների պատմության 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Նիգերիացի հարձակվողն այդ ցանկում այլազգի 7-րդ ֆուտբոլիստն է Մարկոս Պիզելիից (75 գոլ), Ջոնել Դեսիրեից (41), Սերժ Դեբլեից (37), Ալեքս դա Սիլվայից (36), Արա Եվդոկիմովից (35) և Մաիլսոն Լիմայից (33) հետո: Ընթացիկ առաջնությունում Օտուբանջոյի հաշվին 5 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:
«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի շիրակցիներ Արտյոմ Միքայելյանն ու Ռաֆիկ Միսակյանը:
«Ուրարտու» - «Վան»
Մարտի 1, ժամը՝ 15:00, Արմավիր, Քաղաքային մարզադաշտ
9 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 6 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-6
1-ին շրջան. 13.08.2022 «Ուրարտու» - «Վան»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Իպեյ Վիլյամս 8՛:
2-րդ շրջան. 19.10.2022 «Վան» - «Ուրարտու» ՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Համլետ Ասոյան 69՛, ինքնագոլ:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (47 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (27 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ուրարտուի» կազմը ձմռան նախապատրաստական շրջանում որոշ փոփոխությունների է ենթարկվել: Թիմից հեռացել են Համլետ Սարգսյանը, Էդգար Գրիգորյանն ու Էվերսոն Պերեյրան, Էրիկ Վարդանյանն էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:
Առաջնության առաջատարի կազմը համալրել են 7 ֆուտբոլիստներ՝ Արաս Օզբիլիսը, Դրամանե Սալուն, ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն, բրազիլացի պաշտպան Ռաֆայել դա Սիլվա Կարիոկան, հարձակվողներ, ֆրանսիացի Յայա Սանոգոն, բրազիլացի Դեյվիդի Բույուն և ռուսաստանցի Թեմուր Ջիքիան:
2. Կազմը զգալիորեն փոփոխած «Վանն» անհաջող սկսեց առաջնության երկրորդ հատվածը՝ սեփական դաշտում 0-3 հաշվով պարտվելով «Փյունիկին»: Ընթացիկ առաջնությունում «Վանը» խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց: Մինչև այդ Չարենցավանի թիմը միևնույն 0-4 հաշվով երկու անգամ պարտվել էր «Արարատ-Արմենիային»:

3. «Ուրարտուն» հունվարի 29-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Դուբայում: «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաղթել են Արաբական Միացյալ Էմիրությունների «Յունայթեդ» (4-2) և «Գալֆ Յունայթեդ» (7-2) թիմերին, նվազագույն հաշվով պարտվել են Մոսկվայի «Լոկոմոտիվին» ու «Զենիթին»:
Մինչև հավաքի մեկնելն «Ուրարտուն» 3 անպատասխան գնդակ էր խփել «Լեռնային Արցախի» դարպասը, իսկ Երևան վերադառնալուց հետո կրկին հաղթել էր արցախցիներին (1-0) և պարտության էր մատնել «Գանձասարին» (2-0):

4. Առաջին շրջանում «Ուրարտուի» նկատմամբ տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 5 խաղերի և 3 անընդմեջ պարտությունների շարքը: Այդ հանդիպումներից 4-ում «Վանը» պարտվել էր, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Վանը» տոնել էր 2021թ. մարտի 6-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 3-1:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:


